‘Սարգսյանը Reuters-ով նորից աճուրդի հանեց ԼՂ հարցը ‘

1132

«Reuters» գործակալությունը հրապարակել է Սերժ Սարգսյանի հետ զրույցը, որտեղ վերջինս բավականին ուշագրավ մեսիջներ է հղել: «Ադրբեջանն «ահավոր մեծ քանակի» զինամթերք է կուտակում՝ նախապատրաստվելով պատերազմի վերսկսմանը: … Այժմ՝ հրադադարի համաձայնագրի կնքումից 18 տարի անց, Ադրբեջանը մեզ սպառնում է նոր պատերազմով», — ասել է  Սարգսյանը: Ապա հավելել է, թե «երբ ես ասում եմ՝ Ադրբեջանում հայատյացություն կա, երբ ասում եմ, որ Ադրբեջանը վտանգավոր քանակի զինամթերք է հավաքում և պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն ու հակամարտությունը լուծել այդ ճանապարհով, դա չի նշանակում, որ կարիք չկա բանակցությունները շարունակելու»: Այնուհետեւ  Սարգսյանը միջազգային հանրությանը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման լուծում գտնելու համար:

Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ պատահականություն է, որ նախագահական ընտրություններից «5 պակաս» Սերժ Սարգսյանը նման բովանդակությամբ հարցազրույց է տալիս: Ակնհայտորեն՝ Սարգսյանն այս հարցազրույցով մեսիջներ է հղում, ընդ որում, թե՛ ներսին եւ թե՛ դրսին:

Մեսիջ՝ ներսին

Սերժ Սարգսյանի համար, իհարկե, բարդ, բայց անհնար բան չէ դրսի հեղինակավոր լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույց կազմակերպելը: Նա ասելիք ունի, որին մի քիչ ավելի կշիռ եւ ազդեցիկություն տալու համար պետք է դիմել դրսի լրատվամիջոցի օգնությանը: Եթե Սարգսյանի խոսքերից հանենք ավելորդ զեղումները, ապա այդ մեսիջը կստանա մոտավորապես այս տեսքը՝ «ժողովուրդ, այս հեղինակավոր լրատվամիջոցով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ շուտով պատերազմ է լինելու: Եթե ես ասում եմ՝ պատերազմ է լինելու, այն էլ՝ այս լրատվամիջոցի միջոցով, ուրեմն դուք պետք է հավատաք իմ խոսքերին: Իսկ եթե պատերազմ եղավ, կարծում եմ՝ ինքներդ էլ հասկանում եք, որ նախագահական ընտրությունների, ընտրակեղծիքների դեմ բողոքների, ցույցերի, ինձ իշխանությունից հեռացնելու փորձերի մասին պետք է մոռանաք: Ինքներդ էլ հասկանում եք, որ եթե մեր հայրենիքին վտանգ է սպառնում, պետք է մոռանաք բոլոր քաղաքական պահերն ու համախմբվեք շուրջս»:

Այսինքն, այս լրատվամիջոցով պատերազմի մասին խոսելն ընդամենը ներքին խուճապ սերմանելու դրդապատճառով էր արվել, որպեսզի հետո Սարգսյանի PR մասնագետները սկսեն մամուլի տարբեր ակումբներում եւ պատասխանատու ԶԼՄ-ների եթերում ու էջերում ակտիվորեն շրջանառել այս գաղափարը:

Մեսիջ՝ դրսին

Դրսին ուղղված մեսիջն ավելի ակնհայտ է՝ նա միջազգային հանրությանը ուղղակի կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման լուծում գտնելու համար: Իսկ ավելի կոնկրետ՝ Սարգսյանն ուղղակի հերթական անգամ հիշեցնում է, որ ինքը պատրաստ է լուծել հակամարտությունը, բայց քանի որ դա միայն իրենից չէ կախված, ուստի միջազգային հանրության միջամտության կարիքը կա: Իսկ ինքն, իհարկե, պատրաստ է, ինքը միշտ պատրաստ է, հատկապես՝ հիմա, առավելեւս՝ նախագահական ընտրություններից առաջ:

Երբ եկել էր սեպտեմբերը

Հարկ է նկատել, որ նախագահական ընտրություններից առաջ ԼՂ հարցը շահարկելու պրակտիկան Սերժ Սարգսյանը նոր չէ, որ որդեգրել է: 2008-ից առաջ էլ նա նույն բանն էր անում: Այս ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ԼՂ հարցի շահարկման բացումն արել էր սեպտեմբերի 21-ին ունեցած իր ելույթով, որի առյուծի բաժինը, չգիտես ինչու, հենց ԼՂ հիմնախնդրին էր նվիրված: «Մեր արտաքին քաղաքական թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Որքան էլ դժվար լինի, ԼՂ խնդրի լուծմանն ուղղված բանակցությունների շարունակության համար մենք պետք է ճանապարհներ փնտրենք: Եթե Մինսկի խմբի համանախագահների ջանքերը մինչև հիմա չեն պսակվել մեծ հաջողություններով, դրա պատասխանատուն համանախագահները չեն, և, առավել ևս, ոչ էլ միջազգային այդ ձևաչափը, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել մեր հարևանները: Մեղավորը նրանք են, ովքեր պարբերաբար ռմբահարում են խաղաղ բանակցությունների ընթացքն ու տրամաբանությունը: …Ընդունում եմ, որ շատ դժվար է այս պայմաններում մեր հասարակությանը տրամադրել հաշտեցման և նույնիսկ պատրաստել խաղաղության, բայց նաև գիտեմ, որ դա ճիշտ ճանապարհն է: Պատրաստվել խաղաղության՝ ամենևին չի նշանակում պատրաստ չլինել պատերազմի և ինքնապաշտպանության: Ասվածը նշանակում է չպղտորել մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ, չզոմբիացնել երիտասարդներին, ովքեր կյանք ունեն ապրելու և երկիր ունեն շենացնելու: …Անցած տարիները, եթե փորձենք բնորոշել մեկ բառով, հավատարմության տարիներ էին: Հավատարմություն մեր ժողովրդի ընտրությանը, ազատությանն ու ժողովրդավարությանը, հավատարմություն մեր դաշնակիցներին և գործընկերներին, հավատարմություն մեր արժեհամակարգին ու նպատակներին, մեր գաղափարներին ու սկզբունքներին…»,- ասել էր  Սարգսյանը: Այսինքն, այստեղ էլ Սարգսյանը նախ խոսում էր այն մասին, որ ինքը պատրաստ է կարգավորել ԼՂ հակամարտությունը, ապա դրսի առաջ արդարանում էր, որ «եթե այս 5 տարիների ընթացքում չեմ կարգավորել, ապա ոչ թե այն պատճառով, որ խոսքիս տերը չեմ եղել, այլ որովհետեւ ադրբեջանցիները «գցել» են»: Սարգսյանն ակնարկում էր, որ ինքը շարունակելու է նույն պատրաստակամությամբ մոտենալ այդ խնդրին, եւ որ «իր փայ» խոստումը ինքը ցանկացած պահի պատրաստ է կատարել: Այդ պատճառով էլ Սարգսյանը հիշատակում էր դրսի «գործընկերներին» հավատարիմ լինելու հանգամանքը:

Երկրորդ մոտեցում

Նախագահական ընտրությունները կեղծելու, նորից Բաղրամյան 26-ում հայտնվելու, իսկ դրա դիմաց դրսի աջակցությունը ստանալու համար Սերժ Սարգսյանն աճուրդի է հանել ԼՂ հիմնախնդիրը: Բայց խնդիրն այն է, որ դրսի «գործընկերները» այն արդեն մեկ անգամ, իսկ ավելի կոնկրետ՝ 2008-ից առաջ Սերժ Սարգսյանից արդեն «գնել» էին, ասել է թե՝ աչք էին փակել Սարգսյանի նախագահության վրա: Պայմանն էլ ակնհայտ էր, իրենք Սարգսյանի նախագահ դառնալու հանգամանքի վրա պիտի աչք փակեին, իսկ վերջինս էլ պիտի կարգավորեր հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հիմնախնդիրը: Սարգսյանն, իհարկե, համաձայնել էր: Բայց պայմանավորվածությունը խախտվել էր՝ «դրսի գործընկերներն» իրենց պայմանավորվածությունը կատարել էին, իսկ ահա իրենց պայմաններն ի կատար չէին ածվել: Հենց այդ պատճառով էլ այժմ Սարգսյանը երկրորդ անգամ ԼՂ հիմնախնդիրը աճուրդի հանելուց առաջ «դրսի գործընկերներին» հրապարակային բացատրում  է, թե ինչու այն, ինչ ինքը վաճառել էր 2008-ին՝ այս տարիների ընթացքում չի «աշխատել»: Հասկացնում է, թե բա գիտեք, ես իմ կողմից ամեն ինչ արել եմ ըստ պայմանավորվածության, բայց մյուս կողմը խախտել է պայմանն, ու այդ իսկ պատճառով հնարավոր չի եղել հասնել համաձայնության: Բայց դե, տղաներ, ակնարկում է Սերժ Սարգսյանը, «ինձանից լավ «հա» ասո՞ղ եք գտնելու, ես կամ ու կամ, մի անգամ էլ ինձ շանս տվեք, տեսեք՝ ինչպես եմ ձեր ասած տարբերակներով կարգավորելու ԼՂ հակամարտությունը»:

Սարգսյանի այս ակնարկներում, իհարկե, որոշակի տրամաբանություն կա, ինքն էլ գիտի, որ դրսում շատ լավ հասկանում են, որ ի տարբերություն իրեն՝ ընդդիմության հետ նման հարցերում նախապես պայմանավորվածության գալն անհնար է: Ի տարբերություն Սարգսյանի՝ ընդդիմությունը չի համաձայնել ու չի համաձայնի իշխանության գալու դիմաց անել այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել Հայաստանի պետականությանը: Սերժ Սարգսյանը դա գիտի, եւ գիտի, որ դուրսն էլ այդ մասին գիտի: Ու հույս է փայփայում, թե հենց այդ պատճառով էլ նորից պետք է աջակցություն ստանա: Բայց Սերժ Սարգսյանը մի բան հաշվի չի առնում՝ եթե մի կերակուրը մի անգամ մարսում ես, դա դեռ չի նշանակում, թե երկրորդ անգամ էլ կկարողանաս մարսել:

 

Պարգեւ Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Տեղի կունենա ոստիկանությունում բռնությունների ենթարկված Նարեկ Ափինյանի գործով դատական նիստ’
Հաջորդ հոդվածը‘Երեք օր՝ մեկ միլիոն վոլտ էլեկտրական հոսանքի տակ ‘