‘Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ ‘

710

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ:

Այսօր Երևանում այդ մասին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հանդես գալով ԵԱՀԿ Գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեդիամաքսի» փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ նախորդ նախատեսված հանդիպումը երկու նախագահների միջև տեղի չունեցավ ադրբեջանական կողմի պատճառով:

«Հիմա, կարծես թե, առկա է սկզբունքային պայմանավորվածություն և հասկացողություն, որ այդպիսի հանդիպումն անհրաժեշտ է, և պետք է աշխատել, որպեսզի այն կայանա մինչև տարեվերջ», — նշել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ հուլիսի 13-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բանակցային գործընթացն առաջ մղելու հնարավորությունները և մոտակա ամիսների հանդիպումների ժամանակացույցը:

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ վերջին հանդիպման արդյունքների համաձայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելին (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է «Արմինֆո» գործակալությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.«Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ քննարկումները՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով կողմերի միջև լարվածությունը թուլացնելու ուղղությամբ ջանքերը շարունակելու և մինչև տարեվերջ երկու երկրների նախագահների միջև հանդիպում կազմակերպելու հարցի վրա: Հուլիսի 12-ին Վիեննայում կայացած համատեղ հանդիպման ժամանակ երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են վերոհիշյալ նպատակներն իրականացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իրենց հանձնառությունը և քննարկել առաջիկա ամիսներին նախատեսված բանակցությունների հետագա ընթացքը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն, համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը հունիսին և հուլիսին կազմակերպել են մի շարք հանդիպումներ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը խթանելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Վթարի պատճառ դարձած հայ վարորդն զոհված որդու գերեզմանաքարի համար գումար էր վաստակում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը ՀՆԱ–ի չափով զբաղեցրել է 132–րդ տեղը աշխարհի 190 երկրների շրջանում. ՀԲ վարկանիշ’