‘Սարդարապատի ճակատամարտի հերոսը 150 տարեկան է’

780

ՀՀ պաշտպանության նախարարության «Սարդարապատ» հուշահամալիրում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել հերթական միջոցառումը Սարդարապատի ճակատամարտի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ, որը կազմակերպվել էր ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված հոբելյանական հանձնաժողովի կողմից:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախաձեռնությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղին մասնակցել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ու մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտների և Երևանի ու Արցախի պետական համալսարանների ուսանողների թիմերը:

Ժամանակաշրջանի լավ իմացության շնորհիվ հաղթեցին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները, ովքեր, ինչպես նաև թիմերի ավագներ` կուրսանտներ Նորայր Գևորգյանը, Արմեն Ռուշանյանը, ուսանողներ Զինա Կասյանն ու Գոհար Բաղդասարյանը պարգևատրվեցին պատվոգրերով և ՀՀ պաշտպանության նախարարության հրատարակած «Սարդարապատի հերոսը. գեներալ Մովսես Սիլիկյան» ու «Գարեգին Նժդեհ» գրքույկներով և «Սարդարապատ» հուշահամալիրին նվիրված տպագիր ու էլեկտրոնային ուղեցույցներով:

Իրենց ելույթներում և՛ անդամները, և՛ ժյուրիի նախագահ Ֆելիքս Պողոսյանը, գոհունակությամբ նշեցին Երևանի պետական համալսարանի ու Արցախի պետական համալսարանի ուսանողների քաջատեղյակությունն առավելապես ռազմական թեմատիկային վերաբերող հարցերին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին հուշահամալիրի տնօրեն Կարեն Արիստակեսյանին` խաղի կազմակերպմանը ցուցաբերած մեծ աջակցության համար:

Նախորդ հոդվածը‘Առևանգել են հայտնի ֆուտբոլիստի քրոջը ‘
Հաջորդ հոդվածը‘2012 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումն աճել է 6 տոկոսով ‘