‘Սարկոզիի գործը քննող դատավորը սպառնալից նամակ է ստացել’

852

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ ապօրինի գումարներ ստանալու վերաբերյալ գործը քննող դատավորը մարտի 27-ին սպառնալից նամակ է ստացել, հաղորդում է Le Parisien-ը: Դատավորի ստացած նամակը հասցեագրված է եղել «Ժանթիլ և մագիստրատի անդամներ» արհմիությանը, թեև դատավորն այդ արհմիության անդամ չէ: Բացի մագիստրատներին սպանելու սպառնալիքներից՝ ծրարում նաև դատարկ պարկուճներ են եղել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է ներկայացվել մարտի 21-ին: Հետաքննության վարկածով՝ նախկին նախագահը L’Oreal օծանելիքի ընկերության տիրուհուց՝ աշխարհի ամենահարուստ տիկնոջից՝ Լիլիան Բետանկուրից, ապօրինաբար  150 հազար եվրո է ստացել 2007 թ. նախագահական քարոզարշավի համար: Մինչդեռ ֆրանսիական օրենքը թույլ չի տալիս նախագահի թեկնածուներին մասնավոր անձանցից  4,6 հազար եվրոյից ավելի նվիրատվություն ստանալ: Սարկոզին ինքն այդ մեղադրանքն անարդար է համարում և պնդում է, որ Բետանկուրի հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպել:

Ավելի վաղ՝ 2012 թ. հուլիսին, գործի քննության շրջանակներում խուզարկությունների էին ենթարկվել Սարկոզիի տունն ու գրասենյակը: Սակայն այն ժամանակ նախկին նախագահին մեղադրանք չէր առաջադրվել, և նա ընդամենը վկայի կարգավիճակ ուներ, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մահացած զինծառայողի ընտանիքը նպաստ կստանա’
Հաջորդ հոդվածը‘Եվրամիությունն ավելի ճիշտ կվարվեր, եթե Հայաստանին դեզադորներ ուղարկեր. Մամուլ’