‘Սարհատ Պետրոսյան. Նարեկ Սարգսյանը նպատակ ունի քանդել պատկերասրահը, որպեսզի Հյուսիսային պողոտան միանա հրապարակին’

1245

Երևանի քաղաքապետարանի հայտարարած Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի առթիվ Lragir.am-ը զրուցել է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ

Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթ է հայտարարված: Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է, որ չի բացառվում՝ Հանրապետության հրապարակի տեսքը փոխվի, պետք է այնպես անել, որ այն ծառայի մարդկանց: Հարց՝ մինչև հիմա ո՞ւմ էր ծառայում հրապարակը, և արդյոք հրապարակը վերակառուցման խնդիր ունի:

Ցանկացած միջավայր ժամանակի ընթացքում բարոյապես մաշվելու խնդիր ունի: Հանրապետության հրապարակը նույնպես խնդիրներ ունի, և այդ խնդիրները բոլորն են տեսնում: Դրանց պետք է ինչ-որ ձևով անդրադառանալ, բայց երբ տեսնում ես՝ ովքեր են անդրադառնում այդ խնդրին, սկսում ես տարակուսել: Երբ Նարեկ Սարգսյանը խոսում է հրապարակը մարդկանց վերադարձնելու մասին, ես մտածում եմ՝ տեսնես ի՞նչ է սրա հետևում կանգնած: Կարելի է մի փոքր հետ գնալ և նայել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող մարդու ելույթները, որից պարզ կդառնա, որ այդ մարդը նպատակ ունի քանդել պատկերասրահը, որպեսզի Հյուսիսային պողոտան միանա հրապարակին, այդ մարդը նպատակ ունի կառավարության շենքի վրա գմբեթ ավելացնել, ինչպես նաև նպատակ ունի արհմիությունների շենքի վրա հարկ ավելացնել, ԱԳՆ-ի շենքում հյուրանոց կառուցել: Խոսք է գնում հրապարակի տակ ստորգետնյա ավտոկանգառներ սարքելու մասին, ինչը հակամշակութային է, քանի որ հրապարակի տակ 18-րդ դարի թաղամաս է պահպանվում, և պետք է թույլ չտալ այս ամենը կրկնվի: Ստորգետնյա ավտոկանգառներն ինչ-որ տեղ հնարավոր է միայն շատրվանների տակի հատվածում կառուցել:

Էլ չեմ ասում, որ այս ամբողջ աղմուկը բարձրացրել են հանրային ուշադրությունից մի քանի շատ կարևոր խնդիրներ ստվերում թողնելու համար: Մենք այսօր ունենք Ծածկած շուկայի խնդիր, որի դեմ մի ամբողջ պետական համակարգ ցույց տվեց, որ չի կարողանում պայքարել, և լկտիաբար շարունակվում է կառուցապատումը: Տեսեք ո՞ւր է հասել խնդիրը. Առաջին անգամ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածում, որ չի հաստատի այն, սակայն որևէ նշանակություն չունի: Այստեղ կա մեկ ուրիշ կարևոր խնդիր. Շահումյանի հրապարակում արդեն սկսել են երկու շատ կարևոր շենքերի շինարարություն, որոնց մասին ոչ ոք չի խոսում, որոնցից մեկի հեղինակը քաղաքի գլխավոր ճարտարապետն է: Շենքը նախագծված է իր կողմից պետական պատվերով, 2012-ին, պետությունը փաստորեն պետական պաշտոնյային պատվիրում է շենքի նախագծում: Ես չեմ հասկանում, եթե պետությունը կարող է պատվիրել Նարեկ Սարգսյանին շենք նախագծել, ապա ինչո՞ւ հարկայինը չի կարող գնել հարկայինի պետի ժամացույցները:

Քաղաքապետարանի կայքում տեղադրված հայտարարությունը մի քանի հոգո՞ւ, թե շատերի համար է: Եվ Դուք՝ որպես քաղաքաշինարար և ճարտարապետ, արդյոք մասնակցության հայտ կներկայացնեք:

Սկսենք նրանից, որ արդեն իսկ հայտարարության վերնագրի մեջ երկու սխալ կա: Վերնագրի մեջ ասվում է բաց մրցույթ, բայց նույն տեքստի ներքևում ասվում է լինելու են պատվիրված մասնակիցներ: Սակայն բաց մրցույթի դեպքում դու չես կարող ունենալ հրավիրված մարդիկ, բաց՝ նշանակում է բոլորը ունեն մասնակցելու հավասար պայմաններ: Երկրորդ՝ ասում է հանրապետական ճարտարապետական մրցույթ է, այսինքն՝ ոչ Հայաստանի քաղաքացին չի՞ կարող մասնակցել: Մրցույթները լինում են երկու տեսակ՝ ուղղակի և միջագզային: Միջազգային մրցույթի դեպքում նա չէր կարող լինել հանձնաժողովի անդամ, որովհետև աշխարհը հասկացել է, որ պետական պաշտոնյան չի կարող լինել այս ամենի գեներատորը, ու կա շահերի բախում: Ամենակարևորը՝ հրապարակի վերակառուցման մրցույթ հայտարարելն անթույլատրելի է, վերակառուցել համալիրը՝ նշանակում է ինչ-որ խնդիրներ լուծում: Ավելին, արդիականացումը (կամ ադապտացիան) դրանք տարբեր բաներ են, ԱԳՆ շենքը ադապտացիայի է ենթարկվում: Այսպիսով, այս մրցույթի նպատակը բոլոր անօրինականությունների ու հակամշակութային որոշումների օրինականացումն է:  Բացի այդ, չկա մրցույթի ամբողջական փաթեթը, ինչը պայմանների խախտում է:

Այսինքն՝ հրապարակի գմբեթի հարցը նորից կակտուալանա՞:

Միանշանակ, և այս անգամ ոչ թե ինքն է խոսելու դրա անհրաժեշտության մասին, այլ գրպանային կամ պարզապես միամիտ մյուս ճարտարապետներն են ասելու: Այս մրցույթի տրամաբանական միակ խնդիրը տրանսպորտի խնդիրն է: Սակայն այդ դեպքում էլ առաջանում է մեկ այլ հարց։ Երևանի քաղաքապետարանը 2011-ին հաստատել է Երևաննախագիծ ինստիտուտի կողմից կազմված գլխավոր հատակագիծը, որի գլխավոր պատասխանատուն քաղաքի գլխավոր ճարտարապետն է: Եթե դու մեկ տարի առաջ մշակել ես գլխավոր հատակագիծ, որը չի լուծել հրապարակի տրանսպորտի խնդիրները, նշանակում է՝ գլխավոր ճարտարապետը պետք է պատասխանատվության ենթարկվի, որովհետև դու հանդես ես եկել որպես պատվիրատու, վճարել շուրջ հարյուր միլիոնից ավելի մի նախագծի համար, որը քո հրապարակի խնդիրը չի լուծել: Նարեկ Սարգսյանն ասում է, որ հրապարակի սիլուետների խնդիր կա, որում ինքը մեղավոր է, որ Հյուսիսային պողոտայի շենքերը ազդում են հրապարակի սիլուետի վրա: Գնահատում եմ իր անկեղծությունը, բայց հարց եմ տալիս՝ արդյոք ինքն այսքանից հետո իրավունք ունի աշխատել այդ պաշտոնում: Ավելին՝ հինգ շենքերը, որոնք այսօր ազդում են հրապարակի սիլուետի վրա, որոնցից երկուսի հեղինակը ինքն է՝ մեկը Հյուսիսային պողոտայում է, մյուսը Հայ բարեգործական ընդհանուր միության շենքն է:

Հասարակական ճնշումը հնարավո՞ր է այս դեպքում ավելի մեծանա, և ինչ կտա այդ ճնշումը, երբ մենք տեսնում ենք, որ Փակ շուկայի ակցիային մի քանի հոգի են մասնակցում:

Մաշտոցի պուրակի կամ Կինո Մոսկվայի ամառային դալիճի դեպքում կիրառված մեխանիզմներն այս դեպքում արդեն կիրառելի չեն: Դժվարանում եմ ասել՝ ինչ է պետք անել և ինչ մեխանիզմներով: Բացի այդ, ճարտարապետական հանրույթն այնքան հետևողական չէ, որքան բնապահպաններն են:

Փակ շուկայի խնդրի շուրջ ավելի լավատես էիք, խնդիրը ինչպե՞ս պետք է հիմա լուծվի: Մեկ օլիգարխի դեմ ինչպե՞ս պայքարել:

Մշակույթի նախարարությունն ասում է, որ ինքն անզոր է, չի կարողանում պայքարել, եթե պետությունը անզոր է, չի կարողանում դա անել, արդյոք մենք պետք է դիմե՞նք Ստամբուլի օրինակին: Ստամբուլի իրադարձությունները շատ կարևոր մեսիջ են, որ հուշում են՝ միշտ չէ, որ դեպքերը լինելու են սոցիալական խնդիրների շուրջ, կարող է մի մրցույթի, կանաչ տարածքում մի բուտիկ սարքելու համար նման ժողովրդական ցասում բարձրանա: Թաքսիմը չափելի է Հանրապետության հրապարակի հետ: Այսօր   մարդը ուզում է Լենինի արձանի կանաչ տարածքի տեղը դնի ինչ-որ մի բան: Այսօր մեր ճարտարապետական հանրույթը, որպես ամբողջություն, ու դրա էլիտան, պետական համակարգն ի վիճակի չեն նույնիսկ Թումանյան փողոցի վրա խանութ սարքելու թույլտվություն տալու, քանի որ չկան դրա մեխանիզմները, ուր մնաց Հանրապետության հրապարակի համար: Հանձնաժողովի մեջ եղած մարդիկ, հատկապես մի քանիսը, շատ սկզբունքային են և ինձ թվում է՝ կհաջողվի մրցույթը հետաձգել և ընդհանրապես մեջտեղից հանել: Ամենահետաքրքիրն այն է, որ մեկ տարի առաջ նախընտրական շրջանում հետաքրքիր ակցիա էին անում՝ մենք Երևանի կենտրոնի մասին նոր հայեցակարգ ենք մշակում: Երեսուն էջանոց հայեցակարգ են գրել օրենք գրելու մասին, բայց դեռ օրենքը չընդունած այսպիսի բան է արվում, ինչը հնարավոր է հակասի օրենքին, և սա հաշվի չի առնվել:

Նախորդ հոդվածը‘Փաստաբանների պալատի նախագահին առաջարկվել է պաշտպանել Սուրիկ Խաչատրյանի որդու շահերը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Կարապետյան. ՀՀ իշխանությունները կարող են Նիգերիայի ճնշմանն էլ տեղի տալ ‘