‘Սա վերլուծական հոդված չէ’

1624

«Տղեքը» մեր իրականության ամենախոցելի խումբն են, միաժամանակ՝ նախաձեռնող են, պրպտող, հարգանք են վայելում, կազմակերպչական ջիղ ունեն, սկզբունքներ, բարոյականության ընկալումներ, պատասխանատվություն իրենց նեղ շրջապատի՝ հարազատության, բարեկամության, հարևանության հանդեպ: Կարևոր է հասկանալ, որ թաղի խուժանը և տղեքը տարբեր քաշային կատեգորիայի խմբեր են: Համակարգի հիմնական թիրախն ու գործիքը նրանք են, համակարգը հենվում և մանիպուլացնում է նրանց, և կառավարման հիմնական մեխանիզմն ընկած է ոչ թե/միայն ֆինանսական, այլև/հիմնականում բարոյական հարթության մեջ: Մեր իրողություններում` եթե տղան աշխույժ է և կարող ուժ է, անմիջապես առնչվում է նախ իր նեղ թաղի, հետո՝ մեծ թաղի թաղային «էլիտային», ստանում է որոշակի «քարտ բլանշ»՝ գործունեություն ծավալելու, և ինդուլգենցիա՝ տարբեր տեղային մարմինների հետ շփումներում, նա կարող է թաղի մասշտաբով բացել տաքսի ծառայություն, ավտոլվացման կայան, թաղի խանութ, ժամանակին մոդա էր Ինտերնետ ակումբը, բայց ավելին անելու հնարավորություն չկա: Սա լավ են հասկանում նաև տղեքը ու «նեղվում» են, իրենք չեն կարող «գծից» դուրս գալ, քանի որ մտածում են, թե կկորցնեն ոչ միայն իրենց օրահաց բիզնեսը, այլև, ինչն ավելի կարևոր է, կկորցնեն տարիներով ձեռք բերված ամենամեծ կապիտալը՝ անունը: Օգտագործելով մարդկային դրական որակները՝ շնորհակալության զգացում, ընկերական հարաբերություններ, համակարգն իր թաղային «էլիտայի» միջոցով կառավարում է տղեքին, իսկ տղեքը՝ հանրությանը. այս երևույթը բացահայտորեն երևում է ընտրությունների ընթացքում, բայց դրանով ամենևին չի սահմանափակվում, հասարակության կենսագործունեության բոլոր հարթություններում կիրառվում է:
Էս մարդիկ սրբեր չեն, ինչպես և իրենց սրբի տեղ դրածները, էս մարդիկ տեղավորվել են կոնկրետ իրավիճակում և մինչև վերջ չեն հարմարվել, նրանք հետևում են առաջարկվող խաղի կանոններին՝ երկու նկատառումներից ելնելով. ա) ով էլ գա՝ նույնն է, բ)չկա այն ուժը, ով կարող է մրցակցել իշխանության հետ և պաշտպանել իրենց:
Այն քաղաքական ուժը, ով թիրախավորված կաշխատի տղեքի հետ, նրանց հետ շփման Լեզու կստեղծի և էդ Լեզվի շրջանակներում կկարողանա ցույց տալ իր նույնը չլինելն ու իր պաշտպանելու ունակությունը, իրապես կկարողանա ձեռնոց նետել ներկա համակարգին:
Լեզուն էական դերակատարում ունի, անհրաժեշտ է, որ այն իր մեջ ներառի տարիներով ձևավորված հասկացությունները, միաժամանակ՝ նոր բովանդակություն և ուղղվածություն տա այդ հասկացություններին: Ընկերական հարաբերությունների չարաշահումն ի վնաս ընտանիքի, հնարավորությունների հավասարության պարագայում սեփական ձեռնարկատիրական հմտությունների շնորհիվ զարգանալու հեռանկարները, տղեքի արարքների բացասական հետևանքների՝ ոչ պաթետիկ և առանց դատավորի կեցվածքի ներկայացումը մի քանի ուղղություններն են, որ նոր Լեզու են պահանջում: Տղեքը (անկախ նրանից՝ կուսակցական են, թե ոչ) այն ուժն են, որ կարող է դիմակայել տղաներին (կուսակցական ակտիվին) և հատկապես որդիներին (էլիտար զավակներին):

Գեմաֆին Գասպարյան

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի թանկացման՝ քաղաքապետարանի հիմնավորումը կեղծ է. Վերլուծություններ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանը գողացել է Սերժ Սարգսյանի խալաթով նկարը. Տեսանյութ’