‘ՍԴՀԿ-ն վերակազմավորվեց ՎՍՀԴԿ-ի, ատենապետ ընտրվեց Լյուդմիլա Սարգսյանը’

1557

Երեկ Վանաձոր քաղաքում` ՎՍԴՀԿ-ի գրասենյակում անցկացվել է Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության /ՎՍԴՀԿ/ հիմնադիր համագումարը: Փոխանցում է Zham.am-ը: Նախկինում կուսակցությունը կոչվում էր Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն /ՍԴՀԿ/, որի ատենապետը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն է: Կայքի փոխանցմամբ, Լյուդմիլա Սարգսյանը, Համբարձում Եղիազարյանը, Մարտիկ Մելիքսեթեյանը և Ալեքսանդր Ալեքյանը ընտրվել են նախագահության կազմում: 

ՎՍԴՀԿ համագումարից անմիջապես հետո տեղի է ունեցել ՎՍԴՀԿ ԿՎ նիստ, որի ժամանակ միաձայն կուսակցության ատենապետ է ընտրվել Լյուդմիլա Սարգսյանը: Փոխատենապետ է ընտրվել Գարիկ Մանուկյանը, ատենադպիր` Մհեր Ավետիսյանը և գանձապահ Նուբար Բեյլերյանը:

Կայքի փոխանցմամբ, համագումարի ժամանակ ունեցած ելույթում Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը գտնվում է օտարի ձեռքում, քանզի միայն օտարն ու թշնամին կարող են այսպես նսեմացնել և անխնա շահագործել երկրի հիմնական արժեքին՝ ժողովրդին: «Վտանգված է մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը,դատարկվում են սահմանամերձ գյուղերը՝ ժողովուրդը մազապուրծ լքում է երկիրը՝ կարծես վախենալով թաթար-մոնղոլների հրոսակախմբերի հարձակումից: Սա ամենացայտուն փաստերից մեկն է, որ հայ մարդը իր ապագան չի կապում Հայաստանի հետ՝ այն համարելով իր զավակների համար անհեռանկարային երկիր:…Սերժ Սաարգսյանի իշխանության տարիները կարելի է գնահատել որպես անկումների, հետընթացի և տնտեսական գահավիժման տարիներ: Այս գնահատականի վառ ապացույցը նրա կողմից վերանշանակված և առ այսօր գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի փաստն է: Վերջինս մի բացառիկ ցինիզմով հայտարարել էր, թե անզիջում պայքար է մղելու կոռուպցիայի, մենաշնորհների և կառավարության ներսում ձևավորված ատկատների համակարգի դեմ, սակայն ինքն էլ համակարգում ու տնօրինում է ատկատների բաշխումը: 

Վերջին տարիներին ժողովրդի սոցիալական վիճակի վատթարացման հիմնական պատճառը իշխանության ղեկին կանգնած մարդկանց անհագուրդ ախորժակն է, որը ոչ մի կերպ չի հագենում: Որքան էլ գազի և սպառողական ապրանքների գների բարձրացումը փորձեն արդարացնել համաշխարհային շուկայի գների բարձրացմամբ, փաստերն այլ բան են հուշում: 
Ավելին, Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը չունի բանակցելու և հարցեր լուծելու ո’չ կամք, ո’չ ունակություն: Դրա ապացույցը 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված համաձայնագիրն է Գազպրոմի և ՀՀ կառավարության միջև, որի հետևանքով Հայաստանը Գազպրոմին զիջեց ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը՝ անհասկանալի կերպով իբր կուտակված 300 միլիոն դոլարի պարտքի դիմաց: Ստացվում է, հանցագործ իշխանության ինքնապահպանման և վերարտադրման համար մենք ազգովին վճարում ենք մեր ազգային ունեցվածքով»,- ասել է Սարգսյանը:

Անդրադառնալով անելիքներին` նա նշել է, որ վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անելիքների մասին այժմ շատ մանրամասն չի խոսի, բայց ակնկալում է, որ համագումարում կընդունեն նոր ծրագիր ու կանոնադրություն, եւ անելիքները կամրագրեն մի շարք ծրագրային փաստաթղթերում:

«Անշուշտ, սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության արմատավորումը և տարածումը լինելու է մեր գործունեության անկյունաքարը, որի միջոցով պետք է ձգտենք հավասարակշռել այսօր դոմինանտ համարվող՝ ծայրահեղ ազատականացման արդի միտումները: Այդուհանդերձ, նորից պետք է արձանագրենք, որ գործող ավազակապետական համակարգի պայմաններում ոչ մի գաղափարախոսություն չի կարող զարգացում ունենալ, քանզի ցանկացած քաղաքական գաղափարախոսության համար նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ քաղաքական դաշտ: 
Նույնիսկ ամենակատարյալ գաղափարախոսությունը չի կարող ընկալվել, երբ բացակայում է դրա կենսունակությունն ապահովող անհրաժեշտ միջավայրը՝ քաղաքական դաշտը: Ուստի, մեր հիմնական առաքելությունը պետք է լինի օր առաջ ազատվել գործող ավազակապետական ռեժիմից, որը հիմնական խոչընդոտն է Հայաստանում կուսակցական համակարգի ձևավորման և կուսակցությունների միջև քաղաքակիրթ բանավեճի»,- ասել է Սարգսյանը`հավելելով, որ պետք է արձանագրել, որ գործող ավազակապետական համակարգի պայմաններում ոչ մի գաղափարախոսություն չի կարող զարգացում ունենալ, քանզի ցանկացած քաղաքական գաղափարախոսության համար նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ քաղաքական դաշտ: 
«Նույնիսկ ամենակատարյալ գաղափարախոսությունը չի կարող ընկալվել, երբ բացակայում է դրա կենսունակությունն ապահովող անհրաժեշտ միջավայրը՝ քաղաքական դաշտը: Ուստի, մեր հիմնական առաքելությունը պետք է լինի օր առաջ ազատվել գործող ավազակապետական ռեժիմից, որը հիմնական խոչընդոտն է Հայաստանում կուսակցական համակարգի ձևավորման և կուսակցությունների միջև քաղաքակիրթ բանավեճի»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ Zham.am-ի Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընդունվել են բանաձևեր.

 

Հայթուրքական հարաբերությունների վերաբերյալ

Հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը իրենից ներկայացնում է խոշոր, պատմականորեն ձևավորված, հիմնախնդիրների մի բարդ հանգույց, որի լուծումը պահանջում է մեծ զգուշողականություն և բացառում է որևէ շտապողականություն:
ՎՍԴՀԿ-ն գտնում է՝
1. ՀՀ ոչ օրինակարգ իշխանությունների կողմից հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, որոնք շարունակում են առկախված մնալ, իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում և վտանգի տակ են դրել աշխարհի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այն, ըստ էության, պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին կետով՝ կասկածի տակ է դնում 1915 թվականի ցեղասպանության, մեզ համար հայտնի, փաստը:
Հստակ գիտակցելով՝ հարևանների հետ բարի դրացիական հարաբերությունների հաստատման կարևորությունը, այդուհանդերձ: 
2. Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների հաստատման նախաքայլը պետք է լինի պատմության առջև իր անցյալի պատասխանատվությունը ստանձնելու Թուրքիայի պատրաստակամությունը, քանզի Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմանը ունի ոչ միայն բարոյական իմաստ, այլև այն չկրկնվելու երաշխիք:
3. Մինչ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիան, առանց նախապայմաննրի, պետք է ճանաչի Քեմալական Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության փաստը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հաստատման առանցքում պետք է բացառի արցախյան խնդրի կարգավորումը:
4. Համագումարը մերժում է ՀՀ ոչ օրինակարգ իշխանությունների կողմից Թուրքիայի ներկա սահմանները ընդունող որևէ փաստաթուղթ:
5. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում չի կարելի անտեսել սփյուռքի կարծիքը, քանզի սփյուռքը հետևանք է Օսմանյան կայսրության կողմից ծրագրավորված ցեղասպանության:
6. Անկախ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումներին, սփյուռքը շարունակում է մնալ պահանջատիրոջ իր իրավունքի մեջ և պետք է հետամուտ լինի Հայոց ցեղասպանության ճանաչուման և իրավահաջորդի իր իրավունքներին:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ

1. ՎՍԴՀԿ-ը ԼՂՀ հարցը դիտարկում է որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում, որը ձեռք է բերվել ազգային ազատագրական պայքարի հաղթանակի արդյունքում:
2. ՎՍԴՀԿ-ը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
3. ՎՍԴՀԿ-ը անընդունելի է համարում առայժմ քննարկման փուլում գտնվող և մեզ առաջարկվող Մադրիդյան սկզբունքնրը, որը որպես հարցի կարգավորման ճանապարհ միակողմանի զիջումների առաջարկ է հայկական կողմին: 
4. ՎՍԴՀԿ-ը խնդրի կարգավորման առաջնային և անհրաժեշտ քայլէ համարում Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացներում, որպես լիիրավ անդամ:
5. ՎՍԴՀԿ-ը անհրաժեշտ է համարում աշխարհով մեկ լոբբիստկան աշխատանքի ծավալման կարևորությունը, որպես գործընթաց, որը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման: Փաստելով հանրաքվեի արդյունքները, որպես Լեռնային Ղարաբաղի անկախության օրինականության, ինչպես նաև որպես ազգի ինքնորոշման իրավունք: 

Ջավախքի խնդիրների վերաբերյալ

ՎՍԴՀԿ իր լուրջ մտահոգությունն է արտահայտում վիրահայության՝ մասնավորապես Ջավախքի հայկական համայնքի պահպանման շուրջ: Պետք է արձանագրենք, որ նախկին վրաստանի իշխանությունները հետևողական կերպով ճնշել և արգելակել են հայության համախմբմանն ուղղված ճիգերն ու քայլերը: 
Ջավախքում բացակայում են արդյունաբերական ձեռնարկությունները, հետևաբար չկան նաև աշխատատեղեր, որի արդյունքում ջավախահայության սոցիալական վիճակը օր օրի ծանանալով՝ մղում է նրանց արտագաղթի, առաջացնելով հայաշատ Ջավախքի հայաթափության լրջագույն խնդիր:
Վիրահայության լեզվապահպանության խնդիրները նույնպես մտահոգության առարկա են, քանզի դպրոցներում հիմնական առարկաների ուսուցումը տարվում է վրացրեն լեզվով: Այստեղ պետք է ընդգծենք, որ Վրաստանի ազգային ժողովի կողմից դեռ չի վավերացվել ռեգիոնալ և փոքրամասնության իրավունքների և լեզվի մասին Եվրոպական խարտիան: 
Ջավախքում ինքնակառավարման ինստիտուտների կայացման համար լրջագույնս խոչնդոտ է, այն որ ազգային փոքրամսնությունների լեզուն Վրաստանի կողմից չի ճանաչվում, որպես երկրորդ պտական լեզու: 
ՎՍԴՀԿ-ն պահանջում է՝
1. Հայաստանը և Վրաստանը լինելով Եվրոխորհրդի անդամ երկրներ, որոնք առաջնորդվում են նույն կանոնադրությամբ, մեզ իրավունք է տալիս ՀՀ իշխանություններից պահանջել Ջավախքին և վիրահայությանը վերաբերվող բոլոր վերոնշյալ խնդիրները հետևողականորեն և մշտապես բարձրացնել Եվրոխորհրդարանում և ձգտել դրանց լուծմանը:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարտավոր է ՀՀ- Վրաստան միջպետական շփումների ժամանակ պահանջել հայալեզու առարկանրի վերականգնումը դպրոցներում:
3. Պահանջել Վրաստանի իշխանություններից կոմպակտ բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուները ճանաչել, որպես երկրորդ պետական լեզու: Այդպիսով ազգային փոքրամասնություններին հնարավորություն տալ մասնակցելու ինքնակառավարման մարմինների ձևավորմանը:
4. Հայաստանի հանրապետությունը պարտավոր է զորավիգ կանգնել ջավախահայության արդար իրավունքնրեի պաշտպանությանը:
5. Վրաստանի իշխոնությունների կողմից՝ հայկական ծագում ունեցող եկեղեցիների սեփականացման քաղաքականության դեմ տանել հետևողական պայքար:

Մաքսային միության վերաբերյալ

ՎՍԴՀԿ-ն կողմ է Հայաստանի հանրապետության անդամակցությանը Մաքսային միությանը: Ինչպես նաև կողմ է յուրաքանչյուր ինտեգրացիոն գործընթացների, որոնք կարվեն արժանապատվորեն, չեն վտանգի մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, կլինեն տնտեսապես փախշահավետ և գործընկերային փոխհարաբերությունների հիման վրա:

Նախորդ հոդվածը‘ Ոչ իշխանական ուժերը` ՍԴ որոշման մասին. Վճռական ենք շարունակել պայքարը ‘
Հաջորդ հոդվածը‘Արարատի ՀՀԿ–ական քաղաքապետը Գրին քարտ է շահել’