‘ՍԴ դատավոր. Ինչո՞վ ենք այս պահին զբաղված’

1109

Սահմանադրական դատարանը կարճատև ընդմիջումից հետո` ժամը 12-ին, վերսկսեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա` «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությունը:

Ընդմիջումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը շարունակեց իր ելույթը` անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից քարոզարշավն իրականացնելու համար բացված 1600 ընտրական շտաբներին, որոնք փաստացի գործել են որպես քարոզչական տարածքներ, դրանց վրա փակցված են եղել քարոզչական պաստառներ` ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի անվամբ և «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով, սակայն դրանց վարձավճարը չի ներառվել քարոզչական ծախսերի մեջ, ինչն արձանագրվել է նաև ԵԱՀԿ/ԺՄԻԳ 19.02.2013թ. միջանկյալ զեկույցում, ինչպես նաև 02.03.2013թ. միջանկյալ արտահերթ զեկույցում: Այս մասին հաղորդում է «Փաստինֆոն»:

Մինչ ընդմիջումը նա, ներկայացնելով դիմող կողմի փաստարկները, մասնավորապես, նշեց, որ ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, այն ընտրական տեղամասերում և ընտրատարածքներում, որտեղ առավել բարձր է եղել ընտրողների ակտիվությունը, այդտեղ ձայների առավելություն է ստացել գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանով փաստվում է, որ բոլոր այդ տեղամասերում, իսկ դրանք հարյուրավոր են, քվեարկություն է իրականացվել բացակայող անձանց փոխարեն, լցոնումներ, կարուսել կոչվող ընտրախախտումն է իրականացվել, վարչական ռեսուրսներն են գործի դրվել և անձանց ընտրական իրավունքը խախտող բազմաթիվ այլ հնարքներ են կիրառվել:

Ըստ նրա՝ 235 ընտրական տեղամասերում ընտրություններին մասնակցել են առկա ընտրողների 90-100 և ավելի տոկոսը, 260 ընտրական տեղամասում` 80-89 տոկոսը, ևս 88 ընտրական տեղամասերում` 72-79 տոկոսը: Այդ 586 ընտրական տեղամասերում քվեարկությանը «մասնակցած» 368 776 ընտրողից Սերժ Սարգսյանին ձայն են տվել 315 618 ընտրող, կամ ավելի քան 85,59 տոկոսը:

Կ.Մեժլումյանն ընդգծեց, որ միաժամանակ պարզ է դառնում, որ այն ընտրական տեղամասերում, որտեղ մասնակիցների քանակը մոտ է միջինին, առավելություն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ դիմող կողմի՝ նման և ակնհայտ ընտրախախտումների բազմաթիվ այլ պայմաններում, ընտրական հանձնաժողովները ցուցաբերել են անգործություն. իրենց նախաձեռնությամբ որևէ տեղամասում չեն կատարել վերահաշվարկ, առանց ուսումնասիրության մերժել են հենց այդ, անոմալ արդյունքներով տեղամասերի ընտրության արդյունքները լցոնման և այլ հիմքերով անվավեր ճանաչելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր` 128 դիմումները, իրենց կողմից ընտրական գործընթացի որևէ խախտում չեն արձանագրել, ընթացք չեն տվել անգամ լրատվամիջոցներով ու այլ թեկնածուների վստահված անձանց, ՀԿ-ների և դիտորդների արձանագրած խախտումներին:

Ըստ Կ.Մեժլումյանի՝ նշված հարցին Հետընտրական միջանկյալ զեկույցում մարտի 2-ին անդրադարձել է նաև ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը, մասնավորապես, արձանագրելով հետևյալը. «Փետրվարի 25-ին ԿԸՀ-ն հայտարարեց ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի պարոն Սարգսյանը հայտարարվել է ընտրված նախագահ։ Այդ արդյունքների հիման վրա կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ առկա է սերտ հարաբերակցություն ընտրողների մասնակցության թվի և գործող նախագահին կողմ քվեարկած ձայների միջև այն ՏԸՀ-ներում, որտեղ միջինից բարձր մասնակցության դեպքում պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի մեծ բաժին։ 1988 տեղամասերից 1746-ը ունեն 300 և ավելի գրանցված ընտրողներ։ Դրանցից 144-ում ընտրողների թիվը գերազանցել է 80 տոկոսը, որը թվում է անհավանականորեն բարձր, և նմանատիպ 115 տեղամասերում գործող նախագահը ստացել է քվեարկած ձայների ավելի քան 80 տոկոսը։ 303-ից 198 տեղամասերում, որտեղ ընտրողների մասնակցությունը կազմում էր 70-80 տոկոս, գործող նախագահը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը: 249 տեղամասեր, որտեղ ընտրողների մասնակցությունը 50 տոկոսից ցածր էր, պարոն Սարգսյանը ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը 40 տեղամասերում, իսկ պարոն Հովհաննիսյանը ստացել է ավելի քան 50 տոկոս 155 տեղամասերում։ Ընտրողների բարձր մասնակցություն ունեցող տեղամասերի մեծամասնությունում դիտարկվել է գործող նախագահի ավելի շատ ստացած ձայների միտում, որը առաջացրել է մտահոգություն ընտրական գործընթացի ամբողջականության արժանահավատության հանդեպ»։

Այն բանից հետո, երբ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց իրենց դիմումի մի մասը, դատարանն ուղղեց իր հարցերը նրան:

PanarmenianNet-ի փոխանցմամբ՝ դատավոր Ֆելիքս Թոխյանը հարց տալուց առաջ հայտարարություն արեց և նշեց, որ ՍԴ ուղղակիորեն ցանկացած դիմողների համար ճանապարհային քարտեզ է մշակել, թե ինչն է դատարանում ապացույց համարվելու, հատուկ մշակել և գրել են ինչպիսի ապացույցներ բերելու դեպքում կերաշխավորվի դիմումի հաջողությունը: «Վարչական դատարանը որոշում ունի շտաբների հետ կապված, դատարանի այդ վճիռը վերջնական է, վերանայման ենթական չէ: Դիմումի և ելույթի կեսը վերաբերում է այն հարցին, որը փակ է: Իրավական օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ դիմելը ճիշտ էր, բայց ինչո՞ւ եք մեկուկես ժամ ելույթի կեսը տրամադրում արդեն փակ գործին»,- ասաց դատավորը և հայտարարեց, որ ուզում է հասկանալ թե ինչո՞վ են այս պահին զբաղված:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի Սերժ Սարգսյանին միայն Ազատության հրապարակում’
Հաջորդ հոդվածը‘Հովսեփ Խուրշուդյան. ԲՀԿ-ի հետ ինչ-որ համախմբվելու հարց, կարծում եմ, արդեն ժամանակավրեպ է քննարկել’