‘ՍԴ դիմելուց հետո էլ Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի քաղաքական պայքարը (Տեսանյութ)’

727

Ժառանգության ներկայացուցիչներն այսօր Սահմանադրական դատարան ներկայացրեցին ԿԸՀ հրապարակած՝ ընտրությունների արդյունքները վերանայելու, «ժողովրդի ընտրությունը վավեր ճանաչելու եւ Րաֆֆի Հովհաննիսյանին որպես ՀՀ նախագահ ճանաչելու» վերաբերյալ 16 էջանոց  հայտը:

«Սահմանված ժամկետում մուտք ենք արել: Քննարկումը կլինի 10-օրյա ժամկետում: Մենք գտնում ենք, որ իրավական հիմքեր առկա են, մնացածը՝ ինչպես դատարանը որոշի», — ՍԴ-ից դուրս գալով՝ լրագրողներին հայտնեց «Ժառանգության» ներկայացուցիչ, իրավաբան Կարեն Մեժլումյանը:

Րաֆֆի Հովհանիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, որ ՍԴ հայտ ներկայացնելը չի նշանակում հրաժարում քաղաքական պայքարից:

Դրանով, ըստ էության, մերժվում է ՀՀԿ-ական որոշ գործիչների առաջարկը՝ մինչեւ ՍԴ որոշման հրապարակումը հրաժարվել քաղաքական պայքարի զանգվածային մեթոդներից:

«Իրավական ճանապարհով պետք է գնալ, մինչեւ բոլոր հնարավորությունները չսպառվեն երկրի ներսում:  Սա նաեւ  հնարավորություն է ՍԴ համար՝ կայանալու որպես ինստիտուտի, եւ ՍԴ անդամների համար՝ անուն առ անուն, որպեսզի մաքրեն իրենց վրայից նախորդ կեղծված ընտրությունների լեգիտիմացումը», — ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Նրա խոսքերով, հայտում ներկայացված հիմքերից է այն, որ մի շարք տեղամասերում, որտեղ գրանցվել է մասնակցության բարձր տոկոս, Սերժ Սարգսյանը անհամաչափ բարձր տոկոսներ է հավաքել: Ըստ նրա, տեղամասերից մեկում, որտեղ տվյալներ կան, որ բնակչության մոտ 40 տոկոսը բացակայում է, ընտրացուցակներում բոլոր գրանցվածները «մասնակցել են» քվեարկությանը եւ դրանց 99 տոկոսն «ընտրել է» Սերժ Սարգսյանին: 

Նախորդ հանրահավաքներից մեկում Րաֆֆի Հովհանիսյանը հավաքվածների շրջանում «քվեարկություն» կազմակերպեց ՍԴ դիմելու նպատակահարմարությունը որոշելու համար: Հավաքվածների զգալի մասը դեմ արտահայտվեցին ՍԴ դիմելու գաղափարին:

Հովսեփ Խուրշուդյանն այս կապակցությամբ նշեց, որ «հանրահավաքային քվեարկությունը» խորհրդատվական բնույթ էր կրում: «Համենայնդեպս, Կկն բավական հիմնավոր փաստեր, որոնք քննարկվել են շտաբի ընդարձակ խորհրդակցությունների ժամանակ, եւ կայացվել է վերջնական որոշում՝ օգտագործել այս իրավական հնարավորությունը», — ասաց նա:

Հովսեփ Խուրշուդյնաը նշեց նաեւ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երրորդ միջանկյանլ զեկույցում արտահայտված ավելի խիստ գնահատականները կապված են նորանոր փաստեր ի հայտ գալու հետ: «Օրեցոր նոր փաստեր են ի հայտ գալիս ընտրությունների կեղծման վերաբերյալ, կարծում եմ, կատարվել են վերլուծություններ, դրանցից պարզ է դառնում այն կապը, որ կա, որ երեւում է, որ որքան մեծ եւ անհավանական է մասնակցությունը որոշ տեղամասերում, այնքան մեծ տոկոս է ունեցել Սերժ Սարգսյանը, եւ հակառակը, այն տեղամասերում, որտեղ խելամիտ մասնակցություն կա, այնտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Դա էլ վկայում է այն մասին, որ ազատ եւ արդար ընտրությունների պարագայում ընտրվելու էր եւ ընտրվել է ՀՀ նախագահ: Պատահական չէ, որ ընդդիմության հիմնական պահանջն է՝ բացել ընտրած քաղաքացիների ցուցակները: Իշխանությունները ատամներով պահում են դրանք, հասկանալով որ դա իրենց կեղծիքների եւ իշխանությունը բռնազավթելու հիմնական մեթոդաբանությունն է ըստ էության» , — նշեց Հովսեփ Խուրշուդյանը:

Անդրադառնով նախօրեին Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը, «Ժառանգության» խոսնակը նշեց, որ այն տեղի է ունեցել փոխադարձ ցանկությամբ:

Նա նշեց, որ «Ժառանգությունը» պատրաստակամ է խորհրդակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ Հայ ազգային կոնգրեսի:

«Թե ինչ ձեւաչափով ՀԱԿ-ը կնախընտրի մասնացել այդ կոնսուլտացիաներին, դա իրենց որոշելիքն է:  Համենայնդեպս, որեւէ խնդիր չկա Կոնգրեսի հետ հանդիպելու», — ասաց Խուրշուդյանը:    

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցիների 18 տոկոսը Ստալինի մահն ընկալում է որպես «մեծ առաջնորդի և ուսուցչի կորուստ»:’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն հարբածության պատճառով ընկել է ուղիղ եթերում. Տեսանյութ’