‘ՍԴ–ն ու ԵԺԿ–ն «խփեցին» Րաֆֆու տոկոսները’

1342

ՀՀ Սահմանադրական դատարանը և Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը գրեթե միաժամանակ ընդունեցին կեղծված նախագահական ընտրությունների արդյունքները։ Առաջինը դա արեց գլուխը կախ կամակատարի պես և իրեն հատուկ ցինիզմով, իսկ երկրորդը՝ լկտի ձևով։

ՍԴ–ից սպասելիքներ, անկեղծ ասած, չկային։ Առավելև ակնկալիքներ չէին կարող լինել հետընտրական պայքարի միտումնավոր ապաքաղաքականացման ու դատարկ հրապարակի պարագայում։

ՍԴ–ի սերժամետ որոշման տողատակում, ըստ էության, հետևյալ ցինիկ ձևակերպումն էր. «Մենք էլ գիտենք, որ ընտրությունները կեղծվել են, բայց դուք մեզ ապացույցներ չեք ներկայացնում, և հետևաբար՝ մենք առաջնորդվելու ենք «Բռնված չէ՝ գող չէ» սկզբունքով։ Համ էլ ո՞ւր են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած ավելի քան կես միլիոն մարդկանց թեկուզ տասը տոկոսը։ Եթե նրանց տուն եք ուղարկել հրապարակից, ապա մեզանից ի՞նչ եք ուզում։ Բացի այդ՝ Սերժի հետ ոնց որ թե լավ էլ տալիս առնում եք, մենք արանքում ինչի՞ վատամարդ լինենք»։

ԵԺԿ ղեկավար Մարտենսը շատ ավելի ցինիկ գտնվեց Գագիկ Հարությունյանից։ Նա բաց տեքստով ասաց այն, ինչ Րաֆֆիին իշխանությունները, թերևս, հասկացնում ու նաև հիշեցնում են միջնորդավորված ձևով։

«Միգուցե Սերժ Սարգսյանի մրցակիցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների ոչ թե իր ակնկալած 20 տոկոսը, այլ շատ ավելին՝ 37 տոկոս, և գուցե հիմա նա պատրանքներ ունի, թե կարող էր ստանալ մեծամասնությունը, սակայն սրանք իրական փաստեր չեն»,– հայտարարել է ԵԺԿ ղեկավարը։

Փաստորեն, Մարտենսը, Սերժի պես, տոկոս է «խփում» ու միևնույն ժամանակ փակագծեր բացում։ Նրա մեսիջների ենթատեքստը հետևյալն է. «Րաֆֆի՛, քո օգտին պետք է գրանցվեր 20 տոկոս, բայց անկախ քեզանից ու Սերժից՝ ստացար 37%։ Դու դա լավ գիտես և  հետևաբար՝ անհասկանալի է, թե ինչու՞ ես ձայնդ գլուխդ գցել»։

Թե ինչու է Մարտենս այդքան վստահ խոսում այն մասին, թե քանի տոկոս պետք է հավաքեր Րաֆֆին, միայն ինքն ու ԵԺԿ–ականներ ՀՀԿ ու «ժառանգություն» կուսակցության ղեկավարները կիմանան։ Մեզ ԵԺԿ–ականների ներքին խոհանոցը չի հետաքրքրում։ Տվյալ դեպքում խնդիրը Մարտենսի լկտիությունն է։

Մենք գիտենք, որ Սերժն ուրույն պատկերացումներ ունի արժանապատվության մասին։ Նա, անշուշտ, վատ չի զգացել այդ եվրոչինովնիկի ասածներից ու չի հասկացել, որ այդպիսի գնահատականներով Մարտենսը վիրավորել է ՀՀ քաղաքացիներիս, այդ թվում ու նախևառաջ՝ իրեն։ Փոխարենը Րաֆֆին է ասլան կտրել, բայց դա ուշացած ասլանություն է և ընտրովի սկզբունքայնություն։

Երբ ԱԺ վերջին ընտրությունների նախաշեմին սույն Վիլֆրիդը ելույթ ունեցավ ՀՀԿ համագումարին ու համոզմունք հայտնեց, որ Սերժի գլխավորած կուսակցությունը հաղթելու է, ԵԺԿ–ին անդամակցած «Ժառանգությունը» ամոթխած հարսի պես պահեց իրեն։ Այն ժամանակ «Ժառանգությունը» խաղերի մեջ էր Բաղրամյան 26–ի հետ և հույս ուներ, որ երիտօլիգարխիայի օգնությամբ լավ տոկոսներ է «խփելու» ու պատգամավորական լիքը մանդատներ է ստանալու։ Դրա համար էլ րաֆֆիենք կիսաձայն դժգոհեցին Մարտենսից ու չսպառնացին դուրս գալ ԵԺԿ–ից։

Հիմա, երբ Մարտենսն արդեն երկրորդ անգամ է էժանագին հայտարարություն անում Սերժի օգտին ու կոպտորեն միջամտում ՀՀ ներքին կյանքին, Րաֆֆին արդեն սպառնում է վերանայել «ժառանգության» անդամակցությունը ԵԺԿ–ին։

Ուշ Է, պարո՛ն Հովհաննիսյան։ ԵԺԿ–ի մասին կարծիք պիտի կազմեիք այն ժամանակ, երբ ՀՀԿ–ի ու ՕԵԿ–ի հետ ուս–ուսի տված մտնում էիք այդ կառույց և Ձեր գործընկերների հետ ուրախանում այդ կապակցությամբ։

Ի՞նչ է, ԱԺ ընտրությունների ժամանակ ժողովրդի ձայնը չէ՞ր գողացվել։ Պարո՛ն Հովհաննիսյան, ինչու՞ այն ժամանակ ԵԺԿ–ից դուրս գալու մասին չէիք մտածում, իսկ հիմա դժգոհում եք քյաբաբային մտածողության տեր այդ մարդուց։ Չէ՞ որ Մարտենսը նաև խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էր արժանահավատ համարել, այսինքն՝ համոզված էր եղել, որ ԵԺԿ–ականներ ՀՀԿ–ն ավելի քան 40, իսկ ՕԵԿ–ն ու «Ժառանգությունը»՝ 5–ական  տոկոս քվե ունեն Հայաստանում։

Պարո՛ն Հովհաննիսյան, ԵԺԿ–ից պետք էր հաշիվ պահանջել և դուրս գալ նաև այն ժամանակ, երբ ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի արտահանձնումն էր կազմակերպվում եվրոպական այդ կառույցի ղեկավար մարմնի անդամ հունգարացի վարչապետի կողմից։

Եվ ուրեմն, Հայաստանում իրական փոփոխություններ են պետք, այլ ոչ թե թատերականացված միջոցառումներ։ Քանի դեռ այդ փոփոխությունները չկան, մարտենսները շարունակելու են իրենց լկտիությունը՝ օգտվելով իշխանության մեջ և հրապարակում հայտնված իրենց հաճախորդների թուլությունից։

Սևակ Մինասյան

7or.am

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Դիակը բացառում է որևէ կոմպրոմիս’
Հաջորդ հոդվածը‘Հարթաշեն գյուղում նորածնի սպանությունը նոր մեղադրյալ ունի’