‘
ՀՀ սահմանադրական դատարանը այսօր քննում է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդիրաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործը, որոնցով վիճարկվում է նախագահի ընտրությունների արդյունքները:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն են նրա շտաբի իրավաբան Կարեն Մեժլումյանը և շտաբի պատասխանատու Զարուհի Փոստանջյանը:
Անդրիաս Ղուկասյանը ինքն է ներկայացնում իր դիմումը:
Պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն լիազորել է հանդես գալ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին, Արմեն Սմբատյանին և Նունե Հովհաննիսյանին: Հարակից պատասխանողներ են նշանակվել դատախազությունից և ոստիկանությունից: Այս մասին հայտնում է PanArmenia.net-ը:
Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչներն են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրաիս Ղուկասյանը Սահմանադրական դատարան են դիմել մարտի 4-ին: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները:
Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի գործի քննությանը որպես երրորդ կողմ չներգրավվի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, դատարանը մերժեց միջնորդությունը:
Անդրիաս Ղուկասյանն իր հերթին ներկայացավ միջնորդությամբ, որպեսզի Սերժ Սարգսյանը գործով վկա ներգրավվի: Անդրիաս Ղուկասյանը նաև նկատեց, որ Սերժ Սարգսյանը ոչ թե որպես ՀՀ նախագահ է ներկայանում, այլ որպես երրորդ կողմ, այնինչ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով կառավարության անդամ է, ներկայացնում է Սերժ Սարգսյանին:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ ըստ օրենքի կողմերը կարող են ներկայացնել լիազոր ներկայացուցիչներ, ովքեր պետք է ունենան բարձրագույն իրավաբանական կրթություն: Նա տեղեկացրեց, որ Հրայր Թովմասյանը որպես քաղաքացի է ներգրավված գործում: Նույնն է Դավիթ Հարությունյանի դեպքում:
Հրայր Թովմասյանը դատարանին հայտնեց, որ Սերժ Սարգսյանին է ներկայացնում որպես իրավաբան, չի ներկայացնում Արդարադատության նախարարությունը և այսօրվանից մինչև հինգշաբթի օրը գտնվում է արձակուրդի մեջ:
ՍԴ դատավոր Թոխյանի միջնորդությամբ ընդմիջում հայտարարվեց, դատարանը քննեց Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը, որը չբավարարվեց:
‘