‘ՍԴ-ում կվիճարկվեն «գազային համաձայնագրերն» ամբողջությամբ` բանակցումից մինչեւ վավերացում’

1077

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում անվավեր ճանաչեց դեկտեմբերի 23-ի հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը:

Նախ, նիստից առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ աշխատակազմում հրաժարվել են բացել հանձնաժողովների նիստերի անցկացման համար սենյակը: Հանձնաժողովի անդամները ստիպված եղան նիստն անցկացնել ՀՅԴ խմբակցության ղեկավարի սենյակում:

Հանձնաժողովը նախ փաստեց, որ նիստը իրավազոր է, քանի որ դրան ներկա են հանձնաժողովի յոթ անդամներից չորսը` բացարձակ մեծամասնությունը: Հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը («ՀԱԿ») նշեց, որ նիստի մասին պատշաճ կերպով տեղեկացվել են հանձնաժողովի մյուս անդամները եւս: Սուքիաս Ավետիսյանը («Հանրապետական») տեղեկացրել է, որ չի մասնակցելու նիստին, քանի որ «օրակարգն իր համար հստակ չէ», Տաճատ Վարդապետյանը բացակա էր հիվանդության պատճառով, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը նույնպես հրաժարվել էր մասնակցել նիստին:

Հանձնաժողովի անդամները նշեցին, որ դեկտեմբերի 23-ին հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկության ժամանակ, էլեկտրոնային համակարգի անսարքության պատճառաբանությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է քվեարկություն ոչ էլեկտրոնային եղանակով: Ըստ կանոնադրության, այդ դեպքում ձայների հաշվարկը պետք է կատարի հաշվիչ հանձնաժողովը, որը պետք է արդյունքների մասին արձանագրություն կազմի, որի հիման վրա էլ նիստը նախագահողը հայտարարի քվեարկության արդյունքները: Մինչդեռ, տվյալ քվեարկությանը, հաշվիչ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը ներկա չեն եղել, իսկ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:  Հանձնաժողովի անունից հանդես է եկել նախագահ Սուքիաս Ավետիսյանը` չունենալով նման լիազորություններ:

Միաժամանակ` ԱԺ հաշվիչ հանձնաժողովի չորս անդամները, գտնելով, որ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստին նույն հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը չարաշահել է իր լիազորությունները, առաջարկեցին նոր նախագահ ընտրել:

 Միաձայն քվեարկությամբ հանձնաժողովի նոր նախագահ ընտրվեց Լյուդմիլա Սարգսյանը, իսկ քարտուղար` նիտից բացակայող Իշխան Խաչատրյանը: Նշենք, որ հանձնաժողովի այս կազմը կգործի մինչեւ հաջորդ նստաշրջանի մեկնարկը:  Այս նիստի արձանագրությունները դեկտեմբերի 27-ին կհանձնվեն ԱԺ նախագահի և աշխատակազմի ղեկավարի դիտարկմանը:

Նիստի ավարտից հետո Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտարարեց, որ այս գործընթացով ոչ իշխանական խմբակցությունները օրինական հիմքեր են նախապատրաստում` «գազային» համաձայնագրերը անվավեր ճանաչելու հայցով  Սահմանադրական դատարան դիմելու համար: Նա նաեւ ընդգծեց, որ ՍԴ հայցում տեղ է գտնելու ոչ միայն դեկտեմբերի 23-ի քվեարկության հարցը, այլեւ համաձայնագրերի բանակցման եւ ստորագրման օրինականության հարցն առհասարակ:

«Ամիսներ անց իշխանությունները զղջալու են եւ շնորհակալություն են հայտնելու մեզ` այս գործընթացը նախաձեռնելու համար», — նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին հայ-ռուսական համաձայնագրերի վավերացման վերաբերյալ նիստին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել քվեարկություն, եւ որ համաձայնագրերի վավերացման մասին որոշումն ընդունվել է 72 կողմ ձայներով:  Դեմ եւ ձեռնպահ չկար, քանի որ Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության», Հայ հեղափոխական դաշնակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները լքել էին դահլիճը: Ավելի վաղ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի դահլիճում հավաքել էր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների քարտերը` վերջիններիս զրկելով նիստին գրանցվելու հնարավորությունից:

Հայ-ռուսական «գազային» համաձայնագրերով Հայաստանը Ռուսաստանին է հանձնում «Հայռուսգազարդ» ՓԲԸ` կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը` վերջին երեք տարիներին կուտակված 300 միլիոն դոլար պարտքի դիմաց: Կառավարությունը մինչեւ համաձայնագրերի կնքումը գաղտնի էր պահում գազային պարտքի առկայության փաստը: 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Իշխանությունը այլևս ոչ մի բանի առջև կանգ չի առնում’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի «պաշտպանությանը» լրագրողներին խոչընդոտում էր ՀՀԿ Երիտխորհրդի անդամը. Փաստեր ‘