‘Սեդա Մեսրոպյան. «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»’

5784

Ֆեյսբուքյան ընկերներիցս մեկն օրերս գրել էր. «Էս ինչ ցուրտ ամառ ա էս ձմեռ»: Ինձ շատ դուր եկավ, իսկապես, շատ ցուրտ «ամառային» եղանակ արեց 2015-ի դեկտեմբերը:

Դե, իսկ ամառը, ասում են, շատ շոգ էր: Ինչու եմ ասում՝ ասու՞մ են: Դե, որովհետև մենք՝ iLur-ցիներս, մեր նոր օֆիսում բացարձակապես չենք զգացել ամառվա շոգը: Ավելին: Երբ որևէ մեկը դրսից գալիս էր ու գանգատվում շոգից՝ «անտանելի է», «դիմանալու չի», «զզվում եմ ամառից» և այլն, ես ասում էի. «Արի ոտնաթաթերս կպցնեմ քեզ՝ հովացիր»…

Հա, չգիտեի՞ք, որ մենք գարնանը տեղափոխվել ենք նոր օֆիս՝ շատ ավելի բարեկարգ ու հարմարավետ, քան նախկինն էր: Օրինակ, էս նոր օֆիսում սանհանգույցն այնքան լավ նորոգված է, որ չես համեմատի նախորդի հետ. այնտեղ  պարտադիր պետք է «լամբադա» պարելով մտնեիր ու դուրս գայիր զուգարանից…

Մեր նոր օֆիսը, սակայն, մի թերություն ունի, որից զերծ էր նախկինը. այն քաղաքի,  չասեմ՝ ծայրամասում է, բայց էնքան էլ կենտրոնում չէ:

 Ասացի՝ թերություն, բայց իրականում այն իր դրական կողմերն էլ ունի: Ճիշտ է,  դրա պատճառով մեր այցելուների թիվը խիստ կրճատվել է՝ չհաշված «հավատարիմ հաճախորդներին»՝ սկսած Ասլանյան եղբայրներից, որոնք նախանձելի հետևողականությամբ հյուր են գալիս մեզ և պարտաճանաչ կերպով ապահովում մեր սառը «Ջերմուկի» ու շոկոլադի չափաբաժինները, վերջացրած «մի կին ատամնատեխնիկով»…. ավելի ճիշտ՝ մեր «հանրապետական» ծանոթով, որն աչալրջորեն հսկում է, որ հանկարծ տոպրակի մեջ փակված մեր աղբը չհայտնվի մեր իսկ բակում՝ պատի տակ, ու չխաթարի  «Մաքուր պահենք մեր քաղաքը» կարգախոսի գործողությունը: (Այո, օֆիսին կից՝ մենք նաև փոքրիկ բակ-պարտեզիկ ունենք՝ մրգատու ծառերով, ի դեպ):

Բայց, դրա փոխարեն՝ մեր աշխատանքը խանգարողներն էլ խիստ պակասել են, ու մենք կարողանում ենք ոչ միայն ավելի եռանդուն ու անխափան աշխատել, այլև ժամանակ առ ժամանակ Քրիստիկի «դիջեյ»-ությամբ հրաշալի երաժշտական ընդմիջումներ կազմակերպել, որոնք երբեմն ուղեկցվում են նաև պարերով: Դե, իսկ Մարիամիկի անզուգական կատարումների մասին չեմ խոսում՝ «Земля в иллюминаторе, Земля в иллюминаторе!!!!» ու էլի ուրիշ շատ երգեր:

Հա, չմոռանամ ասել, որ մեր նոր օֆիսում նարդի էլ ունենք, ու ընդմիջման ժամերին կամ աշխատանքից հետո նարդու կատաղի մրցույթներ են կայանում, որոնցում, իմ դիտարկմամբ ու տպավորությամբ, Քրիստիկը ոնց որ թե բոլոր տղամարդկանց՝ Հովսեփին, Հակոբին, նույնիսկ Արմանին, «ծալած» ունի՝ ապահովելով գարեջրի հանապազօրյա պաշարը: Լիզան «երկար» չի խաղում, մյուսներն էլ «կարճ» չեն սիրում, ուստի նա ավելի շատ երկրպագուի դերում է լինում, ինչպես և ես ու Գոհարը. մենք էլ խաղալ չգիտենք, բայց գարեջուր սիրում ենք: Աշոտը, Հրանտն ու Առաքելը նույնպես գարեջուր սիրում են, բայց նրանք լուրջ մարդիկ են՝ միայն շախմատ են խաղում: Արամն էլ մարզական լուրերից «աչք չի բացում», ինքը նման անլուրջ բաների հետ գլուխ չունի:

Մի տեսակ՝ կենցաղային ստացվեց մեր օֆիսի «աշխատանքի» նկարագրությունը:

Բայց դե մեր աշխատանքը ձեր աչքի առջև է, դրա մասին դատեք ինքներդ: Ու խիստ մի՛ դատեք, ըմբռնումով մոտեցեք: Ինչ ասեմ, Ջիվանին ավելի լավ է ասել՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան»…

Իսկ առայժմ 2015-ն է հեռանում՝ անվերադարձ: Իսկ մենք՝ iLur-ցիներս, մնում ենք: Ու էլի՝ անվերադարձ ու անվհատ… (էսպես բառ կա՞ր, թե՞ ես հորինեցի. մի հատ բառարանով ստուգեմ):

Նախորդ հոդվածը‘Մենդեշ. «Մոուրինյոն այժմ Բրազիլիայում է»’
Հաջորդ հոդվածը‘ՀԱՊԿ-ում Ս. Սարգսյանի ելույթի հետևանքները’