‘Սեդրակայնը կրկին միջնորդել է գրավով ազատ արձակվել’

1500

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի  նկատմամբ սպանության փորձի գործով այսօրվա դատական նիստում մահափորձը կատարելու մեջ մեղադրվող  Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանն այսօր դատաքննությունը լրացնող միջնորդությունների ողջ փաթեթ է ներկայացրել: Պաշտպանը միջնորդել է նշանակել դատակենսաբանական փորձաքննություն՝ պարզաբանելու արնանման նմուշները մարդու ու տղամարդու, մասնավորապես, տուժող  Պարույր Հայրիկյանի արյան նմուշներն են, թե ոչ: 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ, Պաշտպանը միջնորդել է նշանակել դատատեխնիկական փորձաքննություն՝ որոշելու համար, թե արդյոք  դեպքի վայրում՝ Տպագրիչների փողոցի  բակում կայանված մեքենայի հակաառևանգման համակարգը գործո՞ւմ էր  Պ.Հայրիկյանի՝ մեքենային խփվելուց հետո, ահազանգերը ինչ տևողության ու  ուժգնության էին: 

 Պաշտպանը միջնորդել է նշանակել իր պաշտպանյալ Խ.Պողոսյանի կողմից  ամբաստանյալ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու  Վարդան Սեդրակյանից գնված «Վոլվո» մակնիշի մեքենայի ապրանքագիտական փորձաքննություն՝ որոշելու, թե ինչպիսին է եղել մեքենայի ապրանքային տեսքն ու շուկայական արժեքը 2012թ. օգոստոսի դրությամբ: Պաշտպանը մի շարք հարցեր պարզաբանելու համար միջնորդեց նշանակել դատաբժշկական, դատահետքաբանական ու դատաձգաբանական և դատահոգեբանական ու դատահոգեբուժական ստացիոնար հանձնաժողովային փորձաքննություններ, ինչպես նաև անցկացնել քննչական փորձարարություն՝ որոշելու համար, թե զույգ կրակոցների ժամանակ ինչպիսին է    եղել ամբաստանյալ Խ.Պողոսյանի ու տուժող Պ.Հայրիկյանի փոխադարձ դիրքը:

Մինչ այդ  խափանման  միջոց կալանքը փոխելու իր միջնորդությունը կրկնել է  սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վ.Սեդրակյանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  առանց քննության թողեց միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ նույն հիմքերով ու նույնաբովանդակ  միջնորդություն նախորդ դատական նիստի ընթացքում դատարանն արդեն քննարկել ու մերժել է:

Մեղադրանքի կողմն, ի դեպ, դատաքննությունը լրացնող միջնորդություններ չուներ:

Դատարանն ընդմիջում հայտարարեց, որպեսզի դատավարության կողմերը հնարավորություն ունենան ուսումնասիրել միջնորդությունները և դրանց վերաբերյալ կարծիք հայտնել:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ է աղմկում նախագահականը, կամ «մենք պետք է»-ների հերթական գրոհը ‘
Հաջորդ հոդվածը‘ Կահիրեում ցուցարարները գրավել են իշխող կուսակցության կենտրոնակայանը’