‘Սեյրան Սարոյանը դեմ չէ, որ Ղարաբաղը, իսկ հետո` նաեւ ողջ Հայաստանը, միանան Ռուսաստանին’

1255

Թեեւ հրապարակախոս Զորի Բալայանը վերջին երկու օրերին հանրությանը փորձում է համոզել, թե Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակում Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելու ուղիղ կոչ չի արել, սակայն տարբեր տեսակի գործիչներ դեռեւս շարունակում են հաճույքով զարգացնել Զորի Գայկովիչի նամակում հնչած մտքերը: 

Այսպես, գեներալ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանն այսօր հայտարարել է, թե դեմ չէ Արցախը, իսկ հետագայում նաեւ` ողջ Հայաստանը Ռուսաստանին հանձնելու հեռանկարին:

News.am-ի հետ զրույցում, նա տեղեկացրել է, թե չի կարդացել Բալայանի նամակը, այնուամենայնիվ նշել է, որ «Զորի Բալայանը հենց ընենց Ղարաբաղը ոչ մեկին չի տա, ուրեմս ինչ-որ մի բան կա, մի հատ որ խորը նայես, ինչ-որ մի բան կա էլի, մի ուժ գտել է, մի հատ լույս է տեսել, որ Զորին այդպես է ասել, որովհետեւ Զորին շատ մեծ մարդ է»:

Զարգացնելով միտքը, Սարոյանը ասել է, որ «հետո Ռուսաստանից հետ վերցնել մեր հողերը ավելի հեշտ է, քան թե թուրքերից, որովհետեւ ռուսը մեր ոխերիմ թշնամին չէ, ռուսը մեր բարեկամն է»: 

Սեյրան Սարոյանը, որը գեներալի կոչումն ըստ էության ստացել է ղարաբաղյան պատերազմին իր մասնակցության համար, ասել է նաեւ, որ եթե «դաժե» Ռուսաստանն Արցախը վերցնի իր հովանավորության տակ, «հետագայում մի հատ կարմիր լենթ կկապի, որ Հայաստան, միացիր Ղարաբաղին, դուք իրար հետ ավելի ամուր կլինեք, իմ եղբայրներն եք էլի»:

Նշենք, որ Ղարաբաղը Ռուսաստանին որպես պրոտեկտորատ հանձնելու գաղափարի օգտին վերջին օրերին հրապարակավ արտահայտվել են նաեւ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, երաժիշտ Արտավազդ Բայաթյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Աշոտ Աղաբաբյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Պատահարի հետեւանքով տուժել է ԻԻՀ քաղաքացի ‘
Հաջորդ հոդվածը‘Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են’