‘
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկում:
Ինչպես տեղեկացնում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է զորամասի կիրակնօրյա հատուկ օրակարգը և ընդհանուր առմամբ` ծանոթացել ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաև պահակային ծառայության կազմակերպումը, տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը նախաճաշել է զինվորների հետ, հետաքրքրվել, թե գոհ են արդյոք զինծառայողները հատկացվող սննդի որակից, տեսականիից և սահմանված չափաբաժիններից:
Սեյրան Օհանյանը մասնակցել է նաև զորամասում կազմակերպված բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված կիրակնօրյա միջոցառմանը:
‘