‘Սեյրան Օհանյանը բացառում է հայ զինվորի առևանգման վարկածը’

811

Հայաստանի ՊՆախարար Սեյրան Օհանյանը հնարավոր չի համարում ադրբեջանցի դիվերսանտների կողմից Հակոբ Ինջիղուլյանին առևանգելու վարկածը։  Ի սկզբանե տարածված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տեսողության խնդիրներ ունեցող 22-ամյա հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը դիրքերում ծառայությունն իրականացնելու ժամանակ օգոստոսի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով է հատել Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման սահմանագիծը և հայտնվել հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Բայց Ինջիղուլյանի հարազատները վերջերս սկսել էին առաջ քաշել ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքից նրան առևանգելու վարկածը:
«Հնարավոր չեմ համարում դա, որովհետև այդ դիրքերի դրվածքը, դասավորվածությունն այնպիսին է, որ կարծում եմ՝ այդ ժամանակահատվածում հնարավոր չի եղել իրեն գողանալ», — Ծաղկաձորում  «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է Սեյրան Օհանյանը՝ շարունակելով․- «Եթե իրեն գողանային՝ ինչ-որ ձևով կարտահայտվեր, հետքեր կլինեին, հաջորդ ծառայողական քննությամբ մենք բավականին միջոցառումներ ենք իրականացրել, և ոչ մի հետք չի եղել»։

Օհանյանն ասել է, թե արվում է  հնարավորը Հակոբ Ինջիղուլյանին վերադարձնելու համար:

«Մենք դիմել ենք Կարմիր Խաչ, Կարմիր Խաչին ստիպում ենք, որպեսզի նրանք կապ հաստատեն Ադրբեջանի Կարմիր Խաչի հետ, ստիպում ենք, որպեսզի նրանք [ադրբեջանական կողմը] զերծ մնան այն երևույթներից, որ ցույց տվեցին՝ կեղծ թարգմանություններ, ադրբեջանական համազգեստում Հակոբին ներկայացրեցին և այլն։ Եվ նաև որպեսզի արագ կերպով կապ հաստատվի Հակոբի հետ և փոխանցվի նրան, որ [վերադարձից հետո] ոչ մի քրեական հետապնդում չի լինելու, որովհետև իրականում նրա գործողության մեջ ոչ մի քրեական բան չկա », — ասել է Սեյրան Օհանյանը։

Նախորդ հոդվածը‘Երևանից Օմսկ մեկնող ավտոբուսը խափանվել է ճանապարհին. ուղևորները շուրջ մեկ օր է մնացել են Կազբեկի ոլորաններում’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Հնարավոր է ամպրոպ ‘