‘Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ-ից բարոյական աջակցություն է ստացել’

932

Ադրբեջանի ղեկավարությունը կփորձի սահմանին լարվածություն պահպանել մինչեւ Սոչիում կայանալիք Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպումը եւ դիան հաջորդող մի քանի օրերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, հակառակորդը սովորաբար քաղաքական հանդիպումների նախօրյակին եւ հաջորդող օրերին լարվածություն է ստեղծում սահմանին՝ փորձելով դրանով ճնշում գործադրել միջազգային հանրության վրա:

Սեյրան Օհանյանը նշեց նաեւ, որ վերջին օրերին պարբերաբար շփումներ է ունեցել ՀԱՊԿ գործընկերների հետ, որի ընթացքում նրանից ստացել է բարոյական աջակցություն: «[ՀԱՊԿ գործընկերները] փորձում են ազդել մեր, ինչպես նաեւ՝ հակառակորդի վրա՝ նպատակ ունենալով թուլացնել լարվածությունը», — ասաց Օհանյանը: Նրա խոսքով, Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար կդիմի այն ժամանակ, երբ հակառակորդի կողմից լայնամասշտաբ ագրեսիա լինի:

Նշենք, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ հիմնադիր անդամ է: Կազմակերպության կանոնադրության համաձայն, անդամ երկրներից յուրաքանչյուրը պարտավոր է ռազմական օգնություն ցուցաբերել կազմակերպության մեկ այլ անդամի դեմ ագրեսիայի դեպքում:

Նախարար Օհանյանը նշեց նաեւ, որ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի Դաշնութնան նկատմամբ կիրառած պատժամիջոցները, որոնք ներառում են նաեւ ռազմաարդյունաբերության ոլորտը չեն վնասի հայ-ռուսական ռազմական համագործակցությանը:

Ամփոփելով վերջին օրերին սահմանում ադրբեջանական կողմի հրահրած դիվերսիաների հետեւանքով կրած կորուստները, Օհանյանը նշեց, որ հայկական կողմից զոհվել է 6 զինծառայող, ադրբեջանական կողմի կորուստները շուրջ 8-9 անգամ ավելի են: 

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը և Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները ծեծի են ենթարկել քաղաքացուն, վերջինս ածելիով կտրտել է ձեռքերը’