‘
2012թ. նոյեմբերի 25-ից 28-ը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ընթացող խաղաղության աջակցության գործողություններին ներգրավված են հայ խաղաղապահները, հայտնում է ՊՆ պաշտոնական կայքը:
Արաբական Միացյալ Էմիրություններով տարանցիկ Աֆղանստան մեկնելիս պատվիրակությունը, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայկական սփյուռքի համայնքների դերը մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին սատարելու գործում, պատասխանել է համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:
Նոյեմբերի 26-ին Քաբուլում գտնվող Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի` ԱՅՍԱՖ-ի զինավանում կայացել է Ս. Օհանյանի հանդիպումը ԱՅՍԱՖ ռազմագործողության հրամանատարության հետ: Հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Նիք Քարթերը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության ներդրումը Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման գործում, գովեստի խոսքեր է արտահայտել հայ խաղաղապահների հասցեին` մասնագիտական բանիմացության և առաքելության նպատակներին նվիրվածության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՅՍԱՖ օպերացիայի ընթացքին և Աֆղանստանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ հետագա անելիքներին առնչվող հարցեր:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադին: Հանդիպման ժամանակ Աֆղանստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը և հայ խաղաղապահներին` Աֆղանստանում կայունությւան հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին իրենց շարունակական ավանդը ներդնելու համար, բարձր է գնահատել հայ խաղաղապահների դերը` ինչպես Աֆղանստանում խռովարարության դեմ պայքարին մասնակցելու, այնպես էլ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի կայացման գործին խորհրդատվական և հրահանգչական օժանդակություն ցուցաբերելու համար: Պատասխան խոսքում Ս.Օհանյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը` Աֆղանստանում տևական անվտանգության հաստատման կոալիցիոն ջանքերին շարունակական ներդրում կատարելու վերաբերյալ:
Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ և Կունդուզ նահանգներ` հայ խաղաղապահների և տեղի կոալիցիոն հրամանատարության հետ հանդիպելու համար:
Մազարի Շարիֆ քաղաքի ռազմակայանում Ս.Օհանյանը հանդիպել է ԱՅՍԱՖ օպերացիայի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության հրամանատար, Գերմանիայի զինված ուժերի գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆերի հետ: Հանդիպման ընթացքում գերմանացի գեներալն իր գոհունակությունն է արտահայտել հայ խաղաղապահների ծառայության կապակցությամբ, նշելով, որ նրանց գործունեությունը մեծապես նպաստում է «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության առաքելության ու խնդիրների հաջող կատարմանը:
Այնուհետև Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մազարի Շարիֆի մերձակայքում գտնվող «Մայք Սփան» ռազմակայան, որտեղ տեղակայված է հայ խաղաղապահների 60 հոգանոց զորախումբը: Ռազմակայանի հրամանատարության հայկական զորախմբի ներդրումը գնահատել է հանգուցային, ավելացնելով, որ «ռազմակայանի ամբողջ պարագծով անվտանգության ամբողջական ապահովման համար պատասխանատու հայ խաղաղապահները հանդիսանում են այստեղ գտնվող մնացած անձնակազմի պահապան հրեշտակները»: Հայ խաղաղապահների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կարևորել է նրանց եզակի դերակատարումը` միջազգային անվտանգության ապահովմանը համարժեք ներդրում կատարելու ուղղությամբ Հայաստանի հանձնառությունների կատարման գործում, խաղաղապահներին մաղթել է անվտանգ ծառայություն և հաջող վերադարձ հայրենի օջախներ:
Պատվիրակության հաջորդ կանգառը Կունդուզ նահանգի նույնանուն վարչակենտրոնում տեղակայված ռազմակայանն էր, որին հարակից օդանավակայանի պահպանության իր ծառայությունն է իրականացնում հայ խաղաղապահների 61 հոգանոց զորախումբը: Այստեղ տեղակայված է նաև աֆղանական ստորաբաժանումներին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող հայ հրահանգիչ սպաների հինգ հոգանոց խումբը: Ռազմակայանի գերմանական հրամանատարությունը գովեստի խոսքեր է արտահայտել հայ խաղաղապահների հասցեին` առաքելության խնդիրներին նրանց անվերապահ նվիրվածության և բարձր կատարողական վարպետության համար: Սեյրան Օհանյանն այցելել է ռազմակայանում տեղակայված հայ խաղաղապահներին, ծանոթացել է նրանց կենսապայմաններին, իրականացնող խնդիրներին, կարևորել է հայ խաղաղապահների առանցքային դերը միջազգային խաղաղապահության ոլորտում Հայաստանի պատշաճ ներդրման ապահովման համար:
‘