‘Սեյրան Օհանյան. Խաղաղապահներ տեղակայելու կարիք չկա’

1006

ԼՂՀ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ արցախյան հակամարտության գոտին աշխարհի բոլոր հակամարտությունների թվում միակն է, որտեղ հայ զինվորների մարտական ոգու եւ որակական առավելության շնորհիվ հարաբերական խաղաղությունը պահպանվում է առանց երրորդ կողմի ֆիզիկական ներկայության: «Հասկանալի է, որ մենք գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, սակայն մենք մեր առջև դրված խնդիրները ինքնուրույն կարողանում ենք լուծել եւ խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտություն չկա»,- նշեց նախարարը:

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերում Ադրբեջանի հրահրած լարվածության աճի մասին՝ Օհանյանը նշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը գերագնահատել է իր կարողությունները: «Վերջին տարիներին նրանք դարձան իրենց իսկ ստեղծած ստի զոհը: Չնայած՝ Ադրբեջանական բանակը մեծ թվով տարբեր տեսակների սպառազինություն է ձեռք  բերում, պետք է հասկանալ, որ այդ զենքը նաեւ օգտագործող պետք է լինի»,- ասաց նախարարը՝ հավելելով, թե փորձը ցույց է տալիս, որ ոչ միայն ադրբեջանական բանակը պատրաստ չէ օգտագործել ժամանակից սպառազինությունները, այլեւ իրենց իսկ հարևան երկրներում պատրաստված դիվերսանտները իրենց վախճանն են գտնում հայկական բանակի դեմ հարձակումների ընթացքում:

Սա, ըստ Սեյրան Օհանյանի, նշանակում է, որ Հայաստանի Զինված ուժերը տարածաշրջանում մրցունակ են եւ պատրաստ են կատարելու ցանկացած առաջադրանք:  

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է միջազգային հանրությանը` Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով’
Հաջորդ հոդվածը‘Հերթական դիվերսիայի փորձը. Հակառակորդը տվել է զոհ’