‘Սեյրան Օհանյան. Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայել ՀՀ Զինված ուժերում’

1275

«Գերության մեջ գտնվել՝ նշանակում է գտնվել սահմանափակումների ռեժիմի եւ համապատասխան ազդեցության տակ։ Իսկ այդ պայմաններում Հակոբից ակնկալել, թե նա կասի հայկական բանակի բոլոր թերությունների ու բացթողումների մասին, ադրբեջանական զինված ուժերի երազանքն էր, եւ նրանք այսօր փորձում են այդ ամենը իրականացնել, ինչը հակասում է բոլոր միջազգային նորմերին։ Մենք երբեւէ նման վերաբերմունք չենք ցուցաբերել որեւէ ադրբեջանցի ռազմագերու հանդեպ։ Մեր միակ ցանկությունն այն է, որ Հակոբը Կարմիր խաչի օգնությամբ վերադարձվի հայրենիք։ Ինչ էլ ցուցադրեն ադրբեջանական Զինված ուժերը, մենք հարգում ենք Հակոբին՝ որպես զինծառայող։ Նա մոլորվել է։ Հայրենիք վերադառնալուց հետո Հակոբի նկատմամբ որեւէ հետապնդում չի լինի։ Հակառակը, մենք հոգեբանական աջակցություն կցուցաբերենք, եւ նա կշարունակի իր ծառայությունը Հայաստանի Զինված ուժերում», — մեկնաբանելով Ադրբեջանում հայտնված ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի մասնակցությամբ վերջերս տարածված տեսանյութը՝ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նշել է նաեւ, որ ՊՆ–ը համագործակցում է բոլոր միջազգային, մասնավորապես՝ Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի հետ, որպեսզի նա կապ հաստատի Ադրբեջանի Կարմիր խաչի հետ՝ Հակոբ Ինջիղուլյանի հետ կապ հաստատելու համար։ Ընդ որում, նախարարի խոսքով՝ մինչ այս պահը դեռեւս նման հնարավորություն ընձեռված չէ։ «Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ադրբեջանի գերիների եւ անհայտ կորածների հանձնաժողովի գործունեությունը շատ դեպքերում  ոչ բավարար եմ համարում»,– հայտարարել է Սեյրան Օհանյանն ու հավելել, որ պատճառը միջպետական հարաբերությունների բացակայությունն է։ «Եթե չկա միջպետական կապ, անհնար է ակնկալել բարձր արդյունքներ»,– խոսքն ավարտել է Սեյրան Օհանյանը։ 

Նախորդ հոդվածը‘Հայաստանն ատոմային ռումբի ստեղծման եզրին’
Հաջորդ հոդվածը‘«Ես երազում եմ». 50 տարի առաջ Մարտին Լյութեր Քինգն արտասանեց իր հռչակավոր ճառը (տեսանյութ)’