‘Սենսացիա. Հայաստանն ակնկալում է դուրս գալ միջին եկամուտ ունեցող երկրների ցանկից, կամ նորություններ ապառնի ժամանակով’

3305

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը սենսացիոն հայտարարություն է արել: Պարզվում է, որ Հայաստանը ակնկալում է դուրս գալ միջին եկամուտ ունեցող երկրների ցանկից: Նախարարը, սակայն, չի նշել, որ այդ ցանկից դուրս գա` ո՞ր ցանկում է հայտնվելու Հայաստանը, բայց կարելի է եզրակացնել, որ նախարարը նկատի է ունեցել բարձր եկամուտներ ունեցող երկրների շարքը: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Հայաստանը նախնական համաձայնություն է ձեռք բերել «Երկարաձգվող ֆինանսավորում» 38-ամսյա ծրագրի շուրջ, որի ավարտին Հայաստանն ակնկալում է դուրս գալ միջին եկամուտ ունեցող երկրների  ցանկից։ Այս մասին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասել է Հայաստանի կապիտալի շուկային վերաբերող կոնֆերանսի ժամանակ։

Եթե հաշվի առնենք, որ այժմ Հայաստանը գտնվում է միջին եկամուտ ունեցող երկրների ցանկի մեջտեղներում, միայն համաշխարհային բանկի օգնությունը և վարկավորումը բավարար չէ: Երևի ֆինանսների նախարարը հույսը դրել է այլմոլորակայինների կամ ինչ-որ գերբնական ուժերի վրա: Կա ևս մեկ տարբերակ, որը, ի դեպ, ավելի իրատեսական է: Միգուցե նախարարը  նկատի է ունեցել, որ Հայաստանը ակնկալում է դուրս գալ միջին եկամուտ ունեցող երկրների ցանկից և մտնել ցա՞ծր եկամուտ ունեցող երկրների ցանկ:

Իր սանիկից և ենթակայից ետ չի մնացել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը. Դիլիջանի միջազգային դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա կունենա իր մեծ դերն ու նշանակությունը, ինչը կնպաստի նաև Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը: Դիլիջանի միջազգային դպրոց կատարած այցի ժամանակ նման համոզմունք է հայտնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ինչքան որ Դիլիջանը դարձավ միջազգային ֆինանսական կենտրոն, այնքան էլ Դիլիջանի միջազգային դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա կունենա իր մեծ դերն ու նշանակությունը:

Նման կարգի նորությունները ունեն իրենց անունը. սրանք կոչվում են նորություններ ապառնի ժամանակով: Ընդհանրապես՝ նորությունն այն է, ինչն արդեն տեղի է ունեցել կամ տեղի կունենա մոտ ապագայում: Բայց Հայաստանի նման երկրներում իշխանությունների համար նորությունները լինում են միայն ապառնի ժամանակով: Ակնկալում է դուրս գալ, կդառնա, կկառուցվի և այլն: Մեր չինովնիկները կարծում են, որ կարող են մի բան «բլթցնել», ու կանցնի կգնա, էլ ո՞վ է հիշելու, բայց կարևորը Հ1-ով ցույց կտան, և մի քանի հեռավոր գյուղում էլ կարող է տեսնեն ու հավատան: Բայց արի ու տես, որ հիշում ենք ու, ամենակարևորը, գրում ենք դրա մասին, որ սրանց սուտը երկար կյանք չունենա: Հիշում ենք Հայաստան-Իրան երկաթուղին, հիշում ենք նոր ատոմակայանը, հիշում ենք հայ-թուրքական սահմանի բացումը, հիշում ենք Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելը, հիշում ենք Գյումրին IT կենտրոն դարձնելը և հիշում ենք, որ այն կառավարությունը, որը չապահովի 7 տոկոսանոց ֆինանսական աճ, պետք է հրաժարական տա: Հիշում ենք և հիշացնելու ենք, որ սրանց քաղաքական կյանքը նույնքան կարճ տևի, ինչքան սրանց ապառնի ժամանակով նորությունները:

Հովսեփ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում բողոքի ցույցն ավարտվել է բախումներով’
Հաջորդ հոդվածը‘CNN. Այլանդակ հուշարձանների ցանկում «Խիզախության» հայտնվելը սխալմունք է (ֆոտոշարք)’