‘Սենսացիա. ՀՀԿ փոխնախագահը տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կապում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ’

1871

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում սենսացիոն հայտարարություն է արել: Նա տրանսպորտի թանկացման այնպիսի հիմնավորում է ներկայացրել, որ որեւէ մեկի մտքի ծայրով անգամ չէր անցնի: Վերջինս, ոչ ավել, ոչ պակաս՝ տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կապել է աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ 

Ռազմիկ Զոհրաբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հետևյալ հարցադրումն է արել, թե ինչո՞ւ ուղեվարձի թանկացման դեմ ակտիվ բողոքող երիտասարդները չեն հասկանում, որ այն, ինչ այսօր կատարվում է, իրականում «սարքվում է Հայաստանի գլխին»։

«Չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնելը։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա, ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է»,- հայտարարել է Զոհրաբյանը՝ մանրամասնելով. «Ավտոբուսների պահեստային մասերը չենք արտադրում, դրանք գնում ենք, այսինքն՝ ամեն ինչ գալիս է դրսից, սկսած «Գազել»-ներից, ավտոբուսներից։ Դրանց թանկացումները բերում են նաև տրանսպորտի թանկացման»։
Հարցին, թե ո՞վ է «սարքում Հայաստանի գլխին», ՀՀԿ-ի փոխնախագահը պատասխանել է.«Գլխին սարքելը այն է, որ Հայաստանը ուժեղ պետություն չէ, գերտերություն չէ, և գերտերությունները մի մատի շարժումով կարող են այստեղ ներքին բաներ ստեղծել։ Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, որովհետև էստեղ գնում է քաղաքակրթությունների մրցակցություն՝ Հայաստանը գնա դեպի եվրաինտեգրում, թե՝ գնա Ռուսաստանի Մաքսային միություն։ Այսպես ասած՝ վերևերների, գիգանտների կռիվը ներքևում ինչ-որ արձագանք է ստանում։ Փառք Աստծո, եթե մենք պրծնենք միայն տրանսպորտի թանկացումներով»։

 

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմեն. Հրաչյա Հարությունյանը եւս մեկ փաստաբան կունենա’
Հաջորդ հոդվածը‘Դատապարտում են լրագրող Սարգիս Գեւորգյանի աշխատանքը խոչընդոտելը’