‘
Երևանում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը արդեն սկսել է Երևան քաղաքում ավտոկայանատեղիների համար սահմանված վճարների գանձումը: Վճարովի են ավտոմեքենաների կայանման համար նախատեսված բոլոր այն վայրերը, որոնք առանձնացված են կարմիր գծանշումներով:
Ընկերության ծառայությունները շարունակում են առաջացնել վարորդների զայրույթը՝ հաշվի առնելով այն փաստը, որ առանց հասարակական քննարկումների՝ ընդունվել են որոշումներ, որոնք որևէ տրամաբանությունից չեն բխում: Մասնավորապես, «Փարքինգ սիթի սերվիսը» զգուշացնում է, որ այն ավտոմեքենաները, որոնց վարորդները 48 ժամ փոխադրամիջոցը կկայանեն առանց վճարում կատարելու՝ կտեղափոխվեն տուգանային հրապարակ: Բացի այդ, վարորդները ստիպված կլինեն վճարել նաև քարշակ ծառայության համար սահմանված 10000 դրամը:
Ովքեր են տեղափոխելու մեքենաները, ինչ իրավունքով, և արդյոք գործընթացը ընթանալու է ոստիկանության հետ համատեղ՝ այս հարցերի շուրջ MediaMall.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը նշեց, որ ոստիկանության տուգանային հրապարակներ են տեղափոխվում միայն կարգազանց վարորդների ավտոմեքենաները, իսկ կարմիր գծանշումով տարածքներում կայանված մեքենաների տեղափոխման հետ իրենք կապ չունեն: Ըստ պարոն Մալխասյանի՝ հարցի պատասխանը պետք է որոնել քաղաքապետարան — սպասարկող կազմակերպություն — դատարան շղթայում, որոնք տրված հարցի իրական հասցեատերերն են:
Զրուցեցինք «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության աշխատակցի հետ, ով նույնպես հաստատեց, որ իրենք վճարում չկատարած վարորդների ավտոմեքենաները տուգանային հրապարակ են տեղափոխում առանց ոստիկանության համաձայնության: Ընդ որում, մեքենան տեղափոխվում է ոչ թե ոստիկանության, այլ «Փարքինգ սիթիի» տուգանային հրապարակ: Անհասկանալի է՝ ինչպես կարելի է մասնավոր ընկերությանը այդպիսի իրավասություններ շնորհել:Մեր հարցին՝ ո՞ր օրենքով է ամրագրված, որ մասնավոր ընկերությունը իրավունք ունի տուգանային հրապարակ տեղափոխել քաղաքացու սեփականություն հանդիսացող գույքը՝ ընկերության աշխատակիցը հայտարարեց. «Երևանի ավագանու Ն561 որոշման համաձայն՝ մենք իրավունք ունենք վճարում չկատարած վարորդների մեքենաները տեղափոխել ընկերության տուգանային հրապարակներ: Ինչ վերաբերում է իրավական հիմքին, քանի որ որոշում կայացնողը Երևան քաղաքի ավագանին է՝ ճիշտ կլինի դիմել քաղաքապետարան»:
Փորձերը՝ կապվել քաղաքապետարանի լրատվության ծառայության հետ՝ պսակվեցին անհաջողությամբ:
Փաստորեն՝ ստացվում է, որ համայնքը իրավունք է ստանում ավագանու որոշմամբ քաղաքացու անձնական սեփականությունը տեղափոխել ինչ-որ անհայտ վայր: Հետաքրքիր է՝ արդյո՞ք նման իրավասություն ունի, ասենք, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղի ավագանին: Վստահեցնում եմ, որ ոչ: Այս աղաղակող ապօրինությունը պետք է անհապաղ վերացվի: Հակառակ պարագայում ստացվում է, որ համայնքը իր բնակչին ենթարկում է ֆեոդալական շահագործման:
Այս կապակցությամբ մեջբերենք նաև Մհեր Ղալեչյանի գրառումը ֆեյսբուքից.
«Բայց ջոկում ե՞ք, «Փարքինգ սիթին» սեփական տուգանային հրապարակ ունի, ու ով կարմիր գծերի հետ պրոբլեմ ունեցավ, ավտոն տանում են այնտեղ: Ասում են, քաղապետարանն է մեզ լիազորել: Սպանիչ իրողություն է:
Որ այդպես է, թող Արդարադատության նախարարությունը «Փարքինգ սիթիին» լիազորի, սեփական գաղութ բացեն, առավել կամակոր վարորդներին տանեն նստեցնեն, կառավարությունը լիազորի՝ սեփական դատարան բացեն, պարտք ունեցող վարորդներին դատեն, ԴԱՀԿ-ն լիազորագիր տա, գնան վարորդների տները գույքի առգրավում իրականացնեն, ոստիկանությունը լիազորի, գնան վարորդներին սեփական քաղմասեր տանեն, տփեն… նույն տրամաբանությունն է»:
‘