‘Սերգեյ Գրիգորյան. Ոտքերիս տակից աստիճանը փախել է, և ես վայր եմ ընկել լամինատե հատակին, իսկ գլուխս դիպել է բազկաթոռի թևի հատվածին’

1002

Երեկ զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, թե Էրեբունու վարչական շրջանում, գազալցակայանում ծեծի է ենթարկվել Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան  Սերգեյ Գրիգորյանը: Որոշ լրատվամիջոցներ էլ շտապեցին ոստիկանությանը մեղադրել, որ այդ կապակցությամբ հրատապ տեղեկատվություն չի տարածել, հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Նրանց հավաստիացմամբ՝ այդ մեղադրանքն անհիմն է, քանի որ Սերգեյ Գրիգորյանը և նրա հարազատները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էին, որ նա վայր է ընկել տանը: Մամլո ծառայությունը հիշեցնում է նաև, որ  այդ կարգի միջադեպերի վերաբերյալ ոստիկանությունն իր պաշտոնական կայքէջում տեղեկատվություն չի տեղադրում:
Երբ  ոստիկանները կրկին այցելել են Սերգեյ Գրիգորյանին, նա դաձյալ հերքել է ծեծի մասին լուրերը և ասել հետևյալը.

«Նոյեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, գտնվել եմ տանը և ցանկանում էի նոր վերանորոգած տան հյուրասենյակում բացել օդանցքը, որի համար կանգնել եմ ալյումինե աստիճանի վրա, սակայն երկկողմանի բացվող փականը չեմ ամրացրել… ոտքերիս տակից աստիճանը փախել է, և ես վայր եմ ընկել լամինատե հատակին, իսկ գլուխս դիպել է բազկաթոռի թևի հատվածին… Դրանից հետո երեկոյան ժամին տուն են եկել ծնողներս, որոնց պատմեցի կատարվածի մասին, և գլխիս սառը դրեցին: Հաջորդ օրը գտնվել եմ տանը, անկողնային վիճակում: Երեկոյան ժամին ուժեղ գլխացավեր եմ ունեցել և առավոտյան ապահովության համար դիմել եմ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ ունեմ գլխուղեղի ցնցում»:
Սա կատարվածի վերաբերյալ Սերգեյ Գրիգորյանի բացատրությունն է՝ առանց մեկնաբանությունների:
Տեղի ունեցածի հանգամանքները ճշտելու և ամբողջական պատկերը պարզելու ուղղությամբ ոստիկանության միջոցառումները շարունակվում են:

Նախորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն».Այն, որ Սերժ Սարգսյանն առանց կեղծիքների է նախագահ դարձել, նույնքան արժանահավատ է, որքան այն, որ Սամվել Ալեքսանյանը դեմ է մենաշնորհներին’
Հաջորդ հոդվածը‘Ընտրական գործընթացի դեգրադացում կամ «Հիշո՞ւմ եք, որ 88-ին երկրաշարժի ժամանակ ձեզ առաջին օգնությունը Ջավախքից էկավ» ‘