‘Սերգեյ Լավրովը Հայաստանը դասել է Ռուսաստանի դաշնակիցների թվին’

996

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թվարկել է Ռուսաստանի դաշնակիցներին աշխարհում: Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն, Լավրովն այդ մասին հայտարարել է «Սելիգեր 2014» համառուսաստանյան երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Նրա ասելով, ՌԴ դաշնակիցների թվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամները, Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի գծով Ռուսաստանի գործընկերները, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԲՌԻՔՍ-ը: Ընդ որում նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մի վատ բան չի տեսնում այն առնչությամբ, որ իր դաշնակիցները որոշ հարցերի շուրջ Մոսկվայից տարբեր կարծիք են ունենում:

«Ահա, օրինակ, ՆԱՏՕ-ն միասնական դաշինքով է քվեարկում միշտ և ամենուր: Իսկ ովքե՞ր են Ռուսաստանի դաշնակիցները: Մենք շատ դաշնակիցներ ունենք: Եվ երբ պնդում են, որ ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները միշտ չէ, որ քվեարկում են Ռուսաստանի հետ համահունչ, մենք այդ առիթով ոչ մի ողբերգություն չենք սարքում՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որտեղ այլախոհության ցանկացած դրսևորում պատժելի է»,- նշել է նա:

Լավրովը նաև հայտարարել է, թե Ռուսաստանի վրա ավելի շատ են հարձակվում, քան մյուսների վրա, քանի որ ռուսները չեն քաշվում շարադրել սեփական տեսակետը, հաղորդում է Russia Today-ը:

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված չէ Արևմուտքի հետ առճակատմամբ և պատժամիջոցների խստացմամբ: «Կարող եմ ասել միայն, որ դեռ Ուկրաինայից շատ առաջ ՌԴ նկատմամբ  հարձակումները միանգամայն անհամարժեք բնույթ էին ստանում: Ամեն ինչ սկսվել է անհամեմատ ավելի շուտ, քան այս տարվա գարնանը», — ընդգծել է նա: Որպես օրինակ՝ ՌԴ արտգործնախարարը նշել է Սիրիայի իրավիճակը՝ հայտարարելով, թե ԱՄՆ և Եվրամիությունը խոչընդոտում են համաշխարհային սպառնալիքների կասեցմանը նպատակաուղղված Ռուսաստանի գործողություններին` ձգտելով արհեստականորեն հետաձգել բազմաբևեռ և բազմակենտրոն աշխարհի իրագործումը, որն արտացոլում է համաշխարհային զարգացման օբյեկտիվ միտումները: 

ՀԱՊԿ-ին, բացի Ռուսաստանից, անդամակցում է ևս հինգ երկիր՝ Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Բելառուսը: Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը և Չինաստանը: ԲՌԻՔՍ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը: Իսկ Եվրասիական տնտեսական միության մեջ մտնում են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը:

Նախորդ հոդվածը‘Կալիֆորնիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել ‘
Հաջորդ հոդվածը‘Բաղդասարովի գույքը պետականացվեց’