‘Սերգեյ Լավրով. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը և ղարաբաղյան հակամարտության լուծումը տարբեր հարցեր են’

873

Եվրասիական տնտեսական միության ստեղծման հարցը պետք չէ կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը:

Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին ԵԱՏՄ անդամակցելու հատուկ հրավեր չի ուղարկել: «Սակայն մենք ուրախ կլինեինք, եթե մեր գործընկերային հարաբերությունները զարգանային բազմակողմանի, այդ թվում` նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: ԵԱՏՄ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տնտեսական միություն է, և այս ամսվա վերջին այդ միությանը կանդամակցի նաև Հայաստանը: Իսկ Ղարաբաղի հարցը միջազգային իրավունքի այլ սուբյեկտ է: Ինչպես գիտեք, հայկական կողմը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը տեղի կունենա այն սահմանների շրջանակում, որոնցում նա անդամակցել է այլ կազմակերպությունների, այդ թվում` ԱՀԿ-ին: ԵԱՏՄ-ին անդամակցումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը միանգամայն տարբեր հարցեր են: Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այսուհեև էլ կնպաստի այդ հակամարտության կարգավորմանը  խաղաղ ճանապարհով», — ասել է Լավրովը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող համակողմանի և բարիդրացիական հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով: «Մենք Ադրբեջանը համարում ենք լուրջ գործընկեր Հարավային Կովկասում  և շահագրգռված ենք այդ հարաբերությունների խորացմամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախորդ տարվա Ադրբեջան այցից հետո  այդ հարաբերություններն ինտենսիվ բնույթ են ստացել», — հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտությունը: Նա նաև մեկնաբանել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն առնչվող հարցը: Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնել: «Այժմ մենք սպասում ենք այդ հանդիպման կազմակերպման վերաբերյալ Ֆրանսիայի պատասխանին», — եզրափակել է նա:

Նախորդ հոդվածը‘Արդարանալու ժամանակն անցել է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ս.Սարգսյան. Ամեն ինչ վերջացած է’