‘Սերգեյ Պոլոնսկին ոստիկանությունից թաքնվում է Կամբոջայի ջունգլիներո՞ւմ’

1436

Միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուսաստանցի գործարար Սերգեյ Պոլոնսկու փաստաբանը պնդում է, որ Կամբոջայի ոստիկանությունը իր պաշտպանյալին ձերբակալելու գործողություն է անցկացնում, սակայն վերջինիս հաջողվում է առայժմ թաքնվել ջունգլիներում: Փաստաբանի՝ այսօր առավոտյան «Интерфакс»-ին հասած հայտարարության մեջ ասվում է, որ Կամբոջայում սկսվել է գործարարին բռնելու գործողություն, որին մասնակցում են մի քանի տասնյակ զինված ոստիկաններ. նրանք երեք նավակներով ուղևորվել են դեպի գործարարին պատկանող կղզին: Փաստաբանը նշում է, որ ոստիկանությունում իր ունեցած աղբյուրներից այդ տեղեկատվությունն ստանալուն պես Պոլոնսկին «անմիջապես հեռացել է կղզուց և այժմ թաքնվում է ջունգլիներում»: «Պոլոնսկուն ձերբակալելու հարցում Կամբոջայի ոստիկանության այս աշխուժացումը կապված է այն բանի հետ, որ Սերգեյը Facebook -ում տեղադրել է մի տեսագրություն, որում Կամբոջայի ոստիկանության պաշտոնյան նրանից մեկ միլիոն դոլար է շորթում՝ Ռուսաստանի իշխանություններին նրան չհանձնելու դիմաց»,- պնդում է փաստաբանը:

Պոլոնսկին միջազգային հետախուզման մեջ է գտնվում հոկտեմբերի 14-ից: Հուլիսի 14-ին նրան Ռուսաստանում հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվել բնակելի համալիրի շինարարության ընթացքում խարդախության համար: Հետաքննության տվյալներով՝ ամբաստանյալը «ավելի քան 5,7 միլիարդ ռուբլի է շորթել բնակելի համալիրի շինարարության բաժնետերերից»: Նրա գործողություններից տուժել է 80-ից ավելի քաղաքացի, փոխանցում է Interfax.ru-ն:

Երկուշաբթի առավոտյան Սերգեյ Պոլոնսկու փաստաբանը ոչ պաշտոնական լուր է ստացել, թե ոստիկանությանը, այնուամենայնիվ, հաջողվել է ձերբակալել իր պաշտպանյալին: Այդ մասին նա հայտնել է ИТАР-ТАСС-ի թղթակցին:

Նախորդ հոդվածը‘«ԱՐՏ լաբորատորիայի» անդամը պատմել է դեպքի մանրամասները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Ժողովուրդը վերցնում է գումարը, բայց քաղաքական ուժերից պահանջում է պայքարել արդարության համար ‘