‘
Ինչպես երեւում է բանակի արդիականացման 7-ամյա ծրագրից, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը արդեն կանխորոշել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման անհնարինությունը: ՊՆ հրապարակած փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «Չնայած ՀՀ կշարունակի ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ եւ խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականությունը, հակամարտության վերջնական կարգավորման հավանականությունը ցածր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական ղեկավարության առավելապաշտական մոտեցումները»:
Հասկանալու համար, թե ինչու՞ է Ադրբեջանի ղեկավարությունը դրսեւորում այսպիսի մոտեցումներ, եւ հետեւաբար՝ մերժում հակամարտության կարգավորման բանակցային ճանապարհը, ուշադրություն դարձնենք Ալիեւի՝ վերջերս արտահայտած հետեւյալ մտքին. «Հայաստանը լիովին դուրս է տարածաշրջանային համագործակցության բոլոր ձեւերից: Սա բնական է: Քանի որ դա մեր քաղաքականությունն է»: Տասնյակ տարիներ Հայաստանը մեկուսացման մեջ պահելու ադրբեջանական մարտավարությունը, փաստորեն, մանեւրելու հնարավորություն է տալիս նրանց: Մի կողմից՝ Ադրբեջանն ինտենսիվ կերպով զարգացնում է տարածաշրջանային համագործակցությունը հարեւան բոլոր պետությունների հետ, բացառությամբ՝ Հայաստանի, այսինքն, շարունակելով վերջինիս մեկուսացումը՝ տնտեսապես ավելի ուժեղանում եւ հզորանում է, իսկ մյուս կողմից՝ մերժելով բանակցային գործընթացը՝ ժամանակ շահում՝ սպասելով հարցը լուծելու առավել նպաստավոր պահի: Այսինքն՝ շրջափակման քաղաքականությունը, ինչպես եւ ապացուցում են վերջին երկուսուկես տասնամյակները, միանգամայն կործանարար է Հայաստանի եւ Արցախի համար, եւ ճիշտ հակառակը՝ շահավետ է Ադրբեջանի համար:
Իրավիճակը ավելի է բարդանում՝ հաշվի առնելով Հայաստանում առկա երկու հիմնական եւ աղետաբեր խնդիրները՝ չդադարող արտագաղթը եւ ծայրաստիճան աղքատության բարձր ցուցանիշը: Ավելորդ չէ հիշեցնել, որ գործող իշխանությունն է ստանձնել շրջափակման պայմաններում զարգանալու քաղաքականություն վարելու պատասխանատվությունը, եւ նույնիսկ եթե ո՛չ անցյալում, ո՛չ էլ տեսանելի ապագայում, ի դեմս Ադրբեջանի՝ չկար կամ չկա խաղաղության գործընկեր, եւ շրջափակումը անխուսափելի իրողություն է, ապա այս ամբողջ ընթացքում Հայաստանի իշխանությունների նվազագույն պարտքը պետք է լիներ տնտեսության զարգացման, համակարգված կոռուպցիայի վերացման, արդարադատության եւ ժողովրդավարական արժեքների հաստատման միջոցով երկրի հզորացման ապահովումը, բնականաբար՝ այս ամենը զուգորդելով բանակի արդիականացման հույժ կարեւոր գործի հետ: Միայն այդպես հնարավոր կլիներ, եթե ոչ ամբողջությամբ, այլ գոնե շեշտակի կասեցնել արտագաղթը եւ բնակչության կենսամակարդակը պահել քիչ թե շատ ընդունելի մակարդակում: Եթե Ադրբեջանը մերժում է բանակցությունները՝ առաջ տանելով իր ծրագիրը, նշանակում է՝ ի դեմս Հայաստանի եւ Արցախի շարունակում է տեսնել թույլ ուժի: Հակառակ պարագայում, այսինքն՝ մեր երկրի զարգացման եւ հզորացման դեպքում, Ադրբեջանը ոչ միայն ավելի զուսպ կեցվածք կպահպաներ Հայաստանի նկատմամբ, այլեւ անդադար չէր մերժի հակամարտության կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները: Նույնը կարելի է ասել նաեւ միջազգային հանրության մասին, որովհետեւ այն բոլոր արատավոր երեւույթները, որ կան Հայաստանում, տեսանելի եւ շոշափելի են նաեւ նրանց համար, ինչն, անկասկած, ազդում է վերջիններիս դիրքորոշումների վրա:
Միամտություն կլիներ ակնկալել, որ վարչախումբը, նախեւառաջ, հաշվետվություն կտար անցած տարիների իր ապաշնորհ գործունեության համար, ինչի միակ տրամաբանական հանգուցալուծը պետք է լիներ անհապաղ հրաժարականը: Եւս մեկ անգամ շեշտենք, որ եթե շրջափակումը ինչ-ինչ պատճառներով (օրինակ՝ արտաքին) թե նախկինում, թե ներկայումս անխուսափելի իրողություն է, իսկ դա հենց այս իշխանության առաջ քաշած թեզն է, ապա անցած 20 տարում նույնիսկ մի լումայի յուրացումը բանակից կամ տնտեսությունից, էլ չասած՝ պետության հիմքերը քանդող այլեւայլ երեւույթներ, տեղ չպետք է գտնեին մեր իրականության մեջ: Փոխարենը՝ անբացատրելի մի լկտիությամբ, իշխանական քարոզչությունը փորձում է արդարանալ, թե իբր 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո է միայն բացահայտել թալանի այն աստիճանը, որ կար բանակում (կամ առհասարակ):
Ինչպես ասացինք՝ անցյալի համար այս իշխանությունը պատասխանատվություն ստանձնելու ոչ միտք ունի, ոչ էլ բարոյականություն, ուստի փորձենք հասկանալ, թե վարչախումբն ստեղծված իրավիճակից դուրս գալու ինչպիսի ճանապարհ է առաջարկում աղքատության մեջ մի կերպ գոյատեւող կամ արտագաղթի ուղին բռնած հասարակությանը: Կարելի էր մտածել, որ նման դրության մեջ հայտնված որեւէ այլ իշխանություն բոլոր ջանքերը կգործադրեր դիվանագիտության միջոցով բանակցություններում ճեղք բացելու, կամ հասարակական գիտակցության մեջ խաղաղության գաղափարը արմատավորելու, ինչպես նաեւ տնտեսության իրական, այլ ոչ թե նկարչական հնարքներով կազմված աճ արձանագրելու ուղղությամբ: Սակայն մենք ականատեսը չենք, օրինակ՝ «Ազգ-տնտեսություն» կամ «Ազգ-խաղաղություն» ծրագրերի իրագործմանը, ավելին՝ Հայաստանի անթիվ-անհամար խնդիրներին օր օրի գումարվում են նորերը, իսկ կեղծած հանրաքվեի, ընտրությունների, Սահմանադրության եւ իշխանության փաստացի վերարտադրության պայմաններում Հայաստանը կամաց-կամաց դասվում է բռնապետությունների շարքին: Բռնապետություն, որի գոյության միակ երաշխիքը պետք է լինի բանակը, ուստի եւ հենց «Ազգ-բանակ» հայեցակարգն է ներկայացված որպես «զարգացման» ծրագիր:
Եթե «Ազգ-բանակի» ճարտարապետներին թվում է, որ ներկայիս ծանր սոցիալական, արդարության բացակայության եւ, որ ամենակարեւորն է՝ չդադարող արտագաղթի պայմաններում նրանց հաջողելու է շրջափակման մեջ գտնվող պետությունում որեւէ զարգացում ապահովել, կամ ինչպես իրենք են նշում՝ «պետական եւ հասարակական կենսագործունեության համար «հավելյալ արժեք» ստեղծել», ապա չարաչար սխալվում են: Որովհետեւ «Ազգ-բանակի» առաջացման ամենահիմնական շարժառիթ հանդիսացող խաղաղության անհնարինությունը ինքնին բացառում է հզոր բանակ ունենալու տեսլականը: Եթե ամեն վայրկյան, ինչպես պնդում է վարչախմբի քարոզչամեքենան, պատերազմի վերսկսման վտանգը կախված է Հայաստանի եւ Արցախի գլխին, ուրեմն բանակի կամ ազգ-բանակի հիմնական բաղադրիչ՝ զինվորը կամ սպան, այսինքն՝ քաղաքացին, շարունակելու է արտագաղթել՝ նպաստելով զինվորականության թվի նվազմանը: Եւ իրականում սա է պատճառը, որ պաշտպանության նախարարությունը գլխակորույս փորձում է տարատեսակ գայթակղիչ ծրագրերի միջոցով բոլորին ներգրավել բանակի պահպանման, այլ ոչ թե զարգացման կամ արդիականացման գործին: Եւ վերջապես, եթե խաղաղությունն անհասանելի է, տարածաշրջանն ու աշխարհն՝ այդքան անկանխատեսելի, իսկ պատերազմի վտանգը՝ օրհասական, ապա առնվազն արդեն երեկ Երեւանի կենտրոնում պետք է դադարեցվեին բոլոր պետական շինարարական աշխատանքները, եւ այդ ռեսուրսները՝ թե մարդկային, թե ֆինանսական, անհապաղ ուղղվեին առաջնագիծ, որտեղ, ինչպես վերջերս պարզվեց՝ 20000 տուֆ է անհրաժեշտ մատակարարել, ինչի գումարը հայթայթելու գործը ՊՆ ուժերից վեր էր:
Մնում է ավելացնել, որ Հայաստանի բռնատիրական իշխանությունները իրական բարեփոխումներ կատարելու կամք, ցանկություն եւ հեռատեսություն չունենալու պատճառով, շրջափակման պայմաններում սեփական իշխանությունը պահելու նպատակով դիմել են այս վերջին հնարին՝ «Ազգ-բանակի» միջոցով երկիրը ռազմակայանի վերածելու արկածախնդրությանը, ինչի հետեւանքները, դժբախտաբար, աղետալի են լինելու Հայաստանի եւ Արցախի համար: Վերջինս վաղուց է ապրում ռազմականացված կյանքով, որտեղ բնակչության մեծ մասը այս կամ այն կերպ կապված է բանակի հետ, որովհետեւ աշխատանքի այլընտրանք գրեթե չկա: Նույնն էլ սպառնում է Հայաստանին:
«Ազգ-բանակը» ուղիղ հետեւանքն է 20 տարի առաջ որդեգրած ստատուս-քվոյի պահպանման քաղաքականության, գումարած ամբողջ այս տարիների ընթացքում ռեժիմի՝ իշխանությունը արյան գնով, ատամներով պահելու անհագ ցանկությունը, եւ բոլոր նրանք, ովքեր ոգեշնչված են «Ազգ-բանակի» մարգարեականությամբ եւ այսօր սատարում են իշխանությանը, ոչ պակաս պատասխանատու են լինելու վաղվա օրվա համար: Թեեւ այս իշխանության հետ գործ բռնողը պատասխանատվության զգացողությունը դժվար թե կարողանա պահել:
‘