‘
Պատմության ողջ ընթացքում գրեթե բոլոր պետական միավորումների կենսագործունեությունը կարելի է բաժանել երկու փուլի՝ նախապատերազմական կամ նախապատրաստական և բուն պատերազմական։ Այն ժամանակահատվածը, երբ պետությունը գտնվում է ոչ պատերազմական դրության մեջ, ռազմագիտության մի շարք տեսաբաններ անվանում են նախապատրաստական, գաղտնի մոբիլիզացիոն շրջան, որտեղ տվյալ պետությունը՝ արտաքուստ խաղաղության պահպանման քողի տակ, փորձում է հնարավորինս լավ պատրաստվել գալիք պատերազմին, երբ էլ այն լինի։
Եթե հարաբերական խաղաղ գոյատևման պայմաններում գտնվող որևէ տարածաշրջանի երկրների պարագայում այս բանաձևը կարող է կրել տեսական բնույթ, ապա բնական է, որ սառեցված հակամարտությունների պարագայում այն գործնական է և շոշափելի։ Երբ ընդհանուր սահման ունեցող երկու պետություն տևական ժամանակ զինվում է՝ ռազմական ոլորտին տրամադրելով իրենց պետությունների ռեսուրսների զգալի մասը, այս ամենը զուգորդելով միմյանց նկատմամբ բավականին կոշտ հռետորաբանությամբ, տրամաբանական է, որ իրադարձություններին հետևող որևէ երրորդ կողմ իրավամբ կարող է արձանագրել, որ ցանկացած պահի հնարավոր է՝ վերսկսվեն ակտիվ ռազմական գործողություններ, ճիշտ այնպես, ինչպես օրեր առաջ դա արեց Միջազգային ճգնաժամային խումբը (ICG)՝ իր ծավալուն զեկույցում հստակ նշելով, որ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը խիստ մեծ է։
Այս պարագայում, բնականաբար, տարբեր տրամաչափի գործիչներ շտապում են ի լուր աշխարհի հայտնել իրենց զարմանքը զեկույցի այս կամ այն վիճելի պարբերությունների վերաբերյալ՝ որերորդ անգամ կողմնակալ և անհասկացող աշխարհին բացատրելով, որ մենք՝ հայերս, ինչպես միշտ խաղաղ ենք մեր լեռների պես, իսկ ագրեսորին պետք է փնտրել Բաքվում։ Իրականությունը, սակայն, մեղմ ասած՝ մի փոքր այլ է։
20 տարի առաջ, Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակները մեծ ոգևորությամբ ընդունեցին Արցախի հարցում ստատուս քվո պահպանելու մարտավարությունը։ Ըստ էության, դա ենթադրում էր, որ հայկական պետությունը անժամկետ պարտավորվում է այնպիսի ռազմական, տնտեսական քաղաքականություն վարել, որի արդյունքում ցանկացած պահի պատրաստ կլինի դիմակայել ադրբեջանական ագրեսիային։ Այսինքն, դա տևի 5, 10 կամ 20 տարի, Հայաստանը և Արցախը բոլոր հնարավոր հարթակներում բարձրաձայնելու էին (և այդպես էլ կար ու կա) շփման գծում կրակի դադարեցման պայմանները չխախտելու, ռազմական էսկալացիան բացառելու և խաղաղ բանակցությունների միջոցով ինչ-որ լուծում գտնելու օգտին, միևնույն ժամանակ, մշտապես պատրաստ լինելով պատերազմին, հաշվի առնելով հակառակորդի անզիջողականությունն ու մերժողականությունը: Այս մարտավարության հիմքում պետք է լիներ այնպիսի մի հաշվարկ, որը նախապատրաստական, նախապատերազմական շրջանում կապահովեր պետության ռազմատնտեսական զարգացման այնպիսի ցուցանիշներ, որ՝
ա) հակառակ կողմին մշտապես կզսպեր վերսկսել պատերազմը
բ) որևէ պահի կստիպեր հակառակ կողմին նստել բանակցությունների սեղանի շուրջ և գնալ այն զիջումներին, որոնց նախկինում պատրաստ չէր:
Տեղին է նկատել, որ ստատուս քվոն պահպանելու մարտավարությունը միակողմանի չի ընդունվել։ Ադրբեջանը թեև մշտապես հայտարարել է, որ ստատուս քվոն անընդունելի է իր համար, բայցևայնպես տևական ժամանակ սպասել է, և հենց դա էլ եղել է իրենց հաշվարկը։ Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ պատրաստ էր Կազանում զիջել 7 շրջան, սակայն Ադրբեջանը չի համաձայնել, արդյո՞ք դա հենց ստատուս քվոն պահելու հայաստանյան հաշվարկի ձախողման ազդանշանը չէր։ Բնական է, որ հաջորդ քայլը պետք է լիներ ռազմական էսկալացիան։ Ի՞նչ կապ ունի՝ հաջողվե՞ց Ադրբեջանին գրանցել շոշափելի արդյունք ապրիլին, թե՞ ոչ։ Դա ոչ մի կերպ չի փոխում իրադարձությունների զարգացման տրամաբանությունը։
Ինքնախաբեության վերջը ինքնակործանումն է։ Սահմանին զոհվող յուրաքանչյուր զինվորի ընտանիքի առաջ մեղավոր և պատասխանատու ենք նախևառաջ մենք, մենք՝ որպես պետություն և հասարակություն, որ չենք ընդունում անհերքելի այն փաստը, որ սխալվել ենք մեր հաշվարկի մեջ եւ դրանով նպաստել ենք հակառակ կողմի հաշվարկի իրականացմանը։ Բոլշևիկները մեղավոր են՝ ստեղծեցին այդ պետությունը, օսմանցիները մեղավոր են՝ ցեղասպանեցին և կործանեցին մեր պետությունը, իսկ 20 տարի մեր կողքը ձևավորված հասարակությունը (ինչպիսին էլ այն լինի), որ ինքնահաստատվում է մեր դեմ թշնամություն սերմանելով իր սերունդներին, այստեղ կա՞ մեր մեղքը, գոնե հիմա, այսօր։
Գանք այսօրվան և նորից կտեսնենք նույն սխալը։ Ի՞նչ են առաջարկում ոչմիթիզականները, ինչպիսի՞ հաշվարկ են ներկայացնում, նախապատերազմական այս շրջանից ինչպե՞ս են ցանկանում (եթե ցանկանում են, իհարկե) դուրս բերել Հայաստանն ու Արցախը։ Բանակցությունների սեղանին, ըստ էության, նույն փաստաթուղթն է, իսկ ոչմիթիզականի օրակարգում ստացվում է՝ նույն պատերազմը, որի նախապատրաստման համար ոչ անցյալում, ոչ էլ հիմա նրանք ոչինչ չեն արել:
Ապրիլյան իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը թերացել է: Շփման գծի ամրացման համար կազմակերպված միջոցառումները տասնամյակների ընթացքում չկատարած աշխատանքները լրացնելու ամոթալի մի փորձ էին՝ հասարակության առաջ դեմքը փրկելու ճղճիմ մի հնարք, որից լավագույնս օգտվեցին նորահայտ, խրամատ փորող դաշտային հրամանատարները: Դրան էլ հաջորդեց ազգ-բանակ գաղափարախոսությունը, որը յուրաքանչյուր ոչմիթիզականի համար բաղձալի հարթակ է մինչեւ վերջ իր պոտենցիալը օգտագործելու՝ հանուն ստատուս քվոյի հավերժ եւ ամուր պահպանման: Սակայն, կրկին, բացի համատարած ասուլիսներից, գործնականում՝ ոչ մի քայլ եւ գործողություն:
Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) իր զեկույցում եւս մեկ՝ կարեւոր եւ անհերքելի փաստ է արձանագրել, այն է՝ պատերազմը կործանարար է լինելու բոլոր կողմերի համար: Այսինքն, ոչմիթիզականը (լինի պետական-քաղաքական գործիչ, թե շարքային քաղաքացի) 20 տարի որդեգրած սխալ, անհեռատես քաղաքականության արդյունքը ոչ միայն չի տեսնում եւ չի ցանկանում կրել պատասխանատվություն, այլեւ մի բան էլ ավելի՝ շարունակում է սահմանին զոհվող ամեն զինվորի կյանքի գնով պնդել ծայրից ծայր կործանարար, երկրի համար աղետաբեր իր գաղափարները:
Արցախի հարցում Հայաստանը՝ որպես պետություն, մենք՝ որպես հասարակություն, պարտավոր ենք մեզ տրված ժամանակափուլերը այնպես կառավարել, որպեսզի վաղը չպարզվի, թե պատերազմն անխուսափելի մի աղետ էր, որ վրա հասավ, եւ մենք դրա հասունացման գործում որեւէ մեղք չունենք:
‘