‘
Արմեն Սարգսյանը դառնում է նախագահ։ Չնայած որ երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը, թույլ չի տալիս դա։ Չնայած որ քաղաքացիության հարցի հետ կապված նույնպես խնդիր ունի։ Արմեն Սարգսյանը դառնում է նախագահ մարտի 1-ի ոճրագործության հիշատակի ճիշտ հաջորդ օրը։
Նորից կրկնենք՝ Արմեն Սարգսյանը դառնում է նախագահ, մինչդեռ Սահմանադրությունը արգելում է դա։ Հասկանո՞ւմ եք՝ ինչպիսի երկրում է հնարավոր այսպիսի իրավիճակ։ Այո՜, անօրինական եւ բռնապետական երկրում, որը, սակայն, «օժտված է» մի կարեւոր առանձնահատկությամբ։ Արմեն Սարգսյանը նախագահ է դառնում թույլ պետությունում։ Նա ընտրվում է քաղաքականապես թույլ խորհրդարանի կողմից։ Բրիտանական պառլամենտը մոտիկից տեսած մարդու համար սա վիրավորական պետք է լիներ։
Միայն թույլ պետությունում է հնարավոր՝ բնակվելով Վահագնի թաղամասում, քաղաքացիներից լվացքի մեքենայի կամ տուֆի փող հավաքել բանակի համար։ Պետությունը թույլ է, երբ իշխանությունն իր պաշտոնական պարտականությունները կատարելու գործը շփոթում է բարեգործության հետ։ Արմեն Սարգսյանը նույն տրամաբանությամբ է առաջնորդվում, նա էլ է ուզում մի բարի գործ արած լինի իր երկրի համար՝ ինքն էլ չհասկանալով, ակամայից, ինչպիսի մեծ վնաս է հասցնելու այս պետությանը։
Արմեն Սարգսյանը, լեգիտիմության նշույլ անգամ չունենալով՝ դառնում է Հայաստանի նախագահ, եւ դա հարված է այս պետությանը՝ ոչ այն պատճառով, որ նա ավելի վատն է, ավելի հանցագործ է իր նախորդ երկուսի համեմատ, այլ՝ որովհետեւ իր ներկայությամբ շարունակելու է թուլացնել այս երկիրը։ Հասարակությունը «Ո՜չ» էր ասել այս սահմանադրական փոփոխություններին, Արմեն Սարգսյանն այսօր վերջակետ է դնում՝ լեգիտիմացնելով իշխանությունների այդ եւ շատուշատ այլ կեղծիքները՝ չհասկանալով մի պարզ ճշմարտություն, որ դիվանագիտական հմտությամբ լռելն ու այս իրողություններն անտեսելը նույնպիսի վերջակետ են դառնալու իր բոլոր պայծառ գաղափարների իրագործման համար։
Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ՝ նախորդ տասնամյակների ընթացքում Հայաստանում իրենց գործունեությունը ծավալած բազմաթիվ գործարարներ, հասարակական գործիչներ, մտավորականությունը, բժիշկները, մարզիկները, բոլորը կարող էին իրենց ազդեցիկ խոսքն ասել այս ռեժիմի դեմ, սակայն գրեթե բոլորը լռել են, եւ Արմեն Սարգսյանը նախագահ է դառնում այդ լռության մեջ՝ հույս տածելով որեւէ դրական քայլ կատարել այսպիսի մթնոլորտում։ Նա կարող էր մերժել այս առաջարկը, եւ դրանով իսկ արդեն մեծապես կօգներ երկրի զարգացմանը։ Փոխարենը՝ նա գալիս-խառնվում է մռայլ, խավարամիտ այս վերնախավ կոչվածի հոսանքին։ Եւ որքան էլ ռեժիմը տակնուվրա է արել պետության բնականոն զարգացման ընթացքը, որքան էլ ասպատակել է սեփական ժողովրդին, ի հեճուկս նրա, եւ այսուհետ նաեւ ռեժիմի բոլոր խամաճիկների, գիտակից քաղաքացիական հասարակությունն իր ազատությունների նվաճման գործում չի՛ պատրաստվում թեւեաթափ լինել, եւ նրա համար Արմեն Սարգսյան անուն ազգանունով նախագահ չկա։
Ժամանակը ցույց կտա, թե այս իրականության մեջ ինչի է ընդունակ Արմեն Սարգսյանը: Բայց ինչ էլ անի, միեւնույն է՝ մեկնարկային կետից նա չի վայելում ո՛չ օրենքի, ո՛չ էլ հասարակության վստահությունը, եւ թո՛ղ չկասկածի, որ քաղաքացիական ամուր գիտակցությամբ առաջնորդվող հասարակությունը որեւէ վայրկյան չի դադարելու պայքարել սեփական իրավունքների հաստատման համար՝ բոլորից պահանջելով հարգել պետության Սահմանադրությունը։
‘