‘
Իշխանության թաքնված կամ բացահայտ քարոզչական խմբերը չեն դադարում իրենց զորակցությունը հայտնել «Ազգ-բանակ» ցնորամտությանը։ Այժմ էլ, իբր՝ խիստ ինտելեկտուալ շրջանակների կողմից ասպարեզ է նետվում «Ազգ-բանակի» այլընտրանքի՝ խաղաղության մեզ համար անհասանելիության մասին թեզը, ինչին էլ անմիջապես հաջորդում է «Ազգ-բանակ» ռեժիմով գոյատեւելու անխուսափելի հետեւությունը։
«Խաղաղությունն անհասանելի է» միտքը կեղծ է, որովհետեւ խնդրո առարկա խաղաղության հարցի լուծման պատասխանատվությունը քարոզչամեքենան իշխանության ուսերից նրբորեն տեղափոխում է Բաքու: Պարզվում է` այնտեղ են պատասխանատու մեր խաղաղության համար, ոչ թե այստեղ: Այս կեղծիքը հետապնդում է մի նպատակ, այն է՝ շրջանցելով տարիներ շարունակ Հայաստան պետությունը քայքայող բազմաթիվ արատավոր երեւույթների հաղթահարման անհրաժեշտության հարցը, բնակչությանը դատապարտել «Ազգ-բանակ» ռեժիմով ապրելու ճարահատյալ քայլին։ Իսկ շրջանցել այդ հարցերը, նշանակում է կոծկել գործող իշխանությունների ապօրինություններն ու անգործությունը՝ նպաստելով վերջիններիս անպատասխանատու վարքագծի շարունակականությանը։ Սա է պատճառը, որ այսպիսի մարդիկ թքած ունեն Հայաստանում ժողովրդավարության հաստատման, ընտրությունների չկեղծման, համակարգված կոռուպցիայի վերացման վրա։ Այս հարցերի շրջանակում նրանք անելիք չունեն, փոխարենը՝ թմբկահարելով խաղաղության անհասանելիության մասին, ջանք ու եռանդ չեն խնայում մատնանշելու «Ազգ-բանակ» ռեժիմը` որպես ազգի փրկության միակ ճանապարհ։
Դժվար չէ նկատել, որ «Խաղաղությունն անհասանելի է» միտքն արդարացվում է միմիայն Ալիեւի վարքագծով։ Մի՞թե պարզ չէ, որ Բաքվի տոնայնությունը երբեւէ չէր անցնի սեփական լսարանի սպառման նպատակով թողարկվող հռետորաբանության սահմաններից եւ չէր դառնա իրական սպառնալիք խաղաղության հաստատման ճանապարհին, եթե Հայաստանը վերոբերյալ արատների ուղիղ հետեւանքով չթուլացներ իր դիրքերը թե՛ ռազմական, թե՛ տնտեսական եւ թե դիվանագիտական ուղղություններով։ Մնում է հայտարարեն, որ Հայաստանն այս վիճակին է հասել տարիներ շարունակ Ալիեւների ընտանիքի կազմակերպած համակարգային թալանի պատճառով, եւ պատկերը կամբողջանա։
Իշխանությանն սպասարկու շրջանակների համար խաղաղությունն անհասանելի չէր թվա, եթե առաջին հերթին հենց իրենք պահանջեին իրենց սիրելի իշխանություններից ժողովրդավարական, հետեւաբար նաեւ` ուժեղ պետություն կառուցելու անմիջական պարտականությունների կատարումը։ Իսկ պահանջելը նրանց համար կամ նույնքան անհասանելի է, կամ էլ պարզապես թույլատրված չէ։ Ու սեփական գոյությունն ապահովելու համար սրանց մնում է միայն, խաղաղության անհնարինության մեղավորությունը բարդելով Ալիեւների վրա, ժողովրդի գիտակցության մեջ կաթացնել «Ազգ-բանակ» ռեժիմով ապրելու մոլորությունը։ Ավելին` քարոզչամեքենան չի զլանում նաեւ 1990-ական թվականների հաջողությունները կապել «Ազգ-բանակի» իրենց պատկերացումների դրսեւորումների հետ, այնինչ նույնիսկ պատերազմի ամենադժվար օրերին Հայաստանի իշխանություններն ուսանողներին չեն զրկել տարկետման իրավունքից: Միայն այս պարզ փաստի աղավաղումը ցույց է տալիս այս մարդկանց` պետության եւ քաղաքականության մասին ունեցած գաղափարների սնանկության մասին:
Հետաքրքիր է նաեւ մեկ այլ հանգամանք։ Քարոզչամեքենան չի հասկանում` ինչպիսի փաստի առաջ են կանգնեցնում իրենց իսկ սիրելի եւ անփոխարինելի իշխանություններին, որովհետեւ վերջիններս ոչ թե խաղաղության հասնելու, այլ նախեւառաջ «ստատուս քվոն» հավերժ պահպանելու ծրագրով են (համենայն դեպս՝ այդպես էին հայտարարում) եկել իշխանության, ինչն առավե՛լ եւս պահանջում էր ուժեղ եւ զարգացած պետություն կառուցել անցած երկու տասնամյակներում։ Եւ փաստորեն, ծայրից ծայր ձախողելով, ներկայումս իշխանությանն այլ բան չի մնում, քան արդարանալ «Խաղաղությունն անհասանելի» է կեղծ քարոզչությամբ։
Խաղաղությունն անհասանելի չէր թվա, եթե այս իշխանություններն իրենց կառավարման տարիների ընթացքում հոգ տանեին ոչ թե սեփական գրպանների մասին, այլ լծվեին Հայաստանի ժողովրդավարացման, տնտեսական եւ ռազմական զարգացման, արտագաղթի դադարեցման եւ մի շարք այլ՝ խիստ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործին։ Այսօր էլ է Հայաստանը կանգնած նույն խնդիրների առաջ, եւ արժանապատիվ խաղաղության, այլ ոչ թե պարտադրված խաղաղության հասնելու բանալին նույն տեղում է թաքնված։ Պե՛տք չէ հեծանիվ հնարել՝ պետության անվտանգության եւ զարգացման գործը կապելով ինչ-որ վերացական գաղափարների հետ։ Պե՛տք չէ խաբել հասարակությանը՝ հավաստիացնելով, թե խաղաղությունն անհասանելի է։ Հասանելի է, եթե իշխանությունը ցանկություն եւ դրան ուղղված համապատասխան քայլերն ի կատար ածելու կամք ունենա։ Մինչ այս, սակայն, գործող իշխանությունն ուղիղ հակառակն է ապացուցել։ Ահա սրա մասին թող մտածեն քաղհասարակության հոգսն իրենց ուսերին առած որոշ շրջանակների ներկայացուցիչներ:
‘