‘Սերժը ճրագով պաշտպան է որոնում ‘

2922

Հին Հունաստանում Դիոգենես անունով փիլիսոփան հայտնի էր ոչ միայն նրանով, որ հրապարակներում հաց էր ուտում եւ ծտերի նման ծլվլում, այլեւ նրանով, որ ցերեկ օրով, լապտերը ձեռքին՝ դուրս էր գալիս փողոց եւ անցնելով մարդկանց բազմության միջով՝ գոռում էր. «Մարդ եմ ման գալիս »: Իր այդ արարքով Դիոգենեսը ցանկանում էր ցույց տալ, թե մարդկանց բազմության մեջ որքան դժվար է իրապես մարդ գտնելը:

Սերժ Սարգսյանն այսօր, վատ իմաստով՝ հայտնվել է Դիոգենեսի կարգավիճակում: Բայց, ինչպես նշեցինք՝ վատ իմաստով: Ընդ որում, վատ իմաստով Դիոգենեսյան կարգավիճակում Սարգսյանը հայտնվում է հատկապես այն ժամանակ, երբ հարցազրույց է տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանը, ինչպես հայտնի է՝ տիրապետում է խոսքի արվեստին, ու նրա ամեն մի բառ  այնքան ծանրութեթեւ է արված լինում, որ նրա կողմից բարձրաձայնված ցանկացած խնդիր, առավելեւս՝ մերկացում, միայն երկու տեսակ պատասխան կարող է ունենալ. կամ՝ այո, այդ մերկացումները ճիշտ են, կամ՝ ոչ, բայց եթե ոչ՝ ապա նույնքան փաստարկված պետք է լինի այդ ոչը: Առնվազն այնքան փաստարկված, որքան եւ հնչեցված մերկացումը:

Բայց դա Սարգսյանի թիմի համար, ինչպես հասկանում ենք, բարդ խնդիր է: Բարդ, քանի որ Սերժը խնդիր ունի ոչ միայն փաստարկված պատասխաններ տալու, այլեւս՝ ընդհանրապես պատասխան (որեւէ տեսակի) տալու հետ: Ինքը՝ հարցերի հիմնական հասցեատերը, պատասխանել չի կարող: Հետեւաբար՝ հարկավոր են մարդիկ, որոնք պետք է նախադասությունների ինչ-որ կույտ հնչեցնեն՝ անկախ նրանից, թե արդյո՞ք այդ նախադասությունների կույտը կարելի է համարել պատասխան, թե՞ ոչ:

Ու ահա, Սերժն ամեն նման մի հարցազրույցից կամ ելույթից հետո լապտերը ձեռքը՝ ընկնում է ամբողջ իշխանական համակարգով մեկ ու մարդ է ման գալիս, որին կարելի կլինի համոզել հանդես գալ անպատվաբեր մի դերկատարությամբ՝ հնչեցնել հայտարարություններ, որոնք իրականության հետ որեւէ աղերս չունեն, որոնք, բնականաբար, ընթերցողի մոտ միայն ծիծաղ են առաջացնելու, իսկ լավագույն դեպքում՝ միայն զայրույթ: Սերժի մահապարտների բանակն էլ, թարսի պես (իր համար՝ թարսի պես, մեզ համար՝ բարեբապտաբար) շատ սակավամարդ է: Որովհետեւ անգամ իշխանության ներսում կան նորմալ մարդիկ, ովքեր չեն ուզում աղտոտվել, իրենց ուսերին վերցնել այդ ոչ պատվաբեր բեռը, եւ հենց այդ պատճառով էլ ամեն անգամ Սերժը, որպես վահան, դեմ է տալիս նույն մարդկանց՝ Շարմազանով, Կարեն Ավագյան, Աշոտյան, երբեմն-երբեմն էլ սերժական վետերաններին՝ Գեղամյանների փոքրիկ ջոկատը, եւ մի կին ատամնատեխկի՝ ավելի ճիշտ, որպես վաշխառու եւ հանքափոր հայտնի մի դեպուտատի:

Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին հետեւած այս իրավիճակն, ուրեմն, նորություն չէր, եւ դեժավյուի պես՝ նույն մարդիկ գրեցին նույն հայտարարությունները՝ անգամ չխորանալով այն հարցում, թե որքանով իրենց պատասխանն առնչություն ունի հնչած մեղադրանքի հետ:

Բայց երեկվա հարցազրույցին հետեւած իրավիճակը մի նրբություն էլ ուներ: Սերժի վիճակն այնքան է վատթարացել, որ նա առաջին անգամ գործի է դրել արդեն սեփական ազգականներին: Մի գեներալ՝ Վարդան Ավետիսյան անունով, որոշեց, որ ինքն էլ պետք է համալրի նախագահ Տեր-Պետրոսյանին պատասխանողների շարքը: (Դե, պատասխան որ ասում ենք, այս դեպքում հիստերիկ, չհիմնավորված մեղադրանքների ու հայհոյախառն մեղադրանքների մի բառակույտ հասկացեք):

Այս գեներալը որոշեց իբրեւ թե առաջին նախագահից «պաշտպանել» բանակի (իսկ իրականում՝ Սերժի) պատիվը եւ ա լյա կարենավագյան ոճով մեկնաբանություն տվեց: Ամեն ինչ, սակայն, այդքան զավեշտալի չէր լինի, եթե չլիներ այն հանգամանքը, որ այս գեներալը Սերժի ազգականն է: Այսինքն՝ անգամ բանակի վերնախավում Սերժը գրեթե մարդ չունի,  որին կարող է որպես անպատվաբեր վահան օգտագործել, եւ նա ստիպված գործի է դրել իր բարեկամ-ազգականներին: Եւ դա, ի դեպ, լավ նշան է: Դա նշանակում է, որ բանակում դեռ ամեն ինչ վերջնականապես կործանված չէ: Դա նշանակում է, որ բանակում էլ կան նորմալ մարդիկ, ովքեր իրենց անունը չեն ցանկանում զոհաբերել Սերժի իշխանության համար, ովքեր հրաժարվում են դառնալ Սերժի անպատվաբեր փաստաբանը, հրաժարվում են Սերժի անպատասխանատվությունը եւ հանցանքների պատասխանատվությունն իրենց վրա վերցնել:

Իսկ Սերժը, ինչպես տեսնում ենք, ատիճանաբար ավելի ու ավելի մենակ է մնում: Այսպես որ շարունակվի, մյուս անգամ նրան «պաշտպանող» արձագանքը կհնչեցնի Սաշիկ Սարգսյանը, զի չի լինի այլեւս մեկը, ով կցանկանա ամոթի խարանը դաջել իր ճակատին:

Հ.Գ. Արձագանքի տեսքով ներկայացված այս հիստերիան միայն մեկ բան է վկայում, որ Տեր-Պետրոսյանը խփել է ուղիղ նշանակետին. այն է՝ ա. Սերժի ձեռամբ նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները ոչ թե Հայաստանը ժողովրդավարացնելու եւ քաղաքական համակարգը բարեփոխելու նպատակ ունեն, այլ արվում են միայն ու միայն Սերժի իշխանությունը հավերժացնելու կամ գոնե երկարացնելու համար, բ. փորձ է արվում Ղարաբաղի հարցում թաքցնել սեփական անմեղսունակությունն ու հանցավոր անգործությունը:

Պարգեւ Ապրեսյան  

Նախորդ հոդվածը‘Ֆեյսբուքը ներկայացրել է «Պահպանել» (Save) կոճակը ‘
Հաջորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգեսը Մադրիդի «Ռեալի» խաղացող է’