‘Սերժը «քցում է» բոլորին, կամ Ֆլեշի «ֆրեշ եվրոպականության» գաղտնիքը’

2596

Փիսիկը նստել մի մութ անկյունում,

Հոնքերը կիտել ու լաց է լինում.

-Ի՞նչ անեմ հապա, որ լաց չլինեմ,-

Գանգատ է անում  փիսոն տխրադեմ…

Մանկական երգ

Երբ հայ-ռուսական հերթական գրկախառնությունից դեռ շատ առաջ  խելքը գլխին մարդիկ զգուշացնում էին Սերժ Սարգսյանին, որ միայն իր կաշին փրկելու մարմաջով տարված` չարժե՛ մի ամբողջ երկիր ու ժողովուրդ դնել զոհասեղանին` «Եվրազես, թե Եվրամիություն»` հանրության շրջանում միտումնավոր սրվող կեղծ ընտրանքով, այդ մարդիկ իրե՛նք էին մեղադրվում իշխանության գալու միջոցներում առանձնապես խտրականություն չդնելու մեջ:

Երբ հասկացնում էին, որ ինքնե՛րդ եք ձեր ձեռքով ժամանակին փորել ձեր իսկ գերեզմանը` Հայաստանն առհավետ ռուսական ֆորպոստ դարձնելով ու բոլորիս զրկելով բոլոր հնարավոր այլընտրանքային մեխանիզմները կյանքի կոչելու հույսից անգամ, մեղադրվում էին  անակնկալ ռուսոֆիլության ծիրում հայտնվելու մեջ:

Երբ ահազանգում էին, որ մասս մեդիայից դույզն-ինչ գլուխ չհանող ու միայն մերձ կամ ներպալատական խարդավանքներում «մաստեր-կլաս» ցուցաբերող ձեր սպասյակներով ու նույն մասս մեդիային միջնորդավորված հրահանգներ իջեցնող փեսա-եղբայր-դասընկեր-քավոր-սանիկներով ինչ-որ իքս պահի չե՛ն կարողանալու վերահսկել հանրությանը «մի գիշերում սրսկած պատահական եվրոպականությունը», մեղադրվում էին պետությանն անհրաժեշտ էվոլյուցիան չհասկանալու ու հանրությանը  միտումնավոր «դեբիլացնելու» մեջ:

Երբ կանխատեսում էին, որ միեւույն է` չե՛ն համարձակվելու կտրել այն ձեռքը, որի հատուկ ծառայությունների շքանշանն են կրում փառապանծ կրծքներին, ռուսոֆիլության մեղադրանքին գումարվում էր նաեւ ժամանակակից աշխարհի զարգացումները չիմանալն ու չընկալելը: 

Քաղաքական «էլիտան», այսպիսով, ոչ միայն չէր գիտակցում, որ ամեն գնով իշխանական թամբին մնալու կիրքը  հավասարազոր է միաժամանակ թամբը, ձին ու հեծվորին գրողի ծոցն ուղարկելուն, այլեւ, ինչպես պարզվեց, այս տարիներին գոնե մի սանտիմետրով չէր աճել` քարոզչության մեջ գոնե մեն մի հատիկ «նանո-տեխնոլոգիա» կիրառելով:

«Զորիկն ասալ ա` Գարբաչովը Ղարաբաղը տլական ա» քյարթու-գեղջկական-նայիվ քարոզչական մանթրան, որից հազիվ էինք ազատվել Տեր-Պետրոսյանի ղեկավարության ընթացքում, այս անգամ նորից ասպարեզ իջավ, չզարմանաք` հայտնի Ֆլեշի Բարսեղի միջոցով: Վերջինիս  կուրատորության տակ գործող «ամենիմացները», եւ ո՛չ միայն նրանք, սկսեցին մեծածավալ «աշխատություններ» տիրաժավորել առ այն, որ.

ա. նախ` ընդդիմություն գոյություն չունի, որովհետեւ ե՛ւ բազում սխալներ են թույլ տվել, ե՛ւ Սերժն է «նրանց լուսանցք մղել` ռսացածներից մաքրելով  դաշտը»,

բ. Միայն Սերժն ու եվրոպական ճանապարհն են կենսունակ պետության հետագա ընթացքն անցնցում կազմակերպելու համար,

գ. Ռուսաստանին մեր պրոգրեսը զայրացրել է, եւ աշնան գլուխ Կրեմլը պատրաստվում է հեղաշրջում անել` Սերժին ու եվրոպականությունն իսպառ քոքահան անելով Երկիր Նաիրիից,

դ. Ռուսոֆիլ ընդդիմադիրները խաբված են, եթե մտածում են, թե «գ» կետը իրողություն կդառնա, որովհետեւ ԱՄՆ-ն (սա հենց բուն Զորիկի պահն է) «ցցին է նստացրել ՌԴ-ին»՝ պահանջելով Հայաստանն անհապաղ «հանձնել» Եվրոպային, ու շուտով կտեսնեք` Օբաման ինչ է բերելու Սանկտ Պետերբուրգում Պուտինի գլխին,

ե. Հեսա-հեսա Սերժը չորս միլիարդ դոլար կստանա ԵՄ-ից, կարգի կբերի երկրի տնտեսությունը, Բարսեղի հովանավոր ու միաժամանակ հովանավորյալ Տիգրան Սարգսյանն էլ Հայաստանի որ մարզն ինչի կենտրոն ուզի` կսարքի:

Այսպիսով` կեցցե՛ առաջանցիկ ու ապահով Հայաստանը, կեցցե՛ ֆրակով Սերժը, նզո՛վք չարխադաշ Ալուն, լուսա՛նցք` ընդդիմադիրներին, կործանվի՛ գործը Իլյիչի…

Բայց արի տես, որ` սեպտեմբերը նոյեմբերից շուտ եկավ, ու հիմա ամենիմացները լուռ են: Մասամբ նաեւ` համազգային սուգուշիվան են կապել, իբր` էլի՛ ընդդիմությունն էր մեղավոր, որ իրադարձություններն այպիսի ընթացք ունեցան, քիչ մնաց` ՀԱԿ-ին մեղադրեին թուղթ ու գիր անելու մեջ, չգիտես ինչու` սոցիալական ցանցերում ինչ-որ հին-հին «կոմպրոմատներ գտան» ընդդիմության ու անձամբ Տեր-Պետրոսյանի առիթով, ով, իբր, մեծ ուրախությամբ է ընդունել ռուսական ռազմաբազաների` Հայաստանում մնալու ժամկետի երկարաձգման լուրը, եւ այսպես շարունակ:  Իսկական կլինիկա` մի խոսքով:

Իսկ խնդիրն, այնուամենայնիվ, շատ պարզ է. եթե ինքնահռչակ նախագահը մի ամբողջ պետության վարչապետին, արտգործնախարարին, փոխարտգործնախարարին ու կուսակիցներին չի խնայել՝ նրանցից թաքցնելով գլխին գալիքն ու բուն անելիքը, որ է` ստորանալ ու ստորացնել Հայաստանը Կրեմլում, Ֆլեշի Բարսե~ղն ով է, ամենիմացնե~րն ովքեր են, որ նրա՛նց հաշվետու լիներ:

Չէ՛, բայց սա իսկապես Խայտառակություն է, պետությունը իջացնել հեռավոր գեղի դուքանից էլ ցածր մակարդակի, որտեղ անգամ ամենաստոր ռամիկը չի համարձակվի պնդել, թե «նիսյայի տետրի միջինն ի՛նքը չի»` ինչպես հիմա փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն է ժխտում կապույտ էկրանին մեխված սեփական դեմքն ու խոսքը՝ մի քանի օր անց 180 աստիճանով շրջված ու Մաքսային միությանը ձոնված նո՛ր խոսք մատուցելով հանրության ականջին…

Վերադառնալով, սակայն, հանրային կարծիք ձեւավորող, կամ գոնե այդպիսի դերակատարում ստանձնած Ֆլեշի Բարսեղին, համարձակվենք պնդել, որ նրա անձնական մղումնե՛րն ու վերոնշյալ քարոզչության շարժառիթներն էլ անհայտ չեն: Եւ ոչ թե այն պատճառով, որ այս անգամ էլ մե՛նք ենք ամենիմացի դափնիներին հավակնում, կամ չենք հասկանում, որ իշխանություններին ծառայելը բոլոր դեպքերում է ձեռնտու, այլ որովհետեւ կոնկրետ փաստեր կան, որոնք թույլ են տալիս շատ կոնկրետ եզրահանգումների գալ: Օրինակ, ինչ պակաս շարժառիթ է այն տագնապը, որ Եվրոպայից վառելիք բերող ու հիմնականում մենատնտեսի կարգավիճակով այն ազգին ծախող Բարսեղը, հնարավոր է, կանգնի լիակատար փառազրկման առաջ: Իսկ այդ դեպքում, խոստովանե՛ք, ինչե~ր չէիր անի` «Բարեպաշտ սերնդիդ» ու դրա հոգաբարձու Տիգրան Սարգսյանի հետ միասին` փառաբանելով «առաջադեմ իշխանությունների եվրոպական ուղեգիծը»…

Բանն այն է, որ այս տարվա գարնանը, երբ հայտնի «Роснефть»-ի նախագահ Իգոր Սեչինը Հայաստանում հանդիպեց Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին (ի դեպ, մանր ու խոշոր ռուսական ընկերությունների ղեկավարների հետ սերժսարգսյանական հանդիպումներն էլ են պետության կառավարումն ու նախագահական ինստիտուտը ամենացածր շրիշակի մակարդակի իջեցնելու խոսուն ապացույց), Բարսեղ Բեգլարյանը զգուշանալու եւ անհանգստանալու լուրջ առիթ ունեցավ: Հիշյալ ընկերությանը, նույնիսկ համաձայն պաշտոնական հաղարդագրությունների, Սերժ Սարգսյանը խոստացել էր ամեն կերպ աջակցել, որպեսզի սա մուտք գործի հայկական շուկա եւ, ոմն Արթուր Ալավերդյանի պատկանող «Օյլ տեխնո» ընկերության հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելով, նախ ուսումնասիրի մեր շուկան, ապա արդեն նավթամթերքի առաքում կազմակերպի Հայաստան: Հանդիպումից հետո Սեչինը հատուկ շեշտել էր, որ Հայաստանում մեծ պոտենցիալ կա` ավելի՛ էժան բենզինի, ավիա/դիզվառելիքի, նավթի առաքման ու մատակարարման շուկայում, եւ ճիշտ դրանից հետո, ասես` ավիավառելիքով լիվքավորված,  հայտնի շրջանակները սկսեցին հրապարակումներ սղղացնել այն մասին, որ բացի արդեն ունեցածից` ռուսական կողմը կամենում է այս մի ազդեցիկ ոլորտն էլ իրենով անել, է՛լ ավելի ֆորպոստացնելով Հայաստանը:

Չէ՛, եզրահագնմանը մենք, իհարկե, համաձայն ենք: Այն բացարձակ ճշգրիտ է: Ամբողջ խնդիրը, սակայն, մղումների ազնվությունն ու այն բարձրաձայնելու շարժառիթն է, ինչը նորմալ պետության մեջ առնվազն լռելու, բայց մեր պարագայում` մի բան էլ ուրիշների վրա հոխորտալու առիթ է…

Դուք էլ լինեիք իր փոխարեն` կանհանգստանայիք, որ ընկերությունը, որն ուղղակի էքսպանսիայի է ենթարկել նորելուկ Մաքսային միության համարյա բոլոր երկրները, պատրաստվում է հայտնվել հենց քթիդ տակ՝ հողին հավասարեցնելով տարիներ շարունակ իշխանություններին բարեխիղճ ծառայելու արդյունքում ստացված ձեռքբերումներդ կամ գոնե դրա առուծի բաժինը:

Այնպես որ` մեր երկրում վաղուց արդեն հիմարներ չկան: Կամ, ինչպես Աստվածաշնչում է ասվում` Փակ դռների ետեւում հնչածն այլեւս հրապարակներում է խոսվում…

 

Գոհար Սիմոնյան

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը «նեղացել է». Պնդում է, որ անգործություն չի ցուցաբերում եւ կոչ է անում չխանգարել ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլեն Նալբանդյանին՝ համատեղելիությունը խնդրահարույց է’