‘Սերժին չի փրկի անգամ կեղծ թայմ-աութը’

2753

Թեեւ դեռ երկու օր առաջ Սերժ Սարգսյանը, որը ստացել էր Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, պիտի արտահայտեր իր դիրքորոշումը (որից հետո էլ պիտի հրապարակվեր նախագիծը), բայց դրա մասին վերջինս նախընտրեց խոսել միայն այսօր: Խոսել, իհարկե` մեղմ ասած, զի տեսակետն իր այդպես էլ չհնչեց այսօր: Փոխարենը, հրապարակվեց մի մեկնաբանություն այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր որոշումը կհրապարակի (եթե հասցնի) եկող տարվա մարտին: Կարճ ասած, Սերժը որոշել է ժամանակ ձգել՝ մի քանի ամսվա «անորոշության» ընթացքում հուսալով գլուխ բերել իր իշխանությունը երկարաձգելու կամ գոնե ավարտին հասցնելու վերջին հույսը:

Ինչո՞ւ հանկարծ Սերժ Սարգսյանը, որը մինչ այժմ շտապում էր փոփոխությունները գլուխ բերելու հարցում, որոշեց հետաձգել իր նախագիծը հաստատել-մերժելու որոշումը հրապարակելու գործը: Որովհետեւ, ի տարբերություն իրեն «սատարող» մի երկու տասնյակ «անկախ վերլուծափորձագետների», ինքը՝ Սերժ Սարգսյանը, շատ լավ հասկանում է, որ իր պատասխանը երկու բանի կարող էր հանգեցնել:

Եթե ինքը ներկայացված նախագիծը հաստատեր, արագացնելու էր Քառյակի նախաձեռնած իշխանափոխության պրոցեսը:

Իսկ եթե չհաստատեր, ապա արագացնելու էր Քառյակի նախաձեռնած իշխանափոխության պրոցեսը:

Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն ուղղակի այլ ելք չուներ (երկու քայլի դեպքում էլ՝ հանգելու էր իր համար նույն տխուր արդյունքին), քան գոնե ժամանակավոր լռելն ու պրոցեսը հետաձգելը, որովհետեւ այլեւս սարսափում է այս հարցով տեսակետ հայտնելուց, հասկանում է, որ պետք է հնարավորինս լուռ մնա այլեւս՝ փորձելով քայլ թողնել Քառյակին` տեսնելու համար, թե իր լռության պայմաններում ինչ պետք է անի Քառյակը, ինչ արդյունք կգրանցի: Ու հույսն էլ, բնականաբար, այն է, թե իր լռության ու, իր կարճ խելքով՝ ստեղծված արհեստական անորոշության ֆոնին Քառյակի նախաձեռնած պրոցեսը կսկսի մարել, եւ ահա այդ ժամանակ նորից երեւան կգա ինքը՝ Սերժ Սարգսյանը, իր սիրելի հաճախորդներից մեկի բառապաշարով ասած՝ մաս-մաքուր, սպիտակ «կաստում-շալվարով», եւ կսկսի հոխորտալ, եւ դա էլ այն հույսով, որ մինչ իր երեւան գալն ինքը հասցրած պիտի լիներ դեպի իր կողմը թեքել քաղաքական կշեռքի ծանրության նժարը:

Բայց ինչպես երեւում է՝ Սերժ Սարգսյանի հույսերը ի դերեւ են ելնելու: Որովհետեւ Քառյակն արդեն սեղմել է գործընթացին՝ ամբողջ ուժգնությամբ, եւ ինչպես ցույց են տալիս թե՛ քաղաքական զարգացումները, թե՛ Քառյակից ելույթ ունեցողների հռետորաբանությունը, թե՛ Քառյակի գործողությունները, Քառյակը սկսած պրոցեսից էլ հետ կանգնողը չի: Ասել է թե, Սերժ Սարգսյանը զուր է հույսեր փայփայում, թե կարող է այս կեղծ թայմ-աութի ընթացքում պառակտել կամ թուլացնել Քառյակը:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա ժողովուրդն էլ իր հերթին պետք է առավել ակտիվ ներգրավվի ու հաջորդ հանրահավաքը (հոկտեմբերի 24-ին) դարձնի ավելի հզոր, ազդեցիկ ու էներգետիկայով լի: Այս պարագայում Սերժ Սարգսյանի իշխանությունից` անկախ թայմ-աութներից ու լռությունից, կարճ ժամանակում բան չի մնա:

Հ.Գ. Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հետքայլ է կատարել (հիշեցնենք՝ մինչ այդ արդեն զոհել էր թագուհուն), փոխարենը Քառյակը հրաշալի տեմպ է վերցրել: Սարգսյանը ջանում է ժամանակ ձգելով թուլացնել այդ տեմպն ու ճնշումը: Բայց տեմպը հիմա թուլացնել ուղղակի չի կարելի (ավելին՝ դա ուղղակի հակացուցված է), որովհետեւ ընդամենը մի քանի քայլ է մնացել խաղը հաղթական մատով ավարտին հասցնելու համար:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Պուտինն ու Պոռոշենկոն Միլանում հանդիպել են նախաճաշի ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Սահմանադրական փոփոխությունների մասին մեր դիրքորոշումը հստակ է եւ անփոփոխ’