‘Սերժի ճակատագրական գիշերը, որ 180 աստիճանով փոխեց ամեն ինչ ‘

3176

Դե ապշելու մարդ է, էլի, Սերժ Սարգսյանը, հո զոռով չի՞: Ուրիշ էլ որտե՞ղ կգտնեիք նրա նման մեկը, ով առանց թղթի այդպես «անկեղծորեն» մարդկանց հետ կկիսվեր իր «մտքերով»: Ինչ մտքին գար՝ առանց քաշվելու ասեր:

Այսօր «Առավոտում» լույս տեսած՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Չեխիայում ՀՀ դեսպանատանը 8 ամիս առաջ կայացած փակ հանդիպման սղագրությունն այդ առումով ուղղակի «ոսկի է»: Մարդն էնքան «բոցեր է բոցում», որ չգիտես էլ՝ որին անդրադառնաս, որը՝ թողես: Այնպես որ, ամեն ինչի մասին հերթով:

Իսկ այս անգամ փորձենք տեսնել, թե ինչ է Սերժ Սարգսյանն ասում Մաքսային միությանը  Հայաստանի անդամակցության հանգմանքների մասին: Պարզվում է՝ ամեն ինչ որոշել է ընդամենը մեկ ճակատագրական գիշեր:

Այսպես, Չեխիայում ապրող հայերից մեկի հարցին, թե «ինչո՞ւ չհարցրեցիք համայն հայության կարծիքը որոշում ընդունելիս», Սարգսյանը բառացիորեն պատասխանում է. «Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ: Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը մաքսային միության անդամ լինի, թե՝ ոչ», եւ ապա հավելում ամենակարեւորը. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»:

Այսինքն, նախ, Սերժ Սարգսյանը, չնայած՝ ասում է, թե այդ հարցը պետք է որոշեն ՀՀ քաղաքացիները, մեկ տող ներքեւ խոստովանում է, որ ինքը այդ որոշումը կայացնելիս ՀՀ քաղաքացիերի կարծիքը չի հարցրել, որոշումը կայացրել է միանձնյա (անգամ եթե վստահ լիներ, որ ՀՀ քաղաքացիները միաձայն այո էին ասելու ՄՄ-ին ՀՀ անդամակցությանը՝ պարտավոր էր հարցնել), եւ ամենակարեւորը, խոստովանում է, որ ինքն այդ որոշումը «կայացրել է ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱ ընթացքում»:

Պատկերացնո՞ւմ եք, չէ, մարդը ընդամենը մեկ գիշերում կարող է Հայաստանի հետ կապված կարեւորագույն քաղաքական որոշումներ կայացնել: Ընդամենը մեկ գիշերվա ընթացքում: Չգիտենք էլ՝ աշխարհում նման երկրորդ օրինակ կա՞:

Հիմա, քանի որ արդեն պարզ է, որ Սերժ Սարգսյանին ընդամենը մեկ գիշեր է եղել անհրաժեշտ՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը 180 աստիճանով փոխելու համար, պետք է պարզել, ի՞նչ գիշերվա մասին է խոսքը, որտե՞ղ է այդ գիշերով եղել ինքը՝ Սերժ Սարգսյանը, ի՞նչ է հատկապես Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցել այդ գիշերվա ընթացքում, որ այն ճակատագրական է դարձել Հայաստանի համար: Դե, եթե «անկեղծանալ» է, ապա թող մինչեւ վերջ անկեղծանա, թող մանրամասն հաշվետվություն ներկայացնի, թե ե՞րբ, որտե՞ղ, ո՞ւմ հետ է այդ ճակատագրական գիշերն անցկացրել ինքը, ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել այդ մեկ գիշերվա ընթացքում, եւ ինչո՞ւ էր մինչ այժմ այդ գիշերվա հետ կապված հանգամանքը գաղտնի պահում:

Բա չիմանա՞նք՝ ում հետ է շաշկի խաղացել Սարգսյանն այդ գիշերը, որ հետո ասենք՝ թող մի դիմում էլ ինքը գրի:

Պ.Ապրեսյան  

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Դեսպան. Փոփոխությունները պետք է վայելեն հասարակության աջակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Առևտրականներն` ընդդեմ նոր օրենքի. Բողոքի ակցիա կառավարության դիմաց (Տեսանյութ)’