‘Սերժի շրջապա՞տն է ստիպում Րաֆֆիի հետ հանդիպման մասին սուտ բաներ տարածել (Տեսանյութ)’

1180

«Ես դառնացած չեմ աշխարհից եւ բացարձակապես սով չեմ զգում: Լիազորված եմ ժողովրդի գերակշիռ մեծամասնության զորակցությամբ», — Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանը:

Հիշեցնենք, նախօրեին որոշ լրատվամիջոցների տված ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե չի գնա Ազատության հրապարակ՝ Րաֆֆու հետ բանակցելու: «Աշխարհի վրա դառնացած, 8 օր սոված մարդու հետ գնամ, ի՞նչ բանակցեմ», — ասել էր Սարգսյանը:  

«Սերժ Սարգսյանն ասում է՝ հրապարակում 3 հազար մարդ է հավաքվում: Մի՞թե: Ասում է՝ տեսողության խնդիր ունեմ: Ուրեմն՝ ես էլ տեսողության խնդիր ունեմ, որովհետեւ 5 տարի առաջ ընդդիմության առաջնորդը 30 հազարից շատ ավելի մարդ էր հավաքում Ազատության հրապարակում, եւ մենք էլ 3 հազարից շատ ավելի շատ մարդ ունենք այսօր… Ինձ անպարկեշտ բառեր է վերագրում, իբրեւ թե ես իրեն հայհոյել եմ: Մի՞թե: Անպարկեշտությունը ձայների գողության, ստի, կեղծիքի հիման վրա սեփական հաղթանակը տոնելն է՝ շամպայնով թե առանց շամպայն», — ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շարունակելով մեկնաբանել նախօրեին Սարգսյանի արած հայտարարությունները:

Հովհաննիսյանը ներկայացրեց  Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները՝ «եթե Սերժ Սարգսյանը հրաժարվել է իր իսկ առաջարկած խորհրդապաշտությունից, ես էլ կասեմ»:

Նախօրեին ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ նրան հարցրել էր՝ կարծու՞մ է արդյոք, որ հաղթել է ընտրություններում, Հովհաննիսյանը, իբր պատասխանել էր՝ «ոչ»:

«Սուտ է, թե ես ասել եմ,՝ չեմ հաղթել: Ասել եմ՝ համատարած կեղծվել են ընտրությունները, առաջարկել եմ բացել բոլոր պարկերը, եւ լցոնված քվեաթերթիկներով հանդերձ տեսնել, թե որն է արդյունքը: Ասել եմ, որ գուցե չափազանցրել եմ՝ 80 տոկոս չեմ հավաքել»:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, իրականությանը չի համապատասխանում նաեւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հովհաննիսյանին առաջարկել է իշխանության մաս կազմել: Նրա խոսքով, չի եղել պայմանավորվածություն, թե մեկը մյուսին փաստաթղթեր պետք է ուղարկեն: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նա մարտի 10-ից՝ հացադուլի նստելուց հետո առաջարկել է Սերժ Սարգսյանի միջնորդներին բաց հանդիպում հրապարակում կամ մերձակա սրճարանում, բայց «եթե բարդույթներ կան, ասացի, կարող ենք փակ ծրարով ուղարկել առաջարկություններ»:

«Մարտի 16-ին, թե 17-ին Հովիկ Աբրահամյանը Արմեն Մարտիրոսյանին է փոխանցում մի փակ ծրար, որի վրա գրված է՝ Ազգային ժողով: 2 էջանոց փաստաթուղթ է, որն իր բովանդակությամբ ծաղրանք է ժողովրդի զարթոնքի նկատմամբ», — նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, մարտի 5-ով թվագրված նամակում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ հուշագրի նախագիծն էր, որը նախատեսում էր Սահմանադիր ժողով ստեղծել Հովհաննիսյանի նախագահությամբ՝ 2-3 տարի անց սահմանադրական հանրաքվե անցկացնելու հեռանկարով: Սա, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նույն առաջարկն էր, ինչ քննարկվել էր դեռեւս շաբաթներ առաջ ԱԺ խորհրդակցույթունների ժամանակ եւ մերժվել «Ժառանգության» խմբակցության ղեկավարի կողմից:

«Ես ոչ թե խաչ քաշեցի՝ խաչը սուրբ է, ես «իքս» դրի եւ շրջանակով նշեցի մաիտի 5-ի ամսաթիվն ու «Ազգային ժողով» գրությունը: Սա այն փակ գործընթացն է, որն ինքը (Ս. Սարգսյանը-խմբ.) խախտեց, եւ ես շներհակալ եմ: Եթե նա տպավորություն ունի, թե ես իրեն փաստաթուղթ եմ պարտք, ապա հրապարակային քննարկումների արդյունքում ուրբաթ օրը (մարտի 22-ին) կազմվի բաց փաստաթուղթ եւ կուղարկվի Սերժ Սարգսյանին», — ասաց Հովհաննիսյանը

iLur.am-ը հետռաքրքրվեց, եթե, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանը մի շարք պայմանավորվածություններ է խախտել եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ արել՝ արդյո՞ք այսքանից հետո արժե շարունակել նրա հետ բանակցել:  

«Ես պարոն Սարգսյանի հատկանիշներին գնահատական չտվեցի, բայց ասացի, որ այո, այն, ինչ ինքը ներկայացրել է, չի համապատասխանում իրականությանը բազմաթիվ կետերով: Այդ պատասխանատվությունը մի մասը իրենն է, մի մասը կարող է նաեւ իրեն տրամադրող իր շրջապատի, վախկոտ, իրավախախտ, ընտրություն կեղծող շրջապատի ուղղությունն է: Ես դա եւս հասկանում եմ: Ես չեմ խորացնի գնահատականները: Եթե նա ցանկանա իր ակնկալած թուղթը ստանալուց հետո հանդիպել, ես պատրաստ եմ, բայց միայն՝ հրապարակավ»:

Հովհաննիսյանը նաեւ ilur.am_ի խնդրանքով անդրադարձավ երեկվա ասուլիսում Սարգսյանի արած հայտարարությանը, որ եթե Ր. Հովհաննիսյանը փորձի Հրապարակում իշխանության այլընտրանքային կառույցներ ստեղծել, ապա «իրավապահները կկատարեն իրենց պարտականությունները»:

«Ապրիլի 9-ին այսպես թե այնպես լինելու է նոր Հայաստանի երդմնակալությունը, եւ ես ենթադրում եմ, որ մեր ոստիկանները եւ զինվորները իրենց պարտականությունների մեջ կլինեն,եւ ոչ իրենք, ոչ քաղաքացիները, իրար նկատմամբ ձեռք չեն բարձրացնի եւ մեկը մյուսի ճանապարհը կբացի, ինչը որ Սահմանադրության պահանջն է: Մնացածը՝ ապրիլի 9-ին», — ասաց «Ժառանգության» առաջնորդը:  

Նախորդ հոդվածը‘Խաչիկյանի գործով 296 մլն դրամի գրավ են առաջարկում’
Հաջորդ հոդվածը‘Արշավինը արժանի չէ նույնիսկ զուգարան մաքրելուն. The Guardian’