‘Սերժի փեսայի և Րաֆֆիի «երկխոսությունն» Ազատության հրապարակում (տեսանյութ)’

2354

Կեղծված նախագահական ընտրություններից հետո ինտենսիվորեն շրջանառվում են իշխանության ներսում առկա թևերի միջև պայքարի մասին խոսակցությունները։ Փորձ է արվում Սերժ Սարգսյանին տարանջատել բոլոր թևերից ու այնպես ներկայացնել, կարծես մեր երկրի թիվ մեկ խնդիրըԼիսկային աշխատանքից հեռացնելն է։

Ինչ վերաբերում է ներիշխանական պայքարին, ապա այն իրոք կա և նոր չի սկսվել։

Բիզնեսի բոլոր շերտերին պատերազմ է հայտարարված դեռևս 2007թ. ԱԺ ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանից։ Իսկ դա նշանակում է, որ իշխանության ներսում բացահայտ ու քողարկված բախում չէր կարող չլինել։

Իշխանության ամենակոռումպացված ու ամենահետադիմական թևը՝ երիտօլիգարխիան, ուզում է Սերժի աջակցությամբ հասնել գերիշխանության։ Վերջին հինգ տարիների ընթացքում գրանցված տնտեսական անկումը, ՀՀ արտաքին պարտքի եռակի աճը, աղքատության ավելացումը և ավելի քան 250 000 մարդու արտագաղթը իշխանության կողմից բիզնեսի բոլոր շերտերին հայտարարված պատերազմի հետևանք է։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը, նրա փեսա Միքայել Մինասյանը և «Հայկական աշխարհի» ճարտարապետ Տիգրան Սարգսյանն անձնական պատասխանատվություն են կրում նման ցուցանիշներ ապահովելու համար։ Պատասխանատու են նաև բոլոր այն մարդիկ, ովքեր փորձագետի, լրագրողի, ընդդիմադիր քաղաքական գործչի, խմբագրի ու մտավորականի անվան տակ սպասարկում են  «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագրերը։

Իշխանության թևերի պայքարն ու «ժառանգության» դերը

Փետրվարի 18–ից հետո ներիշխանական պայքարը նոր թափ է հավաքել։ Երիտօլիգարխիան, զգալով, որ անգամ «ֆեյկ» ընտրություններում չկարողացավ ցանկալի արդյունք ստանալ, փորձում է պահն օգտագործել ու«կադրային բարեփոխումների» անվան տակ սեփական իդեա–ֆիքսը կյանքի կոչել։

Ուշագրավն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցները լծվել են երիտօլիգարխիայի ծրագրերի սպասարկմանը։ Փեսային պետք է վերահսկելի «փողոց», իսկ «Ժառանգությանը»՝ վճարունակ պատվիրատու։

Նկատենք, որ վերահսկելի «փողոցի» թեմայով Բաղրամյան 26–ի ու «Ժառանգության»  փոխշահավետ համագործակցությունն սկսվեց 2012–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Րաֆֆին դուրս եկավ միասնական շտաբից ու սկսեց գեղամյանություն անել ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ։ Մինչև այդ՝ «ժառանգության» տարբեր անդամներ սեփականաշնորհվել էին նախագահական նստավայրի կողմից, բայց ԱԺ ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ քաղաքական այդ ուժի փաթեթային սեփականաշնորհում։ 

Բաղրամյան 26–ի քավորությամբ ստեղծված «Ժառանգության» ցուցակը, սակայն, չկարողացավ ՀԱԿ–ից ավելի շատ տոկոս հավաքել խորհրդարանում և խլել տիտղոսային ընդդիմության դրոշակը։ Բաղրամյան 26–ին «փողոցը» պետք էր «ընդդիմության» պահանջով սեփականության «լեգիտիմ» վերաբաշխում իրականացնելու համար, սակայն չստացվեց։ «Ականների» ու «ազնիվ քյարփինջների» միջոցով թուլացված ՀԱԿ–ը նույնիսկ այդ վիճակում պահեց իր դիրքերը, իսկ «ժառանգությունը» մի կերպ հաղթահարեց 5–տոկոսանոց արգելքը։

«ժառանգության» միջոցով վերահսկելի «փողոց» ձևավորելու և երիտօլիգարխիայի շահերը սպասարկելու համար հիմա 2–րդ փորձն է արվում։ Րաֆֆին ընդամենը մեկ–երկու օր անկանոն շարժումներ արեց ու հունից հանեց Սերժ Սարգսյանին, սակայն «մեթոդ–կաբինետում» հայտնվելուց հետո կրկին մտավ երիտօլիգարխիայի «գծի մեջ»։

Ճիշտ է, Րաֆֆին հայտարարել է, որ հարամելու է Սերժի երդման արարողությունը՝ այն թույլ տալով միայն իր դիակի վրա, սակայն կան մի շարք ինդիկատորներ, որոնք այլ բանի մասին են վկայում։

Քաղաքական գործընթացներին ուշադիր հետևողները նկատած կլինեն, որ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմակիցների շուրթերից հնչում են ձևակերպումներ, որոնք հանդիպում ենք այնպիսի«ուղղափառ»  իշխանամետ կայքերում, ինչպիսին «1in.am»–ն ու «lragir.am»–ն են։ Իսկ դա նշանակում է, որ յուրօրինակ երկխոսություն Րաֆֆու և երիտօլիգարխիայի միջև կա։

Պատահական չէ, որ Րաֆֆին շատ հստակ ձևով պահանջում է «չար» մարզպետների ու համայնքապետների հրաժարականները, բայց ընտրակեղծիքների գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանից ակնկալում է ինքնաբացարկ։

Ըստ Րաֆֆու՝ ստացվում է, որ լիսկաներն ու մյուսներն արջի ծառայություն են մատուցել խեղճ Սերժին ու պետք է պատժել այդ «չար» չինովնիկներին ու փրկել «բարի» Սերժին նրանց անցանկալի ներկայությունից։

Դատելով ամենից՝ Րաֆֆու ակնկալիքն իր դերակատարման դիմաց ԱԺ արտահերթ ընտրություններն ու մանդատների քանակի ավելացումն է։ Իսկ ահա երիտօլիգարխիան խնդիր ունի Րաֆֆու «պայքարն» օգտագործել՝ պետական ապարատի սեփականաշնորհում իրականացնելու և իշխանությունն ամբողջությամբ վերցնելու համար։ Առայժմ արդյունք չկա, քանզի անձամբ Սերժին դա պետք չէ։ Ինքն արդեն նախագահ է և չի ուզում կտրուկ շարժումներ անել։ Այդ հարցում Սերժի ու երիտօլիգարխիայի շահերը բախվում են, և այդ իսկ պատճառով ի հայտ է գալիս «դիակի» գաղափարը։

Նախընտրական փուլում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձն օգտագործել չհաջողվեց, հիմա ուզում են«Հայրիկյան–2» մոդելը դեմ տալ Րաֆֆու հացադուլի տեսքով, որպեսզի Սերժին շանտաժի ենթարկեն ու դրդեն սեփականության արագ, այլ ոչ թե դանդաղ վերաբաշխման գնալ։

Դիտարկումներ Ազատության հրապարակում

Շատերն են արդարացիորեն դժգոհում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ ծրագիր չունի և չի ներկայացնում իր քայլերի հաջորդականությունը, բայց այդպես մտածողները սխալվում են։

Ո՞վ է ասել, որ Րաֆֆին ծրագիր չունի։ Ունի, պարզապես այդ ծրագրի կետերը հանրահավաքային հուզական ելույթների արանքներում են հնչեցվում։ Դա արվում է հետևողականորեն և հստակ ձևակերպումներով։

«Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն, օրինակ, հանրահավաքներից մեկի ժամանակ երկարաշունչ մեջբերումներ էր անում, իր իսկ խոսքերով, առաջադեմ ՀՀԿ–ականի խոսքերից։ Սերժ Սարգսյանինեղ շրջապատը ներկայացնող «Ֆլեշ»–ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի «մարդ» հանդիսացող այդ«առաջադեմն», ի դեպ, առաջ էր քաշել «հին ու չար» հանրապետականներից ազատվելու և Րաֆֆու հետ միասին սերժսարգսյանական բարեփոխումներն իրականացնելու գաղափարը։ Հ. Խուրշուդյանին դուր էր եկել այդ միտքը, և նա իր ելույթը նվիրել էր գաղափարակից ՀՀԿ–ականի հոդվածի ընթերցմանը։ Հոդված, որն իբր դավադրաբար հանվել էր այն կայքէջից, որտեղ ժառանգականները հայտնաբերել էին իրենց գաղափարակից ընկերոջը։ Ահա այսպիսի հուզիչ պատմություն։

Նույն բանն ավելի բացահայտ ու «անկախ» մամուլին հարիր բառապաշարով արեց նաև «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը՝ մարտի 15–ի  հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին խոսափողի մոտ հրավիրելուց  առաջ։

Հոդվածին կից տեսանյութում ներկայացված է Արմենի ելույթի այն հատվածը, որտեղ նա խոսում է իշխանության թևերի ու Րաֆֆիի բարևարշավի իրական նպատակների մասին։

Ըստ նախկին պատգամավորի՝ իշխանության մեջ կան թևեր, որոնք լուռ պայքարի մեջ են։ Մի թևն, ըստ Արմենի, կոռումպացված է և չի ուզում, որ Սերժը գա հրապարակ Րաֆֆու հետ երկխոսության, իսկ մյուս՝ երիտասարդներից կազմված ու քաղաքական մտածողությամբ օժտված թևը ողջախոհ է և ամեն ինչ անում է, որպեսզի Սերժը գա Րաֆֆուն բարևելու։

«Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքը մեկնել է և ինքը պատրաստ է հանդիպման»,– «Միայն իմ դիակի վրա» ձևակերպումն օգտագործած «Ժառանգության» ղեկավարի ելույթից առաջ հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։

Հետաքրքիր է՝ ի՞նչ ակնկալիք ունեն «ժառանգության» ներկայացուցիչները Սերժի այցից։ Մի՞թե նրանք կարծում են, որ Սերժն իր ողջախոհ թիմակիցներին լսելով գալու է հրապարակ ու տեղում հանձնի նախագահի աթոռը Րաֆֆուն։ Մենք էլ կարծում էինք, թե նվերներ բերող Ձմեռ պապիկի գոյությանը մարդիկ չեն հավատում դպրոցական տարիքից սկսած։ Պարզվում է՝ այդպես չէ։ 

Ա. Մարտիրոսյանը հույս ունի, որ հրապարակի աջակցությամբ կհաղթի իշխանության երիտթևը, և մենք կունենանք Սերժի ու Րաֆֆիի հանդիպումը։ Իսկ թե ինչի շուրջ պետք է երկխոսեն իրավատերն ու «ազատամարտի ռահվիրան», Արմենը չասեց։

Փաստորեն, երբ հարթակից գոռում են «Հաղ–թա–նա՛կ»՝ նկատի ունեն իշխանության բարի երիտթևի հաղթանակը չար հնաբնակների նկատմամբ։ Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե հաղթանակը նշանակում է ընտրակեղծիքով նախագահ դարձած Սերժ Սարգսյանի հեռացումը։  

Հարգարժան միտինգավարն, իհարկե, անուններ չտվեց և չասաց, թե ովքեր են իշխանության կոռումպացված ու ողջախոհ թևերի ներկայացուցիչները, բայց իր ձևակերպումներով հետևյալ մեսիջը փոխանցեց համապատասխան շրջանակներին ու հանրությանը.

1. Իշխանության մեջ կան թևեր և Րաֆֆին հրապարակի օգնությամբ աջակցում է այպես կոչված երիտթևին՝ նպատակ ունենալով հանդիպել Սերժին, ով գտնվում է կոռումպացվածների ճնշման տակ (փաստորեն, «նուրբ» ձևով Սերժը տարանջատվում է կոռուպցիայից ու «ատկատներից», այսինքն՝ արվում է այն, ինչով զբաղված է «անկախ» մամուլը),

2. Առաջին կետից հետևում է, որ իշխանության մեջ կա չկոռումպացված երիտթև (երիտօլիգարխ Միքայել Մինասյանի ինչպիսի՜ գովազդ),

3. «ժառանգության» իրական նպատակն իշխանության երիտթևի հետ համագործակցելով՝ պատգամավորական մանդատների քանակական ավելացմանը հասնելն է (բա ու՞ր մնաց «դիակի» խոստումը)։

Արմենի ելույթը լսելուց հետո այլ եզրահանգման հնարավոր չէ գալ։

Հիմա կարող է հարց առաջանալ, թե ինչ վատ բան կա երիտթևի հետ համագործակցելով մականունավորների դեմ պայքարելու մեջ։ Թվում է, թե լավ բան են ուզում Րաֆֆին ու իր թիմակիցները։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ իշխանության երիտթև կոչվածը թուրքմենբաշիական տրամաբանությամբ առաջնորդվողներն են, իսկ այդ թևի պարագլուխ Սերժի փեսան վերջին հինգ տարիների ընթացքում, օգտվելով նախագահի փեսան լինելու կարգավիճակից, դարձել է Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը՝ զիջելով, թերևս, միայն իր աներոջը։ Ասել է թե՝ հակաօլիգարխիկ լոզունգների ներքո երկրի թիվ մեկ օլիգարխ Սերժ Սարգսյանին ու նրա ոչ պակաս օլիգարխ փեսային աջակցելով՝ Հայաստանին բարև չես տա, քանզի բարևիդ մեջ արև չի լինի։

Եթե Րաֆֆին ուզում է, որ հրապարակը ծառայեցվի իշխանության երիտթևի հաղթանակին, եթե Րաֆֆին հացադուլ է արել, որ Սերժն իշխանական բուգը դարձնի է՛լ ավելի կենտրոնացված ու կոռումպացված, ապա դա որևէ կապ չունի բարևի, արևի ու մյուս բառերի հետ։

Իսկ այն, որ երիտօլիգարխիան ձգտում է թուրքմենբաշիականության՝ վկայում են վերջին տարիներին բիզնես դաշտում տեղի ունեցող գործընթացները։ Օրինակ՝ Րաֆֆիի կողմից այդքան գովերգված մեդիա դաշտը գրեթե100 տոկոսով սեփականաշնորհված է փեսայի կողմից ու եթե հատուկենտ լրատվամիջոցներ կան, որոնք դուրս են մնացել Բաղրամյան 26–ի վերահսկողությունից, ապա Րաֆֆու օգնությամբ իշխանության «քաղաքական» թևի վերջնական հաղթանակի դեպքում դրանք էլ չեն լինի։ Ի դեպ, այդ ժամանակ Րաֆֆին էլ պետք չի լինիերիտօլիգարխիային, քանզի միահեծան համակարգերում հաճախորդների կարիք չի լինում։

«Բարևի» «հեղափոխության» անազնիվ նպատակների մասին են վկայում նաև հարթակում հայտնված դեմքերը։ Խոսքս, իհարկե, բոլորի մասին չէ, բայց ընդհանուր պատկերը «ժողգործիքային» է։ Տեսեք, թե ովքեր են հարթակում և ովքեր են «հեղափոխականները», և ամեն ինչ պարզ կդառնա։ Տպավորությունն այնպիսին է, կարծես նախագահական նստավայրը համահաճախորդական հավաք է հայտարարել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Արմեն Մարտիրոսյանի ակնարկած երիտթևի ներկայացուցիչներ, ըստ տարածված «կլիշեների», համարվում են Միքայել Մինասյանը, ԱԺ–ում ՀՀԿ–ի ցուցակով հայտնված ՄԻԱԿ–ական պատգամավորները, ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը և նմանատիպ մյուս դեմքերը, սակայն նշյալ մարդկանցից որևէ մեկը չի եկել Րաֆֆուն տեսնելու և մի թթու խոսք չի ասել կեղծված ընտրությունների կապակցությամբ։ Ավելին՝ փեսային ծառայող տարատեսակ «mishik.am»–ները որպես «դհոլ» են դիտարկում Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ Հրայր Թովմասյանն ու Դավիթ Հարությունյանն էլ ՍԴ–ում պաշտպանում էին տոկոս «խփողի» շահերը։ Եթե սրանք են ողջախոհներն ու բարեփոխիչները, ապա անհարմար բան է ստացվում։ Իսկ եթե այս մարդիկ չեն իշխանության երիտթևի ներկայացուցիչները, ապա հետաքրքիր կլիներ իմանալ, թե ու՞մ նկատի ուներ Արմեն Մարտիրոսյանը՝«իշխանության քաղաքական ու ողջախոհ երիտթևի ներկայացուցիչներ» ասելով։ Մի՞թե Աշոտյանին ուՇարմազանովին։ Բայց չէ՞ որ այդ երկուսը տեսակետ չեն հայտնել Ազատության հրապարակում Սերժի ու Րաֆֆու հանդիպման օգտին։

Ազատության հրապարակում երկխոսության կազմակերպման օգտին արտահայտվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու այդ իսկ նպատակով նա եկել էր Րաֆֆու VIP սրահ։ Բայց ախր Հովիկին էլ երիտասարդ չէ, որպեսզի մտածենք, թե Արմեն Մարտիրոսյանը «իշխանության ողջախոհ երիտթև» ասելով խորհրդարանի խոսնակին էր նկատի ունեցել։

Կարեն Հակոբջանյան 7or.am


Նախորդ հոդվածը‘«Սան-Լորենսոյի» ֆուտբոլիստների մարզաշապիկներին պատկերված է եղել Հռոմի Պապը’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգացի պարաշյուտիստները ապշեցնող հնարք են կատարել Ռիո-դե-Ժանեիրոյում’