‘Սերժ Սարգսյանը՝ պաթոլոգիկ ստախոս’

2311

Փետրվարի 7-ին Արաբկիրի համայնքում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ, Սերժ Սարգսյանը, իր սովորության համաձայն, կրկին խեղաթյուրել է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, նրան վերագրելով մտքեր, որոնք բնության մեջ գոյություն չունեն։

1. «Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի այն թեզին,– ասել է Սերժը,– որ այս ընտրությունները հետաքրքիր չեն, ապա ես ուղղակի կարող եմ ասել հետևյալը՝ և դա շատ լավ է, որ ընտրությունները հետաքրքիր չեն շատ մարդկանց համար։ Ընտրությունները ոչ թամաշա են, ոչ ներկայացում կամ կինոֆիլմ են, որ հետաքրքիր լինեն …»։ Մինչդեռ իր հարցազրույցում լրագրողի «Ինչպե՞ս կգնահատեք նախընտրական ընտրարշավի ընթացքը» հարցին Տեր-Պետրոսյանն ընդամենը տվել է հետևյալ հակիրճ պատասխանը. «Կարծում եմ, ինձ հետ կհամաձայնեք, որ ՀՀ նախագահի հիմնական թեկնածուներից մեկը համարվողիս չառաջադրվելու պարագայում անլրջություն կլինի ընտրարշավի գնահատումը և, բնականաբար, ես ինձ այդպիսի թեթևամտություն չեմ կարող թույլ տալ։ Ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում»։ Սերժը, որ շարունակ խոսում է պատասխանատվությունից, պարտավոր է ցույց տալ, թե որտե՞ղ է Լևոն Տեր-Պետրոսյանն ասել, թե «այս ընտրությունները հետաքրքիր չեն»։

2. «Հիմա էլ հաճույք են ստանում արտագաղթով մեզ վախեցնելով,– շարունակում է Սերժ Սարգսյանը,– Այո՛, կա այդպիսի երևույթ,  բայց արդյոք քաղաքական գործիչները դրանից պետք է հրճվեն։ Արդյոք դա նշանակում է, որ մեր երկիրը մի քանի տարի հետո կործանվելու է»։ Այստեղ էլ Սերժն ակնարկում է Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետևյալ հատվածը. «– Հարց. Դուք է՞լ եք, համարյա բոլորի նման կարծում, որ ընտրությունների ելքն արդեն կանշորոշված է։ – Պատասխան. Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է Հայաստանի ամենամեծ դժբախտությունը, որովհետև դրա մղձավանջային հետևանքն ինձ համար ակնհայտ է։ Եթե Սերժ Սարգսյանի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից արտագաղթել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյան վտանգի առջև»։ Սերժը որտեղի՞ց հնարեց, թե Տեր-Պետրոսյանը հրճվում է այս հեռանկարից, երբ վերջինս այն կոչում է «մղձավանջային»։ Արդյո՞ք, Սերժը չի հասկանում «մղձավանջային» բառը, և կարծում է, որ դա հաճելի՞ բառ է։ Թե՞ մազոխիստ լինելով, նա հաճույք է ստանում «մղձավանջից», և կարծում, թե ուրիշներն էլ պետք է հաճույք ստանան դրանից։

Այս առթիվ, թերևս, արժե մեջբերել նաև Սերժ Սարգսյանին վերաբերող ֆեյսբուքյան գրառումներից մեկը. «Ըստ Սերժի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ի լուր աշխարհի հայտարարել է, որ «կազմաքանդելու է պետական բուրգը», որ «հնարավոր չէ Հայաստանի զարգացումն առանց Ղարաբաղը հանձնելու», և որ «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է»։ Մինչդեռ Տեր-Պետրոսյանն իրականում հայտարարել է, որ «կազմաքանդելու է ավազակապետական համակարգը»,  որ «Հայաստանը զարգանալու և հզորանալու հնարավորություն չունի, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի խնդիրը», և որ «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է, որովհետև ժողովրդավարության պայմաններում անհնար է ողջ ազգին համախմբել մեկ միասնական գաղափարախոսության շուրջ։ Գաղափարախոսության մենատիրությունը հնարավոր է միայն բռնապետության կամ ամբողջատիրության պայմաններում»։ Սերժ Սարգսյանն, այսպիսով, էլեմենտար ստախոս է։ Պետք է ընդունել, սակայն, որ նրա ստախոսությունը հարկադրական է, քանի որ ինչպե՞ս կարող է երեկոյան բարձրագույն կրթություն ստացած միջակությունը բանավիճել ևրոպական մի շարք համալսարանների դոկտորի հետ՝ առանց վերջինիս խոսքերն աղավաղելու կամ նենգափոխելու»։

Երբ սիստեմատիկաբար ստախոսում են Էդվարդ Շարմազանովն ու Գալուստ Սահակյանը, դա մի կերպ կարելի է հասկանալ, իսկ երբ, Ռոբերտ Քոչարյանի բնորոշմամբ, այդ իքիբիրներից  չի տարբերվում իրեն երկրի նախագահ համարողը, դա արդեն իսկապես մղձավանջ է, թեև, ինչպես վերը նշեցինք, Սերժը հաճույք է ստանում մղձավանջից։

 

Սերգեյ Գալստյան

Նախորդ հոդվածը‘Գազի գինը չհայտնելը՝ քրեական հանցագործությու՞ն ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր մեկնարկել է նախագահական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը ‘