‘Սերժ Սարգսյանը դադարեցրել է վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները’

745

Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 8-ի առաջարկությունը` որոշում եմ.

Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի լիազորությունները», ասվում է President.am-ում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ դատական օրենսգրքի նշված հոդվածի համաձայն, դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած:

Մինչդեռ, ըստ Dataran.,am-ի, Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դրանց շրջանակում Աիդա Հովհաննիսյանի կողմից դատավորին արգելված վարքագիծ դրսևորելու մասին մամուլում ավելի վաղ մի շարք հրապարակումներ են եղել: Ըստ աղբյուրի, դատական դեպարտամենտն ուսումնասիրել է մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները և արդյունքները ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ուսումնասիրությունների արդյունքներով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ:

Նախորդ հոդվածը‘DW. Ռուսաստանցիների 38%-ը կողմ է ԵՄ անդամակցությանը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի` Կիպրոսից բերած ստորագրություններն ուղարկել է փորձաքննության’