‘
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր քննադատական գնահատականներ հնչեցրեց իր ձեւակերպմամբ՝ «օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետի» հասցեին։
«Նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս երեւույթներ, որոնք սովորական ժամանակ քողարկված են։ Եվ բնական է, որ այս օրերին ամեն ինչ կարելի է տեսնել», — Երեւանում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դիմելով նախընտրական հանդիպման եկածներին՝ ասաց Սերժ Սարգսյանը, — «Օրինակ, կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետը իր հանրային խոսքը ձեւակերպում է որպես նորաթուխ բլոգեր»։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ը։
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում խիստ քննադատություն էր հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին` կարծիք հայտնելով, թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ հնարավոր եղավ մահափորձ իրականացնել, որովհետեւ Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը:
Ավելի վաղ, նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել նաև ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիայի դեսպանները, սակայն այդ հայտարարություններին ՀՀ իշխանությունները կամ չէին արձագանքել կամ էլ արձագանքել էին շատ զուսպ:
Հավելենք նաեւ, որ բլոգի միջոցով հայ հանրության հետ շփվելու սովորություն ունեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն ու ԱՄՆ դեսպանը. վերջինս հայ հանրության հետ շփվում է իր տեսաբլոգների միջոցով:
‘