‘Սերժ Սարգսյանը դիվանագիտական բարձր աստիճաններ է շնորհում «գաստրոլյորներին»’

1876

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել մի շարք գործող դիվանագետների դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին: Մասնավորապես, նա բարձրագույն՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան է շնորհել Ինդոնեզիայում, Արգենտինայում, Ղազախստանում, Չեխիայում եւ Վիետնամում հավատարմագրված ՀՀ դեսպաններին:

Վերջին տարիներին դիվանագիտական շրջանակներում աճում է դժգոհությունը առ այն, որ քաղաքական իշխանությունները անտեսում են արհեստավարժ, համապատասխան կրթություն ստացած «կադրային» դիվանագետներին եւ բարձր դիվանագիտական պաշտոններ ու աստիճաններ են շնորհում ոչ պրոֆեսիոնալներին: Առավելեւս, որ 1998-ից ի վեր գործող ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժինը տարեկան հարյուրից ավելի շրջանավարտներ է «թողարկում»: Դիվանագետներ պատրաստելու նպատակով նաեւ 2009-ից գործում է ԱԳՆ դիվանագիտական դպրոցը: Մինչդեռ հենց այսօրվա հրամանագիրը վկայում է, որ նախապատվությունը տրվում է ոչ մասնագետներին:

Այսպես, արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճան ստացած հինգ անձանցից միայն մեկն է, որը, որոշ վերապահումներով, դիվանագիտական կրթություն ունի:

Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանն ավարտել է  ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, Ղազախստանում դեսպան Արա Սահակյանը՝ ԵՊՀ պատամության ֆակուլտետի փիլիսոփայական բաժանմունքը, Ինդոնեզիայում ՀՀ դեսպան  Աննա Աղաջանյանն ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ անգլերեն լեզու և գրականություն մասնագիտացմամբ (հետագայում նա վերապատրաստաման դասընթացներ է անցել մի քանի եվրոպական համալսարաններում): Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում,  Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանն ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, մասնագիտությունը` լեզվաբան: Վարդանյանը թվարկվածներից միակն է, որ զուտ դիվանագիտական կրթություն ունի. նա 1998-ին՝ 39 տարեկան հասակում ավարտել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան՝ ստանալով միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում: 

Նախորդ հոդվածը‘ՔԿ. Զինծառայողի ինքնասպանության գործով 3 անձ է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Տաքսիստները Գյումրիում էլ են ցույց անում’