‘
Մինչ մեծն առաջնորդ Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանը Եվրամիության արժեքներին մոտեցնելու ուղղությամբ, հանուն դրա անզիջում պայքար է մղում իմպերիալիստական նկրտումներ ունեցող Ռուսաստանի դեմ և, այդ ճանապարհին նուրբ ու հեռատես դիվանագիտություն կիրառելով, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների ժամկետը 50 տարով երկարաձգելու պայմանագիր է կնքում Ռուսաստանի հետ ու անձնազոհաբար ռուլետկայով պարգևատրվում ՌԴ հատուկ ծառայությունների կողմից, նույն ժամանակաընթացքում թշնամու ջրաղացին անվերջ ջուր լցնող ուժերն այնպես են անում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չդառնա:
Ռուսաստանի դրդմամբ` նրանք Սերժ Սարգսյանին ստիպում են, որ քաղբանտարկյալներ պահի բանտերում, սադրում են ոստիկաններին, որպեսզի նրանք օրը մի քանի տասնյակ մարդու ապօրինի ձերբակալեն և ծեծի ենթարկեն, իրենց հագուկապով գայթակղում են անմեղ եւ «հրեշտակներ» անունը ստացած կարմիր բերետավորներին, որպեսզի նրանք համբուրեն կին ցուցարարների վզերը:
Ի պատիվ քաղաքական դաշտի ազնիվ և անկաշառ գործիչների, սակայն, Սերժ Սարգսյանը միայնակ չի պայքարում Ռուսական իմպերիալիստական նկրտումների դեմ: Արևմտյան արժեքների համար պայքարող առաջամարտիկներ են Պարույր Հայրիկյանը, որը, չխնայելով իր առողջությունը, ընդամենը հիսուն հազար դոլար վերցրեց պետբյուջեից՝ Եվրոպա մեկնելու նպատակով, Դավիթ Շահնազարյանը, որը, հանուն իր գաղափարի, ՀԱԿ պառլամենտական ցուցակում իր տեղը զիջեց, իսկ այժմ էլ արժանապատիվ պայքար է մղում չար ու, բնականաբար, ռուսամետ ուժերի դեմ, Անդրանիկ Քոչարյանը, որը Ռուբեն Հայրապետյանի հովանու ներքո իր ոտքը բուժեց, որպեսզի ամուր ոտքով պայքար մղի ռուսական «սապոգի» դեմ, Արա Սահակյանը, որը համաձայնեց դեսպանի ծանր ու պատասխանատու աշխատանքին, Արթուր Բաղդասարյանը, որը, հանուն երկրի կայունության ու առաջընթացի, և ամենակարևորը` հանուն Եվրոպական արժեքների, վտանգելով իր կյանքը` հանդիպեց Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցին և Հայաստանի պետական գաղտնիքները նրան հայտնելով`Ռոբերտ Քոչարյանի կողմից արժանացավ դավաճանի պիտակին, բայց չընկրկեց ու շարունակեց իր սկզբունքային ու տաժանակիր պայքարը և ստանձնեց ԱԽՔ-ի ոչ այնքան պատվաբեր տիտղոսը: Էլ չենք խոսում Վազգեն Մանուկյանի մասին. հանուն պետականության նա ստանձնեց Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը և մինչ օրս պաշտպանում է հանրությանը Ռուսական իմպերիալիզմից: Արարատ Զուրաբյանն էլ, մենակ չթողնելով զինակից ընկերներին, իր ծննդյան արարողության թամադա ընտրեց հանիրավի օֆշորային սկանդալում մեղադրվող և հանուն արևմտյան արժեքների Հայաստանի ամբողջ ոսկու պաշարը արտերկրում վաճառած Տիգրան Սարգսյանին:
Սերժ Սարգսյանի և վերոհիշյալ գործիչների ազգափրկիչ մղումները ուրանալով, որոշ ընդդիմադիրներ ամեն ինչ անում են, որպեսզի վարկաբեկեն այս ամբողջ ազնիվ ու եվրոպամետ գործընթացը և Հայաստանը կտրեն Եվրոպայից:
Միանգամից եմ ասում, որ դա նրանց չի հաջողվի, քանզի մեծն առաջնորդ Սերժ Սարգսյանը` իր զորանոցում ունենալով այսքան սկզբունքային, անդավաճան, բյուրեղյա մաքրությամբ ու ամենակարևորը` արևմտյան արժեքներ դավանող գործիչների, թույլ չի տա ռուսներին` հասնել իր նպատակին և, ամենափրկիչ Արևմուտքի օգնությամբ, Ռուսաստանին դուրս կմղի տարածաշրջանից` Հայաստանը դարձնելով ոչ միայն տարածաշրջանի, այլեւ` ողջ մայրացամաքի ամենաժողովրդավարական երկիրը:
Լեո Փանջունի
‘