‘Սերժ Սարգսյանը խառնվել է համալիրի գործին. «Ժողովուրդ»’

2133

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ նոր աղմկալի բացահայտումներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին համալիրի տնօրեն Բորիս Մուրադյանը փորձում է լեզու գտնել կառավարության հետ՝ գոնե համալիրի տնօրենի պաշտոնը պահպանելու համար:

Կռիվ կինոյի սկիզբը

Հիշեցնենք, որ պատմամշակութային հուշարձանի շուրջ հյուսված խառնիփնթոր պատմության ակունքները գալիս են 2005 թվականից: Այդ տարի ՀՀ կառավարությունը որոշեց համալիրի շենքը 5,7 միլիոն դոլարով վաճառել ԲԱՄՕ (Բորիս, Հակոբ, Մուրադ, Հովհաննես Մուրադյան եղբայրներին պատկանող) ընկերությանը: ԲԱՄՕ-ն ռուսական ընկերություն է, որը հիմնադրել են մարտունեցի Մուրադյան եղբայրները:  Ընկերությունն այդ ժամանակ նորոգեց Մարզահամերգային համալիրը, եւ այն վերաբացեց 2008 թվականին՝ հայտարարելով, որ ծախսել է մոտ 42 միլիոն դոլար:

Ավելի ուշ Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: ՀՀ կառավարությունն էլ որոշել էր ընդառաջել ներդրումներ կատարած Մուրադյաններին եւ տրամադրել էր խոշոր վարկը՝ 2009-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը տալով ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Սակայն երկու տարի անց՝ 2011-ից սկսած, ԲԱՄՕ-ն սկսեց թերանալ վարկային վճարումների հարցում: Գործադիրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնեցին, որ այս ընթացքում Մուրադյան եղբայրները մի քանի անգամ Սերժ Սարգսյանին, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրել են ժամանակ տալ՝ պարտքը մարելու: ՀՀ իշխանության բարձրագույն օղակներում որոշել են ընդառաջել ԲԱՄՕ-ին եւ անընդհատ երկարաձգել են կոշտ քայլերի գնալու մասին որոշման ընդունումը: Եվ այսպես՝ մոտ 3 տարի: Այնուհետեւ Սերժ Սարգսյանն անձամբ է հրահանգել մարզահամերգային համալիրը «վերցնել» ԲԱՄՕ-ի ձեռքից՝ պարտքի դիմաց: Դրա համար էլ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն այս տարի հետեւողականորեն աճուրդի դրեց համալիրի շենքը եւ գնորդ չլինելու պատճառով ՀՀ կառավարության որոշմամբ շինությունն անցավ ՊՆ-ի տիրապետության տակ:

ՊՆ-ն «քցել» է  համալիրին

Իսկ ինչո՞ւ են Մուրադյան եղբայրները հայտնվել ֆինանսական ծանր կացության մեջ: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Մուրադյան եղբայրների՝ ՌԴ-ում գտնվող ԲԱՄՕ ընկերությունը շինարարական խոշոր մրցույթներում հաղթող է ճանաչվել։ Ավելին՝ Մուրադյանները մեծ ծավալի շինաշխատանքների մրցույթում շահել են ոչ միայն Մոսկվայում, այլեւ Սոչիում՝ 2014 թվականի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ծրագրի հետ կապված։ Սակայն նկատենք, որ շինաշխատանքների այս գործընթացում եղբայրները Ռուսաստանում հայտնվել են դատական քաշքշուկների մեջ՝ աշխատակիցների աշխատավարձերը ժամանակին չվճարելու համար:

Բացի այդ, ԲԱՄՕ ընկերության ֆինանսական դժվարությունները կապված են նաեւ Հայաստանի ու հենց համալիրի հետ: Իրականում որոշ հանգամանքներ եւս նպաստել են, որ համալիրն այսօր կանգնի լուրջ պարտքերի առաջ: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՄՀՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն ասաց, որ մինչ ԴԱՀԿ-ի կողմից համալիրի  կապարակնքումը, Պաշտպանության նախարարությունը միջոցառում է կազմակերպել համալիրում, սակայն չի վճարել անհրաժեշտ գումարը. «Ընդհանուր առմամբ ՊՆ-ն համալիրին պարտք է մոտ 60 միլիոն դրամ եւ այդ գումարը կուտակվել է մի քանի միջոցառումներ կազմակերպելու արդյունքում»: Հետաքրքիր է՝ ՊՆ-ն այդ միջոցառման կազմակերպման համար պետբյուջեից գումար դուրս գրե՞լ է, որտե՞ղ են գնացել այդ փողերը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Լուրջ թեմա և դատարկ խոսք’
Հաջորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’