‘
Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները: Այդ հարցի համար ստեղծված աշխատանքային խումբը «ճանապարհային քարտեզ» կներկայացնի արդեն այս դեկտեմբերին, ըստ РИА-Новости-ի, հայտարարել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
Նախօրեին Մինսկում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը` անդամ երկրների ղեկավարների գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են ՄՄ Հայաստանի անդամագրվելու հեռանկարները:
Շուվալովի խոսքով, կայացած նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը խնդրել է Մաքսային միության ղեկավարներին` հնարավորություն տալու հանրապետությանը հնարավորինս արագ վավերացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Ընդ որում, նա նշել է, որ, ի տարբերություն Ղրղզստանի, որը խնդրել է ՄՄ մտնելիս որոշակի վերապահումներ անել, Հայաստանը պատրաստ է ամբողջովին ընդունել բոլոր համաձայնագրերը:
Շուվալովը մեջբերել է հայկական կողմի հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանի իշխանությունները «պատրաստ են ողջ ծավալով, առանց որեւէ վերապահման միանալ ողջ իրավա-պայմանագրային բազային եւ պահպանել բոլոր նորմերը»:
‘