‘Սերժ Սարգսյանը «խորացել է» 12 կետանոց պահանջների «լեզվաշարադրության» մեջ’

1729

Սերժ Սարգսյանը այսօր Հանրայինի եթերում հայտարարել է, թե ծանոթացել է ԱԺ ոչ իշխանական քառյակի կողմից ներկայացված 12 կետանոց պահանջներին և, ուշադրություն, կարծում է, թե փաստաթուղթը կազմողները «մի քիչ շտապողականություն են ցուցաբերել ու որոշակի լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել»: Tert.am-ի փոխանցմամբ, Սարգսյանն ասել է, թե եթե քառյակի նպատակը համագործակցությունն է, ապա նման փաստաթղթերից պետք է բացառվեն «պարտադրում ենք», «պահանջում ենք» բառերը:

«Ես համզված եմ, որ ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որ միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները: Ես արդեն հորդորել եմ իմ կուսակից ընկերներին, Կառավարությանը՝ ուշադրությամբ ուսումնասիրել ու կատարել հետևյալ գործողությունները՝ այն հարցերը, որոնք ներառված են մեր ծրագրերում՝ իմ նախընտրական ծրագրում կամ Կառավարության արդեն հաստատված ծրագրում, ապա պետք է արագ առաջ տանել, բացատրել մեր ընդդիմադիրներին, թե այս ուղղություններում մինչև ուր ենք շարժվելու: Երկրորդ՝ այն հարցերը, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ, պետք է քննարկվեն հեղինակների հետ և գան ընդհանուր հայտարարի»,- ասել է Սարգսյանը` հավելելով, թե այն հարցերը, որոնք իրենց կարծիքով՝ իրատեսական չեն լինի, ընդդիմախոսներին կբացատրվի, թե ինչու և ինչ հետևանքների կարող է բերել, եթե խնդիրները լուծվեն այնպես, ինչպես մտածում են ընդդիմադիրները:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան-Հարավային Կորեա. Կհաղթի՞ արդյոք Կապելոն’
Հաջորդ հոդվածը‘ Բրազիլիա-Մեքսիկա. Գոլազուրկ ոչ ոքի (տեսանյութ)’