‘Սերժ Սարգսյանը կոչ է արել ՀԱՊԿ անդեմ-երկրներին ԼՂ հարցում չեզոքություն պահպանել ‘

874

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, հայտնում է president.am-ը:

Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանի մարտահրավերներին` Սարգսյանն ընդգծել է, որ շարունակում է տարածաշրջանի անվտանգության լրջագույն մարտահրավեր մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը. «Այն դրսևորվում է բանակցային գործընթացի տրամաբանությանը հետևելու՝ ադրբեջանական իշխանությունների դժկամության կամ անկարողության մեջ, որը բավականին հստակ շարադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների բազմաթիվ հայտարարություններում: Նույնիսկ, թվում է թե ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և դիպուկահարների հետքաշումը տորպեդահարվում է պաշտոնական Բաքվի կողմից:

Մենք համոզված ենք, որ գոյություն ունեցող հակամարտությունների լուծման առումով միակ և անայլընտրանք ճանապարհը բանակցություններն են: Ելնում ենք նրանից, որ կողմերի միջև զինադադարի հասնելուց հետո, հատկապես, երբ այն պահպանվում է արդեն 18 տարի, ռազմական գործողությունների վերսկսումը և նույնիսկ այդպիսի վերսկսման սպառնալիքը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ուղղակի խախտում է, դա ամենաանհեռատես ճանապարհն է դեպի բռնության, ատելության, արյունահեղության նոր ալիքի: Այդպես խնդիրները չեն լուծվում, այլ դառնում են ավելի բարդ:

Ադրբեջանական քարոզչությունը մի ամբողջ սերունդ է դաստիարակում այլատյացության և անհանդուրժողականության մթնոլորտում: Իմ խոսքերի հաստատումը վախկոտ և փոքրոգի մարդասպանի անվան շուրջ հերոսի կերպարի ձևավորումն է, ով հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքվին: Նա անմիջապես ներման և արտահերթ զինվորական կոչման արժանացավ և նրան միանվագ աշխատավարձ վճարվեց հունգարական բանտում անցկացրած տարիների համար: Այսպիսով, հայ սպանելը Ադրբեջանում այսուհետ հանցագործություն չի համարվում: Եվ սա 21-րդ դարում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունում:

Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ քաղաքականությունը: Նա բորբոքում է սպառազինության տարածաշրջանային մրցավազք և քարոզում է թշնամություն: Ադրբեջանի նախագահը բացահայտորեն հայտարարում է, որ ամբողջ աշխարհի հայերը Ադրբեջանի թշնամիներն են, իսկ Երևանը, որը շուտով կնշի իր 2800-ամյակը, հին ադրբեջանական հող է: Նա հայտարարում է, որ զինադադարի ռեժիմի խախտումը վարքագծի կանոն է, քանի որ պատերազմը դեռևս չի ավարտվել՝ մոռանալով, թե ով է խնդրել և առաջինը ստորագրել այդ զինադադարը»,- իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը:

Նա անդրադարձել է նաև ՀԱՊԿ շրջանակներում անդամ պետությունների արմատական շահերի վերաբերյալ արտաքին քաղաքականության հարցերում մոտեցումների համադրման կարևորությանը:

«Կազմակերպության արդյունավետ և լիարժեք գործելու համար մենք պետք է պահպանենք հիմնարար սկզբունքները, որոնք դրված են Մինսկի մեր իսկ հայտարարության մեջ, ըստ որի ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ՝ ի համեմատ այն երկրների հետ շփումների, որոնք Պայմանագրի մեջ չեն մտնում»,- ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ ասել է ՀՀ նախագահը:

 Նա անդրադարձել է նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, Մերձավոր Արևելքում առկա լարված իրավիճակին և ներկայացրել մեր երկրի դիրքորոշումները:

«ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն մոտ տարածաշրջաններում իրադարձությունների վերլուծությունը լավատեսական կանխատեսումների հիմք չի տալիս: Դա և՛ Աֆղանստանն է, և՛ Իրանի շուրջ աճող լարվածությունը, և՛ Սիրիայում իրավիճակը: Այնտեղ շարունակվող զինված առճակատումը ապակայունացնում է ամբողջ Մերձավոր Արևելքը:

Սիրիայում ապրում է հայկական մեծ համայնք: Նրանք այն մարդկանց երեխաներն ու թոռներն են, ովքեր հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից: Տասնյակ հազարավոր հայեր դարձել են սիրիական հասարակության անքակտելի մասը՝ իրենց ներդրումն ունենալով այդ երկրի զարգացման ու ամրապնդման գործում: Արդեն Հայաստան են եկել ավելի քան վեց հազար սիրիահայեր, և այդ հոսքը մեր կանխատեսումներով կաճի: Մենք կօգնենք Սիրիայի հայերին և՛ Հալեպում, և՛ Երևանում: Հայաստանը հանդես է գալիս արյունահեղության անհապաղ դադարեցման և հենց սիրիացիների կողմից հարցերի խաղաղ կարգավորմանը հասնելու դիրքերից»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Ըստ աղբյուրի, Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախորդ հոդվածը‘Վահան Հովհաննիսյան. Քաղաքական ուժերի նկատմամբ գաղտնալսումը հանցանք է ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Օբաման «ընկնում է» «Սփայդերմենի ցանցը» ‘