‘
Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են ՀՀ կառավարության անդամները և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքով ստեղծված անկախ հանձնաժողովների, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի և Վճռաբեկ դատարանի նախագահները, ՀՀ մարզպետները: Այդ մասին տեղեկացնում է president.am կայքը:
Նիստի սկզբում, ինչպես եւ ակնկալելի էր՝ Սարգսյանը ընտրական մեխանիզմների հետագա կատարելագործման աշխատանքների կազմակերպման տեսանկյունից կարևորել է 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններում արձանագրված երկու ձեռքբերում. առաջինը` միջազգային հանրության գերազանցապես դրական արձագանքը և երկրորդը՝ ընտրությունների անցկացումը առանց ատելության մթնոլորտի:
«Հիմա շատ կարևոր է, էական է որպեսզի մենք չթուլանանք, կանգ չառնենք, այլ մեր ամենօրյա ակտիվ աշխատանքով ամրապնդենք արդեն ձեռք բերածը: Ընտրությունների ավարտով ընտրական մեխանիզմի կատարելագործումը չի ավարտվում, ընդհակառակը՝ մենք հիմա պարտավոր ենք ամփոփել միջազգային դիտորդների կողմից արված առաջարկները, դիտողությունները, պարտավոր ենք հատիկ առ հատիկ ուսումնասիրել մամուլում և սոցիալական ցանցերում եղած նյութերը և, բնական է, որ այստեղ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն օրենսդիր, գործադիր իշխանությունները, այլ նաև իրավապահները»,-հայտարարել է Սարգսյանը:
Ավելին, նիստի արդյունքում Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, հանձնարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Սարգսյանին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի հրապարակումից հետո վերսկսել Ընտրական օրենսդրության և ընթացակարգերի բարեփոխման աշխատանքային խմբի գործունեությունը` ըստ անհրաժեշտության աշխատանքային խմբի կազմում ապահովելով քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մասնակցությունը:
Վերսկսել ասելով, խոսքը այստեղ այն աշխատանքային խմբի մասին է, որը իբրեւ թե ստեղծվել էր 2012-ի օգոստոսին, սակայն, որի ստեղծման եւ գործունեության վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չէր հաղորդվել: Խմբի գոյությունը փակ էր պահվել: Ավելին, իշխանությունները խմբի ստեծման հրամանագիրը չհրապարակելը բացատրել էին նրանով, թե Սերժ Սարգսյանի ոչ բոլոր հրամանագրերն են հրապարակվում: Այդ պարագայում պարզ չէ, թե ի՞նչ կարիք կար ընտրություններից հետո մի ամբողջ ԱԽ խորհրդակցություն հրավիրել՝ նշյալ աշխատանքային խմբի հետ կապված:
‘