‘Սերժ Սարգսյանը մեղադրում է Ադրբեջանին պատերազմի սպառնալիք ստեղծելու մեջ. Reuters ‘

793

Սերժ Սարգսյանը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի տարածքում նոր պատերազմի սպառնալիք ստեղծելու մեջ:

Ադրբեջանը «ահռելի քանակությամբ» զինամթերք է հավաքում պատերազմի վերսկսման համար,  մինչդեռ  Հայաստանը ցանկանում է հակամարտության խաղաղ կարգավորում և ջանքեր չի խնայի դրան հասնելու համար,- նշել է Սարգսյանը Reuters-ի հետ հարցազրույցում:

«Այժմ՝ հրադադարի համաձայնագիրը ստորագրելուց 18 տարի անց, Ադրբեջանը նոր պատերազմով է սպառնում», — ասել է Սարգսյանն ու հավելել. «Երբ ես ասում եմ, որ Ադրբեջանում հայատյացություն կա, երբ ես ասում եմ, որ կա զինամթերքի վտանգավոր պաշար, երբ ասում եմ, որ Ադրբեջանը  նախապատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանը և հակամատության՝ ռազմական ճանապարհով լուծմանը, դա ամենևին չի նշանակում, որ կարիք չկա շարունակելու բանակցությունները»:

Reuters-ը հիշեցնում է, որ երկու երկրների միջև հարաբերությունները էլ ավելի լարվեցին, երբ Հունգարիան Ադրբեջանին հանձնեց 2004-ին հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջանում ներման արժանացավ: Դա ցույց տվեց, որ 160.000 մարդկանցով բնակեցված Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել:

«Դա վերահաստատում է մեր այն տեսակետը, որ Ղարաբաղը ապագա չունի Ադրբեջանի կազմում: Մենք կասկած չունենք, որ Ադրբեջանի նպատակը ռազմական ճանապարհով իրավիճակը փոխելն է, և միակ կանխարգելիչ մեխանիզմը հայկական զինված ուժերի պատրաստությունն է»:

Reters-ը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ավելի հզոր զինամթերք ունեն, քան 20 տարի առաջ էր, և պատերազմը կարող էր տարածվել, եթե վնասվեին ադրբեջանական նավթն ու գազը Թուրքիայի միջոցով Եվրոպա հասցնող խողովակաշարերը, կամ վնասվեր Հայաստանի ատոմակայանը:

Reuters-ը հիշեցնում է, որ Հայաստանը հավաքական անվտանգության համաձայնագիր ունի Ռուսաստանի, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ։

Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները տարիներ շարունակ միջնորդական առաքելություն են իրականացնում ԵԱՀԿ շրջանակներում, սակայն ուղղակի շփումը Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հարցի վերաբերյալ դադարել է՝ ադրբեջանցի սպային ներում շնորհելուց հետո:

Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորմանը լուծում գտնելու համար։
 

Ըստ նրա՝ Ադրբեջանը խախտում է եվրոպական պայմանագրերը, որոնցով սահմանափակվում է կոնկրետ երկրի զենքի թույլատրելի քանակը։ Տեսուչները տեղյակ են իրավիճակին, սակայն «ոչ մի գործողություն չեն ձեռնարկում»: 

Թղթակցի հարցին, թե արդյոք վստա՞հ է, որ կտեսնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ վստահ է։

«Առնվազն հույս ունեմ, որ ես երբեք չեմ տեսնելու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա ինքնին հսկայական հաջողություն է», – ընդգծել է նա։

Նախորդ հոդվածը‘Հալեպի մարտերը Reuters-ի ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Պրահայի օդանավակայանն անվանափոխել են՝ ի պատիվ Վացլավ Հավելի’