‘Սերժ Սարգսյանը նահանջում է ‘

2609

Հունիսի 17-ին Հ-1-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի ներքաղաքական ուղերձների հատվածը բավականին պարզ էր՝ ի տարբերություն հարցազրույցը վարող Նվեր Մնացականյանի տարօրինակ կիսաժպիտի՝ գրեթե ողջ հաղորդման ընթացքում (չնայած՝ ինչո՞ւ տարօրինակ որ, լա՛վ էլ ինֆորմատիվ ժպիտ էր): Համառոտ կերպով Սարգսյանի ուղերձը մոտավորապես հետեւյալն էր՝ ա. սահմանադրական փոփոխությունների գործընթացն առայժմ դանդաղեցվում է, բ. ընդդիմությանն առաջարկում ենք բանակցություններ՝ սահմանադրականին համաձայնելու դիմաց, իքս քանակի եւ որակի զիջումներ, որոնց ցանկը կարող ենք ճշտել: Սա՝ համառոտը, իսկ հիմա՝ մի փոքր ավելի մանրամասն:

Վերլուծման բանալին

Կարիք չկա այլեւս բացատրելու, որ Սերժ Սարգսյանի ներկայիս թիվ մեկ ռազմավարական խնդիրը սահմանադրական փոփոխությունների փաթեթի անցկացումն է: Ինքը Սերժ Սարգսյանը բազմիցս առիթներ տվել է դա հասկանալու համար: Կարիք չկա նաեւ հավելյալ անգամ հիշեցնելու, որ այդ փոփոխությունների փաթեթի նպատակը ոչ թե վերացական պետական շահերն են, այլ Սերժ Սարգսյանի իշխանությունը 2018-ից հետո երկարաձգելը: Սրա մասին շատ է խոսվել ու փաստարկվել: Եւ որեւէ հակափաստարկ, ի դեպ, չի էլ բերվել, ու ոչ ոք չի վիճարկել, որ դա այդպես է: Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի ներքաղաքական ուղերձն էլ, ուրեմն, այս բանալիով է պետք հասկանալ:

Սերժի «լեզվաշարադրության» առանձնահատկությունները

Նախ՝ Սերժ Սարգսյանը, ստիպված լինելով կիրառել ականջից բավականին ձգված հնար, ընդդիմության 12 պահանջները մեկնաբանեց որպես, իբր, համագործակցության առաջարկ՝ ուղղված իշխանությանը: Իբր՝ այդ պահանջները կազմողներն իրենք չեն հասկացել, թե ինչ են ուզեցել՝ ցանկացել են համագործակցություն, բայց, չգիտես ինչու, գրում են «պահանջ»: Պարզ է, որ սա՝ ա. չափից ավելի բռնազբոսիկ մեկնաբանություն է, բ. գիտակցված «մուտիտ է», գ. քաղաքական առաջարկ է: Ինչպե՞ս:

Բռնազբոսիկ մեկնաբանություն է, քանի որ, նախ՝ ընդդիմության 12 կետերում ոչ մի տեղ չի խոսվում համագործակցության կամ նման որեւէ բանի մասին, այլ ասելիքը շատ հստակ ձեւակերպված է որպես պահանջ: Երկրորդ՝ դրանք ժամկետ ունեցող պահանջներ են՝ հրապարակային գործողությունների հստակ արտահայտված նպատակով: Որպես ժամկետ ունեցող պահանջներ՝ դրանք ոչ թե համագործակցության առաջարկ են, այլ, փաստացի՝ վերջնագրային բնույթ ունեցող կետեր: Երրորդ՝ վերջնագիրն ուղղված է Սերժ Սարգսյանին, թեեւ 12 կետերում դա ուղիղ ասված չէ, բայց հասկանալի է, որ դա բխում է փաստաթղթի ողջ տրամաբանությունից եւ քաղաքական իրավիճակից: Չորրորդ՝ պարզ է, որ եթե պահանջները չկատարվեն, ապա գործընթացի տրամաբանությունը թելադրում է ընդդիմությանն անցնել ավելի կոշտ պահանջների եւ գործողությունների կամ նահանջել՝ անորոշ հեռանկարներով: Միով բանիվ՝ եթե 12 պահանջը համագործակցության կոչ է, ապա այդ դեպքում համագործակցության կոչ կարելի էր համարել նաեւ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջը, ինչպես նաեւ ապագայում հենց իր՝ Սերժի հրաժարականի պահանջը:

Գիտակցված «մուտիտ է», քանի որ պարզ է, որ վերջնագրային պահանջները հեռուստատեսային լսարանին որպես համագործակցության կոչ մեկնաբանելով եւ այդ չեղած կոչին էլ իբր համաձայնելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է ապակողմնորոշել հանրությանը եւ տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունն իրեն բանակցելու կոչ է անում, ինքն էլ, որպես բարի ձաձա, դեմ չէ:

Քաղաքական սակարկության առաջարկ է, որովհետեւ մեկնաբանելով ընդդիմության պահանջները որպես համագործակցության առաջարկ եւ հանուն դրա բերելով ծայրահեղ անհամոզիչ եւ արհեստական, իբր՝ «լեզվաշարադրական» սխալի փաստարկը՝ Սերժը, փաստորեն, ինքն է անում բանակցության առաջարկ ընդդիմությանը, ինչը հաստատվում է ե՛ւ նրա հետագա խոսքի ընթացքով, ե՛ւ «լեզվաշարադրական» առանձնահատկություններով: Փաստորեն, Սերժը լավ էլ հասկանում է 12 կետի վերջնագրային բնույթը, հասկանում է նաեւ այն, որ այս պահին նա չի կարող նույն՝ վերջնագրային ոճով հակադարձել, հետեւաբար եւ առաջարկում է «համագործակցություն»՝ բանակցություն կամ սակարկություն: Ինչի՞ շուրջ:

Փորացա՛վդ ասա

Նախ՝ Սերժն ասում է, թե 12 կետերից մի քանիսը («նրանք, որոնք կան մեր ծրագրերում») կարող են կատարվել, մի քանիսը՝ ո՛չ («որոնք իրատեսական չեն»), եւ ընդդիմության հետ այդ ամենը քննարկվի: Կոնկրետ օրինակներ նա չի բերում: Պարզ է, որ «մեր ծրագրերի մեջ կան» ասելով՝ կարելի է հասկանալ ինչ ասես, ու ծրագիրը ո՛չ Սերժի, ո՛չ էլ ՀՀԿ-ի հիմնական դարդը չէ այս կյանքում: Նույնը վերաբերում է նաեւ իրատեսականին ու անիրատեսականին: Հանկարծ «Արմենիկումից» ավելի իրատեսական չլինի: Հետեւաբար՝ Սերժը թողնում է սակարկման առավելագույն լյուֆտ, ըստ էության՝ չի բացառում որեւէ կետի շուրջ սակարկում:

Երկրորդ՝ նա ասում է՝ քննարկենք նաեւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված առաջարկները՝ փորձելով, եւ այս անգամ էլ՝ բավականին արհեստականորեն, 12 կետերին կպցնել սահմանադրականի հարցը, այս անգամ էլ չկարողանալով թաքցնել իր հիմնական փորացավը: Այստեղից էլ պարզ է արդեն սակարկության թեման՝ զիջումներ ընդդիմության պահանջներին (առկա եւ ապագա)՝ սահմանադրական փոփոխություններին ընդդիմության համաձայնվելու դիմաց: Սա նորություն չէ, անշուշտ: Դեռեւս Տիգրան Սարգսյանի հրաժարականից եւ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելուց առաջ Սերժ Սարգսյանն անում է այս առաջարկը՝ հրապարակային եւ կուլիսային, բաց տեքստով եւ ակնարկներով, կարճ ասած՝ բոլոր հնարավոր ձեւերով: Իր առաջարկին համաձայնելու դիմաց՝ նա պատրաստ էր ժամանակին նույնիսկ կառավարություն ու վարչապետություն զիջել, սակայն ցայսօր բոլոր փորձերն ավարտվել են մերժմամբ: Հիմա Սերժը հերթական փորձն է անում:

Երրորդ՝ այն, որ խնդիրը հե՛նց սահմանադրականին համաձայնելու դիմաց ընդդիմությանը ինչ-ինչ զիջումներ անելն է, պարզ է դառնում եւ Սերժի հարցազրույցի հետագա ընթացքից՝ այն հատվածից հատկապես, որտեղ հաղորդավարը նրան ուղիղ հարց է տալիս սահմանադրականի մասին: Սերժ Սարգսյանը փաստացի ցրում է այս հարցի կոնկրետ, բովանդակային պատասխանը: Մասնագետները թող դեռ աշխատեն, ասում է նա, հետո քննարկենք քաղաքական ուժերի հետ, բացի այդ՝ նա կարեւոր է համարում, որ սահմանադրական բարեփոխումները քննարկվեն ոչ միայն Երեւանում (կարծես Երեւանում դրանք ինչ-որ մեկը քննարկում է), այլեւ մարզերում, ժողովրդական լայն զանգվածների մեջ (դե հիշում ենք, թե ինչպես էին սովետական սահմանադրությունները քննարկման դրվում լայն զանգվածների շրջանում, հավանության արժանանում եւ նույնիսկ, ո՜վ զարմանք՝ այսինչ կոլխոզի այսինչ կթվորուհու առաջարկն ընդունվում էր ՍՍՀՄ ԳԽ-ի կողմից՝ թանկագին ընկեր Բրեժնեւի առաջարկով[1]), եւ միայն դրանից հետո ինքը՝ Սերժ Ազատի Սարգսյանը, հանգամանալից կխոսի խնդրի շուրջ: Ի՞նչ է սա նշանակում:

Այրուձիով գրոհի տապալումը

Պարզ է, որ կթվորուհիների հետ սահմանադրական փոփոխությունների քննարկումը Սերժ Սարգսյանին հետաքրքրում է վերջին հերթին: Մասնագետները նույնպես միշտ էլ աշխատելու տեղ կունենան: Սերժն այստեղ կրկին առաջարկում է քաղաքական ուժերին «քննարկում» սահմանադրականի թեմայով: Իհարկե, կարելի է մարզահամերգայինում հավաքել ՀՀ-ում գրանցված բոլոր մեկ ու մեկուկեսհոգանոց կուսակցությունների ներկայացուցիչներին ու մի լավ քննարկել հարցը: Բայց պարզ է, որ խնդիրը դա չէ, այլ առավել խոշոր քաղաքական ուժերը: Սերժը վերահաստատում է «սակարկության» իր առաջարկը՝ թագավորության կեսը՝ սահմանադրականի դիմաց:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նահանջում է, գցում է տեմպը սահմանադրականի շուրջ, «հանգամանալից կխոսեմ հետո»՝ ասում է նա: Գարնանը նա շատ ավելի արագ տեմպ էր վերցրել եւ հույս ուներ հարցը լուծել «այրուձիու գրոհով» կամ «ձիու քայլով»: Չնայած գարնանային անհաջողությանը՝ Սերժը պահպանում էր արագ տեմպը, եւ սպասվում էր, որ ամռան ընթացքում նա զարկ կտա սահմանադրական գործընթացին: Ընդդիմադիր դաշտից բավականին հստակ եւ կոշտ հակադարձումներ եղան այս թեմայով, եւ, ինչպես երեւում է, Սերժը որոշել է հարցը թողնել «հետոյի»՝ մեջտեղ բերելով մասնագետների եւ կթվորուհիների «մահանան»: «Կանդրադառնամ հետո»՝ նշանակում է, որ հարցի մասին խոսելու իմաստ կլինի, եթե Սերժին հաջողվի համոզել խոշոր քաղաքական ուժերին համաձայնել իր առաջարկներին՝ որոշակի զիջումների դիմաց:

Իսկ սա նաշանակում է, որ՝ ա. Սերժն այս պահին իրեն բավականաչափ ուժեղ եւ վստահ չի զգում՝ իր հիմնական ռազմավարական քաղաքական խնդրում «չորով» առաջ գնալու համար, բ. ընդդիմության ճնշումն ուժեղ եւ արդյունավետ է, գ. Սերժին առայժմ չի հաջողվում լուծել իր իշխանության շարունակելիության խնդիրը 2018-ից հետո, հետեւաբար՝ Սերժի դիրքերը, որպես համակարգի պարագլուխ, թուլանում են հենց այսօր՝ այս ճանապարհով նա վերածվելու է անցումային ֆիգուրի նույնիսկ իշխանության ներսի ընկալմամբ: Իսկ իշխանությունում այն մարդիկ չեն հավաքված, որոնք հավատարմություն պահեն թուլացող ֆիգուրին, ինչը բազմիցս ապացուցել են:

Հաղթողը կորոշվի վերջնախաղում

Ի՞նչ պետք է եւ կարող են անել ընդդիմությունն ու հանրությունը: Հարցի պատասխանը պարզ է: Սերժ Սարգսյանն արդեն այնքան բացահայտ է վառվել սահմանադրականի թեմայով, որ անիմաստ է դառնում այդ հարցի քննարկումն իսկ: Այդքան բացահայտ շահագրգռվածություն ցուցաբերելուց հետո նա բոլորին հասկացրել է, որ սահմանադրական փոփոխություններն իր անձնական օրակարգի թիվ մեկ նպատակն են: Զարմանալի կլինի, եթե այդքանից հետո նա կարողանա իր համար քիչ թե շատ ընդունելի գնով ձեռք բերել իր ուզած ապրանքը:

Հետեւաբար՝ ընդդիմության խնդիրը մնում է նույնը՝ ավելացնել եւ ուժեղացնել ճնշումը, շարունակել ներկա գործընթացի տրամաբանությամբ ընթանալ եւ գործընթացները հասցնել տրամաբանական ավարտի՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության բացառում, իշխանական բուրգի շարունակական քայքայում, հանրային պահանջների կատարման պարտադրում, պահանջների հետագա ծավալում, հրապարակային գործողությունների միջոցով հասարակության ներգրավում քաղաքական գործընթացի մեջ եւ, ի վերջո, Հայաստանի քաղաքական համակարգի հեղափոխում: Դա դառնում է ավելի ու ավելի իրատեսական, թեեւ, իհարկե, թուլանալ եւ մտածել, որ, եթե Սերժը նահանջել է, ուրեմն՝ ամեն բան ավարտված է, եւ «ռեժիմը խուճապի մեջ է»՝ քաղաքականապես հասուն դիրքորոշում չէր լինի: Պայքարը շարունակվում է, եւ հաղթողը որոշվում է միայն ամենավերջում:

Հ.Գ. Կես կատակ-կես լուրջ՝ ավելացնեմ նաեւ հետեւյալը: Որպես Գերմանիայի հավաքականի Հայաստանի երկրպագուների կուսակցության մոլեռանդ անդամ 1986 թվականից՝ կարող եմ պնդել, թե չտեսնված բան է, որ մարդը միաժամանակ երկրպագի կամ համակրի ե՛ւ Բրազիլիայի, ե՛ւ Գերմանիայի հավաքականներին ֆուտբոլում: Սա «ե՛ւ- ե՛ւ» հարց չէ, այլ «կա՛մ-կա՛մ»: Միաժամանակ համակրել այդ երկուսին՝ նույնն է, թե միաժամանակ լինես ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի անդամ կամ, ասենք, լինես «քրիստոնյա հինդուիստ մահմեդական»:

Հրանտ Տեր-Աբրահամյան

 

 

[1] https://www.youtube.com/watch?v=mduGOGTI58A, մոտավորապես 3.00-ից սկսում է խոսել Բերժնեւը նոր սովետական սահմանդրության քննարկման մասին, իսկ 3.50 րոպեից Բրեժնեւը ներկայացնում է ՍՍՀՄ նոր սահմանադրության հետ կապված առաջարկները, մնացած 40-ից հետո էլ կարող եք դիտել՝ ըստ ձեր հայեցողության:

https://www.youtube.com/watch?v=XL_tROW9WQU սա էլ փաստագրական քարոզչական ֆիլմ՝ սովետական սահմանադրության, պետական իշխանության կառույցների եւ սովետական քաղաքացու իրավունքների պաշտպանության ու նրա ազատության ֆանտաստիկ մակարդակի մասին: Մի խոսքով, ի՛սկը Սերժ Սարգսյանի երազանքների իրականացում: 

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին. ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում նիստը տապալվեց. ՀՀԿ-ն քվորում չապահովեց’